Ժամանակի ընթացքում իրավաքաղաքական գնահատական պետք է տրվի ոչ միայն նախկին, այլև գործող իշխանության գործունեությանը։
Յուրի Մովսեսյան
1inTV‑ն զրուցել է Ռեստարտ նախաձեռնությունից Յուրի Մովսեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի հետընտրական իրավիճակը և տարածաշրջանային մարտահրավերները՝ կենտրոնանալով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և արտաքին քաղաքական վեկտորների դիվերսիֆիկացման վրա: Քննարկման առանցքում են ընտրական գործընթացների օրինականությունը, Սահմանադրական դատարանի դերը և Ռուսաստանի ազդեցության թուլացման անհրաժեշտությունը, հատկապես էներգետիկ ու լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտում: Դիտարկվում են նաև թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումները և «3+3» ձևաչափի անիրատեսական լինելը՝ շեշտադրելով Հայաստանի համար եվրոպական ինտեգրման և արևմտյան անվտանգային համակարգերի հետ համագործակցության կարևորությունը: Կարևոր է ձևակերպել հստակ քաղաքական օրակարգ, որը թույլ կտա դիմակայել հիբրիդային սպառնալիքներին և ապահովել երկրի ինքնիշխան զարգացումը
Յուրի Մովսեսյանը նշեց, որ Հայաստանը խայտառակ ընտրական գործընթացների հարուստ պատմություն ունի, և 2018-ից հետո ողջամիտ սպասում կար, որ նախկին ընտրախախտումներին ու հետընտրական գործընթացներին իրավաքաղաքական գնահատական կտրվի։ Նրա խոսքով՝ այսօր նույն ուժերը, որոնք նախկինում մասնակցել են այդ գործընթացներին, որպես ընդդիմադիրներ կրկին ներգրավված են քաղաքական կյանքում, սակայն մինչ այժմ հստակ գնահատական չի տրվել նրանց նախկին գործունեությանը։
Մովսեսյանը դիտարկեց, որ իր մոտ սկեպտիցիզմ կա, քանի որ նախորդ տարիներին բազմաթիվ աղմկահարույց գործեր վերջնական հանգուցալուծման չեն հասել։ Նա հիշեցրեց Գագիկ Ծառուկյանի գործը՝ նշելով, որ այն նույնպես ավարտվեց առանց այն արդյունքի, որը սկզբում ներկայացվում էր հանրությանը։
Հասարակական գործիչը կարևորեց «Հանուն Հանրապետության» կուսակցության հայցադիմումը՝ ընդգծելով, որ ընտրություններից հետո հենց նման քայլերի էր սպասում։ Յուրի Մովսեսյանի կարծիքով՝ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք պարտավոր են իրենց օրակարգը ձևավորել անկախ ընտրական արդյունքներից և զբաղվել ընտրական գործընթացների որակով։
Ընտրական գործընթացը, ընդհանուր առմամբ, խայտառակ էր, և դեռևս ընտրություններից առաջ զգուշացնում էր, որ տարբեր ուժեր փորձելու են դելեգիտիմացնել ընտրությունները։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ էր չստեղծել այնպիսի պայմաններ, որոնք նման փորձերի համար հող կդառնային։
Յուրի Մովսիսյանը քննադատեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործելաոճը՝ նշելով, որ այն լուռ մնաց ընտրակաշառքի մասին հրապարակված բազմաթիվ ձայնագրությունների պարագայում, սակայն քննարկում էր դիտորդների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հարցեր։ Նա կարծում է, որ նման մոտեցումը լեգիտիմ կասկածներ է առաջացնում։

Մովսեսյանը նաև անդրադարձավ արտաքին ազդեցությունների խնդրին՝ նշելով, որ որոշ քաղաքական ուժերի նկատմամբ գոյություն ունեն լեգիտիմ կասկածներ, թե դրանք արտաքին միջամտության գործիքներ են։ Նա հիշատակեց տարբեր հետաքննություններ և ընդգծեց, որ դրանց քաղաքական գնահատական մինչ օրս չի տրվել։
Յուրի Մովսեսյանի կարծիքով՝ խորհրդարանի լեգիտիմության հարցն արդեն իսկ կասկածի տակ է դրվում, քանի որ իշխող մեծամասնությունն ինքն է հայտարարում, որ ընդդիմության մի մասը լեգիտիմ չէ։ Նրա խոսքով՝ եթե այդպես է, ապա խնդիր է առաջանում ամբողջ խորհրդարանի գործունեության գնահատման հարցում։
Մովսեսյանը նշեց, որ Հայաստանում ժողովրդավարության համար ամենամեծ ռիսկը ոչ թե արտաքին, այլ ներքաղաքական դաշտն է։ Նրա համոզմամբ՝ եթե խորհրդարանական ընդդիմության հիմնական հատվածը հանդես է գալիս ռուսամետ դիրքերից, ապա մինչև 2031թ. Հայաստանում շարունակվելու են գործընթացներ, որոնք կփորձեն խոչընդոտել ժողովրդավարացմանն ու արտաքին քաղաքական դիվերսիֆիկացմանը։
Նա ասաց, որ այս իրավիճակի հիմնական պատասխանատուն իշխող քաղաքական մեծամասնությունն է։ Յուրի Մովսեսյանի դիտարկմամբ՝ առողջ քաղաքական և հասարակական ուժերը պետք է հստակ պահանջներ ձևակերպեն հենց իշխանության հասցեին, քանի որ երկրի ժողովրդավարական ապագան ավելի կարևոր է, քան կարճաժամկետ քաղաքական շահերը։
Մովսեսյանը կարծում է, որ Ռուսաստանը նվազագույնը կատարել է իր ծրագիրը՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում զգալի ազդեցություն ապահովելով։ Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին այդ ազդեցությունը կարող է օգտագործվել Հայաստանի ժողովրդավարացման և արտաքին քաղաքական փոփոխությունների դեմ։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Յուրի Մովսեսյանը նշեց, որ կարևոր են ոչ թե կոշտ հայտարարությունները, այլ գործնական քայլերը։ Նա ասաց, որ դիվերսիֆիկացիայի մասին շատ է խոսվում, սակայն հողի վրա կատարվող աշխատանքները բավարար չեն։
Մովսեսյանի խոսքով՝ Հայաստանը գործընկերների հետ պետք է կառուցի հավասարակշռված հարաբերություններ և հանդես գա որպես սուբյեկտ, այլ ոչ թե մշտապես օգնություն խնդրող կողմ։ Նա ընդգծեց, որ Եվրամիության հետ հարաբերությունները պետք է զարգանան ոչ միայն հայտարարությունների, այլև իրական ծրագրերի մակարդակում։
Հասարակական գործիչը նշեց, որ առաջիկա տարիներին սպասում է հստակ որոշումների՝ Հայաստանի երկաթուղու, ատոմակայանի և այլ ռազմավարական ենթակառուցվածքների վերաբերյալ։ Նրա համոզմամբ՝ հենց այդ հարցերում է երևալու, թե որքանով է Հայաստանը իրականում դիվերսիֆիկացնում իր կախվածությունները։
Յուրի Մովսեսյանը շեշտեց, որ քաղաքական հռետորաբանությունը հասարակ մարդկանց համար երկրորդական է, եթե այն չի ուղեկցվում գործնական արդյունքներով։ Նա կարծում է, որ հենց այդ պատճառով բազմաթիվ քաղաքացիներ տարբերություն չեն տեսնում քաղաքական ուժերի միջև։
Անդրադառնալով ժողովրդավարությանը՝ Մովսեսյանը նշեց, որ 2026թ. ընտրություններից հետո իշխանությունների ժողովրդավարական պարտավորությունները միայն ավելացել են։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է հստակ կարմիր գիծ սահմանել և պահանջել իրական բարեփոխումներ, այլ ոչ միայն խոստումներ։
Յուրի Մովսեսյանը կարծում է, որ Հայաստանում կարող է ձևավորվել ժողովրդավարական հետընթաց, եթե չառաջանան նոր քաղաքական ուժեր, որոնք կկարողանան ներկայացնել ժողովրդավարական օրակարգ և մրցակցել ինչպես իշխանության, այնպես էլ գործող ընդդիմության հետ։
Անդրադառնալով 2018թ. իրադարձություններին՝ Մովսեսյանը նշեց, որ դեռևս բազմաթիվ անպատասխան հարցեր կան։ Նա ասաց, որ եթե Հայաստանը երկար տարիներ եղել է ֆորպոստ, ապա անհրաժեշտ է բացատրել, թե ինչպես այդ պայմաններում տեղի ունեցավ հեղափոխությունը և ինչ գործընթացներ էին դրա հիմքում։
Յուրի Մովսեսյանի համոզմամբ՝ նախկին համակարգին, ինչպես նաև հետագա գործընթացներին, պետք է տրվի իրավաքաղաքական գնահատական։ Նա հիշեցրեց, որ մի շարք հետխորհրդային երկրներում նման գնահատականները դարձել են ժողովրդավարական անցման կարևոր բաղադրիչ։
Մովսեսյանը կարևորեց նաև լյուստրացիայի և խորհրդային ու հետխորհրդային ազդեցությունների ուսումնասիրության հարցը։ Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է ամբողջական պատկերացում ստանա նախկին և ներկա քաղաքական համակարգերի գործունեության մասին։
Նա նշեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրավապահ համակարգը հրապարակայնորեն խոսեց ռուսական հետախուզության հետ առնչվող անձի մասին, սակայն դեռևս պետք է տեսնել, թե արդյոք այդ գործը կհասնի դատական ավարտի։
Յուրի Մովսեսյանը կարծում է, որ քանի դեռ անցյալին իրավաքաղաքական գնահատական չի տրվել, հասարակությունը շարունակելու է մնալ նույն խնդիրների շրջանակում։ Նրա խոսքով՝ առանց այդ գնահատականի հնարավոր չէ վերջնականապես փակել նախկին համակարգի էջը։
Մովսեսյանը նաև ընդգծեց, որ ժամանակի ընթացքում իրավաքաղաքական գնահատական պետք է տրվի ոչ միայն նախկին, այլև գործող իշխանության գործունեությանը։ Նրա կարծիքով՝ եթե իշխանությունը գիտակցում է խնդիրները, բայց չի լուծում դրանք, ապա դառնում է այդ խնդիրների կրողը։

Վերջում Յուրի Մովսեսյանը նշեց, որ իշխանության հասցեին հնչող պահանջները պետք է լինեն հստակ․ կամ իրականացվում են խոստացված բարեփոխումները, կամ դադարեցվում են դրանց մասին մշտական հայտարարությունները։ Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է տեսնի ոչ թե խոսքեր, այլ արդյունքներ։
Հարցազրույցն ամբողջությամբ‘
