Ինչ վերաբերում է Եկատերինա կայսրուհու «բարեգթությանը», ապա նույնիսկ ռուսաստանյան աղբյուրներն են վկայել, որ տեղի է ունեցել Ղրիմի հայ բնակչության բռնատեղահանություն, որ կազմակերպել է Սուվորովը։
Վահրամ Աթանեսյան
Ոչ անհայտ Մարգարիտա Սիմոնյանը կրկին «փայլել է» եւ կրեմլյան քարոզիչ Սոլովյովի հաղորդմանը «երախտամոռ» հայերին հիշեցրել, թե ինչպես է «հանուն հայերի փրկության կյանքը զոհել» Ալեքսանդր Գրիբոյեդովը, իսկ մինչ այդ էլ «մեծահոգի» Եկատերինա կայսրուհին «արտոնել է, որ նրանք տեղափոխվեն Կրասնոդարի երկրամաս»։

Տիկինը, ամենայն հավանականությամբ, ոչ միայն պատմությունից է «բոբիկ», այլեւ չի կարդացել «Վեզիր մուխթարի մահը» վեպը։ Եթե կարդացած լիներ, կիմանար, որ Գրիբոյեդովը սպանվել է Թեհրանի ռուսական դեսպանատանը, որտեղ ապաստան էր գտել Պարսկաստանի շահի հարեմի կառավարիչ- ներքինին։ Պարսիկ կրոնավորները դա համարել են շահի եւ իսլամի դեմ անարգանք եւ գրոհել դեսպանության շենքը։ Իսկ եթե երախտագիտության խնդիր կա, ապա Մարգարիտա Սիմոնյանը պետք է երախտագետ լինի հայերին, որ Գրիբոյեդովի հոշոտված մարմինը Թեհրանից հասցրել են Թիֆլիս եւ հողին հանձնել։
«Գիտակ» Սիմոնյանը պետք է որ գոնե Պուշկինի «Ճանապարհորդություն դեպի Արզրում» նոթերը կարդացած լինի։ Այնտեղ Պուշկինը պատմում է, թե որտեղ եւ ինչ հանգամանքներում է տեսել Գրիբոյեդովի մարմինը տեղափոխող հայերին։ Ի դեպ, այդ վայրը Հայաստանի տարածքում է եւ կոչվում է «Պուշկինի լեռնանցք»։ Ինչ վերաբերում է Թեհրանի հայերին, ապա նրանք այնտեղ ապրել են մինչեւ ռուս-պարսկական պատերազմը․ այսօր էլ ապրում են եւ ապրելու են՝ որպես Իրանի լիարժեք քաղաքացիներ եւ օգտվում են օրենքով ազգային-կրոնական փոքրամասնությունների համար սահմանված արտոնություններից։ Օրինակ, Իրանի մեջլիսում երկու պաատգամավոր ունեն։

Ինչ վերաբերում է Եկատերինա կայսրուհու «բարեգթությանը», ապա նույնիսկ ռուսաստանյան աղբյուրներն են վկայել, որ տեղի է ունեցել Ղրիմի հայ բնակչության բռնատեղահանություն, որ կազմակերպել է Սուվորովը։ Նպատակը Ղրիմի խանության տնտեսական թուլացումն էր։ Ավելի քան տասներկու հազար հայ Ղրիմից տեղահանվել եւ ամիսներ տեւած տանջանքներից հետո հաստատվել է Դոնի առափնյա անմարդաբնակ տարածքներում։ Նրանք հիմնել են Նոր Նախիջեւան քաղաքը եւ հինգ գյուղ։

Ղրիմի հայերը երկրորդ անգամ բռանտեղահանության են ենթարկվել 1944թ․-ին՝ Ստալինի որոշմամբ։
Եթե պատմական այս փաստերը Ռուսաստանի կողմից հայ ժողովրդի «փրկություն է», ապա Աստված փրկի մեզ։
Վահրամ Աթանեսյան
