Չարժե՞, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալ քաղաքական մանդատ տալու հարցը սառեցնի՝ մինչեւ գործի դատաքննությունը կավարտվի։
Մուղնի
Մամուլը եւ ֆեյսբուքը քննարկում են «գերկարեւոր հարցը»՝ ընդդիմությունը «վերցնի՞ մանդատները, թե՞ ոչ»։ Իսկ իրավապահ մարմինները հերթական հաղորդագրությունն են ուժգին տարածում, որ պատգամավորության թեկնածուներ են կալանավորվել, կաշառք տալու-ստանալու կասկածանքով նոր քրեական գործեր են հարուցվել։ Խոսքը տասնյակ անձանց, հարյուրից ավելի քրեական գործերի մասին է։ Եւ ոչ ոք հարց չի բարձրացնում․ «Իսկ եթե կուսակցոության կամ դաշինքի պատգամավորության թեկնածուն կաշառք տալու մեղադրանքով կալանավորվել է, չարժե՞, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալ քաղաքական մանդատ տալու հարցը սառեցնի՝ մինչեւ գործի դատաքննությունը կավարտվի»։

Օրենքի գերակայության երկրում ԿԸՀ‑ն այդպես էլ կվարվեր։ Բայց Հայաստանի Ընտրական օրենսգիրքը իրավական նման կարգավորում, կարծես, չի նախատեսում։ Եւ ստացվում է, որ մի քաղաքական ուժի նախընտրական ցուցակի երկրորդ դեմքը «պետական դավաճանության» մեղադրանքով կալանավորված է, իսկ կուսակցությունը պետք է մանդատ ստանա, մտնի խորհրդարան եւ վարչապետի իմպիչմենտի գործընթաց սկսի։
Կամ ինչպե՞ս կարող է կուսակցությունը զերծ լինել կաշառք տալուց, եթե ԱԺ պատգամավորության նրա թեկնածուն «կաշառատու է»։
Իհարկե, անմեղության կանխավարկածը սրբորեն պետք է հարգվի։ ԿԸՀ‑ն նրան մանդատ կտա, երբ դատարանը կապացուցի, որ նա «անմեղ է»։ Բայց մինչ այդ նրա գործընկերները չեն կարող ԱԺ ամբիոնից խոսել օրինականության եւ ժողովրդավարության մասին։ Ավելին, իրավունքի ուժի գերակայության երկրում դատարանը, քանի դեռ ընթանում է կաշառք տալու գործերով դատաքննություն, քաղաքական այդ ուժի հրապարակային գործունեությունը կսառեցներ։

Հեշտ է ասել «պետության համը բերաններում կմնա», դժվար է իրականում օրենքի եւ արդարության «դիկտատուրա» հաստատել, որովհետեւ Հայաստանի հանրությունը դեռ «թագավոր տղայի պաշտամունք» ունի։
Մուղնի
Վերոնշյալ գրառումը՝ Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
