Հայաստանը աստիճանաբար վերածվում է տարածաշրջանային խաչմերուկի և վերագտնում է իր պատմական դերը։ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում նվազում է, և հնարավոր է՝ ավարտին է մոտենում այն պատմական շրջանը, որը սկսվել էր 18-րդ դարից Ռուսաստանի տարածաշրջանային ներկայությամբ։
Կայծ Մինասյան
1inTV‑ն զրուցել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի համակարգային վերափոխումը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ առանցքային թեման ինքնիշխան պետականության ամրապնդումն է՝ ի հեճուկս Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական ու հիբրիդային ճնշումների։ Քննարկումների միջոցով բացահայտվում է անցումը հին, կախյալ մոդելից դեպի մի նոր իրողություն, որտեղ լեգիտիմ իշխանությունը փորձում է չեզոքացնել ներքին սպառնալիք հանդիսացող պրոքսի ուժերին և վերակողմնորոշել երկրի արտաքին առևտուրն ու անվտանգությունը դեպի Արևմուտք և Եվրամիություն։ Զրույցի նպատակն է հիմնավորել, որ Հայաստանը հաղթահարում է իր պատմական կախվածությունը Մոսկվայից՝ կառուցելով ժողովրդավարական ինստիտուտներ և ընդլայնելով ռազմավարական գործընկերությունը միջազգային նոր հարթակներում։
Կայծ Մինասյանը նշեց, որ Հայաստանի քաղաքական համակարգը գտնվում է խորքային փոփոխության փուլում։ Նրա կարծիքով՝ մինչև 2018թ․Հայաստանում գոյություն ուներ «փխրուն համակարգ», որտեղ հասարակության և իշխանության միջև փոխվստահություն չկար, հետևաբար բացակայում էր նաև սոցիալական պայմանագիրը։

Մինասյանի դիտարկմամբ՝ 1991–2018թթ Հայաստանում գոյություն ուներ «ռեժիմ առանց իրական իշխանության»՝ regime without power։ Նրա խոսքով՝ 2018-ից հետո սկսվել է նոր փուլ, և վերջին ընտրությունները հաստատել են, որ երկիրը մտել է նոր քաղաքական համակարգի մեջ։ Քաղաքագետը կարծում է, որ այսօր արդեն ձևավորվում է իշխանություն, որը հիմնված է ժողովրդի և պետական կառույցների միջև վստահության վրա։ Ըստ նրա՝ սա է հիմնական տարբերությունը նախկին և ներկա համակարգերի միջև։ Կայծ Մինասյանն ասաց, որ նախկին քաղաքական և արտաքին դերակատարները դժվարությամբ են ընդունում այս փոփոխությունները, քանի որ սովոր էին գործ ունենալ ոչ թե պետական, այլ իշխանական Հայաստանի հետ։ Նա նաև ընդգծեց, որ նախկինում Հայաստանը փաստացի ավելի շատ կայսերապաշտական համակարգի մաս էր, քան ինքնիշխան պետություն։ Մասնագետի գնահատմամբ՝ երկիրը հաճախ սպասարկում էր ոչ թե սեփական, այլ ռուսական շահերը։
Մինասյանը կարծում է, որ Ռուսաստանը դժվարանում է հասկանալ նոր իրականությունը, քանի որ այժմ ձևավորվում է պետական համակարգ, իսկ Մոսկվան սովորաբար չի ընդունում իր հարևանների ուժեղ և ինքնիշխան պետականությունը։ Ռուսաստանը հիմնականում հենվում է ռուսամետ ուժերի և նախկին քաղաքական էլիտաների վրա, որոնք, իր բնորոշմամբ, պատկանում էին «կայսերապաշտական Հայաստանի» գաղափարին։ Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է իրականացնի մի շարք համակարգային բարեփոխումներ։ Առաջինը, ըստ Մինասյանի, քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունն է։ Երկրորդը՝ քաղաքական կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումը, քանի որ, ինչպես նա ասաց, անընդունելի է, երբ քաղաքական ուժերը ֆինանսավորվում են դրսից։

Քաղաքագետը նաև քննադատեց մեկ անձի շուրջ կառուցված կուսակցական համակարգը՝ նշելով, որ բազմաթիվ փոքր կուսակցությունների առկայությունը ժողովրդավարության ցուցիչ չէ, այլ քաղաքական մասնատվածության հետևանք։ Կայծ Մինասյանը կարծում է, որ փոքր քաղաքական ուժերը պետք է սովորեն համագործակցել և ձևավորել ավելի լայն դաշինքներ, քանի որ առանձին մասնակցելով՝ հաճախ ստանում են չափազանց փոքր արդյունքներ։ Նա կարևորեց նաև ընտրական օրենսգրքի փոփոխությունը՝ նշելով, որ գործող համակարգը չափազանց բարդ է և պահանջում է պարզեցում ու հստակեցում։
Ռուսաստանը Հայաստանի վրա ազդեցության նվազմանը սովորաբար արձագանքում է ճնշումների ուժեղացմամբ։ Նրա խոսքով՝ որքան նվազի Ռուսաստանի ազդեցությունը, այնքան արագ կփոխվի Հայաստանի պատմական ընթացքը։Քաղաքագետը գնահատեց, որ մի շարք ընդդիմադիր ուժեր հայտնվել են փակուղում։ Նրա կարծիքով՝ նրանք մի կողմից չեն ցանկանում հրաժարվել մանդատներից, մյուս կողմից՝ չեն վստահում փողոցային պայքարի արդյունավետությանը։ Ընդդիմադիր ուժերը նաև չեն ցանկանում ամբողջությամբ նույնացվել Ռուսաստանի հետ, քանի որ դա կարող է նրանց վերածել արտաքին ուժի գործիքի։

Նա հատուկ ընդգծեց «պատասխանատվության» գաղափարը՝ ասելով, որ Հայաստանի հասարակությունը հաճախ ավելի պատասխանատու և հասուն է, քան քաղաքական վերնախավը։ Քաղաքագետը քննադատեց Հայաստանի նախկին նախագահներին՝ նշելով, որ նրանց քաղաքական վարքագծում հաճախ բացակայում է պետական պատասխանատվությունը։ Նա օրինակ բերեց այն փաստը, որ որոշ նախկին նախագահներ չեն մասնակցել ընտրություններին կամ պետական կարևոր միջոցառումներին։ Եվրոպացիները բարձր են գնահատում այն հանգամանքը, որ Հայաստանը բարդ տարածաշրջանային պայմաններում կարողացավ կազմակերպել մրցակցային և կայուն ընտրություններ։

Նա կարծում է, որ Հայաստանը աստիճանաբար վերածվում է տարածաշրջանային խաչմերուկի և վերագտնում է իր պատմական դերը։ Մինասյանը նաև նշեց, որ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում նվազում է, և հնարավոր է՝ ավարտին է մոտենում այն պատմական շրջանը, որը սկսվել էր 18-րդ դարից Ռուսաստանի տարածաշրջանային ներկայությամբ։
Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի կայսերապաշտական քաղաքականությունից և կենտրոնանա սեփական ներքին զարգացման վրա։ Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը հանգեցրել է հակառակ արդյունքների․ ՆԱՏՕ-նուժեղացել է, իսկ Ռուսաստանի ազդեցությունըհարևանների նկատմամբ նվազել։
Կայծ Մինասյանը Ռուսաստանին անվանեց ավելի քիչ վստահելի գործընկեր՝ նշելով, որ Մոսկվան խնդիրներ է ունեցել հարաբերություններում տարբեր գործընկերների հետ։
Անդրադառնալով «3+3» ձևաչափին՝ նա կարծիք հայտնեց, որ եթե ԱՄՆ-Իրան հարաբերություններում իրական առաջընթաց գրանցվի, ապա այդ ձևաչափի կենսունակությունը կարող է էապես նվազել։
Մինասյանի դիտարկմամբ՝ Թուրքիան առաջնորդվում է սեփական շահերով և հաշվի է առնում Ռուսաստանի թուլացումը։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական գործընթացին՝ քաղաքագետը նշեց, որ կողմերը փորձում են ցույց տալ խաղաղության ձգտում, սակայն դա դեռ չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են։ Անհրաժեշտ է շարունակել սահմանազատման գործընթացը և առաջ շարժվել խաղաղության օրակարգով։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
