Այս համատեքստում արտառոցը քվեարկության պաշտոնական արդյունքները չեն, այլ՝ թե ինչու՞ ընդամենը երեք հազար ձայն ստացած ՀԱԿ‑ը հարում է «պատերազմի կուսակցությանը»։
Մուղնի
ՀԱԿ‑ի համակիրը Ֆեյսբուքում հարցադրում է արել, որ մեջբերում ենք՝ պահպանելով հեղինակի ոճը եւ ուղղագրությունը․ «ես մի բանը չեմ հասկանում․ էտ ո՞նց եղավ, որ 2017-ին Հայաստանում մենակ Հայ Ազգային Կոնգրեսն էր ուզում Ադրբեջանի հետ խաղաղություն ու Արցախի հարցի լուծում՝ 5 շրջանների վերադարձով, ու դրա համար Հայ ժողովուրդը ՀԱԿ-ին ասում էր դավաճան։ Հիմա Նիկոլը ՔՊ-ով սաղ տվեց-պրծավ, սահմանադրությունը Ադրբեջանի հրահանգով ուզում են փոխել․ դավաճան չի՞։ Մեկը կարա բացատրի էտ ո՞նց է լինում»։

Շատ ուշագրավ հարց է։ Իրոք, ինչու՞ 2017թ․ խորհրդարանական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսը ոչ միայն պարտվեց, այլեւ անգամ անցողիկ շեմը չհաղթահարեց, Ազգային ժողովում ներկայություն չունեցավ։
Պատասխանը հստակ է․ քվեարկության արդյունքները չէին արտահայտում Հայաստանի քաղաքացու կամքը։ Այսինքն, ընտրությունները կեղծված էին։ Եւ խոսքը բոլորովին էլ կաշառքի, ընտրախախտումների, լցոնումների կամ արձանագրություններում «թվանկարչություն անելու» մասին չէ։ Իշխող քաղաքական ուժը եւ նրա աջակից Դաշնակցությունը տասնամյակներ շարունակ մարդկանց ներշնչել են, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը, հայ-թուրքական կարգավորումը «դավաճանություն է»։ Դա կեղծ, բայց հետեւողականորեն իրականացվող քարոզչություն էր, որ էապես քաղաքացու կամքի դեմ բռնություն էր, որ առօրյա կյանքում արտահայտվում էր «եթե դու հայ ես, պետք է թուրքին ատես» խոսույթով։
Ինչու՞ է քաղաքացին «ներում Նիկոլի դավաճանությունը»։
ՀԱԿ‑ի համակիրը պետք է հասկանա, որ նման հարցադրումը քաղաքացու կամքի վրա վերստին բռնանալու փորձ է, ինքը վերադառնում է այն ժամանակներին, երբ մարդիկ քվեարկում էին ոչ թե անհատական համոզմունքով, այլ «հավաքական թուրքատյացության բնազդով»։

Նիկոլ Փաշինյանը չէր կարող 728 հազար «դավաճաններ բուժել», եթե հանրությունը ճնշող մեծամասնությամբ խաղաղության եւ բարիդրացիության կողմնակից չլիներ։ Հանրությունը խաղաղության, ղարաբաղյան հակամարտության անարյուն կողմնակից էր նաեւ 2017 թվականին։ Նրա դեմ պարզապես բռնություն է գործադրվել։ Ինչպես բռնություն է գործադրվել հունիսի 7‑ի քվեարկության այն մասնակիցների դեմ, որ իրենց ձայնը տվել են «պատերազմի եռագլուխ» կուսակցությանը։

Այս համատեքստում արտառոցը քվեարկության պաշտոնական արդյունքները չեն, այլ՝ թե ինչու՞ ընդամենը երեք հազար ձայն ստացած ՀԱԿ‑ը հարում է «պատերազմի կուսակցությանը»։ Քաղաքական եւ բարոյական այդ փլուզումը, գուցե, չլիներ, եթե Հայ ազգային կոնգրեսը սատարեր խաղաղության օրակարգին։
Մուղնի
Վերոնշյալ գրառումը՝ Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
