Ավագ եւ միջին սերնդի ներկայացուցիչները կհիշեն Սերժ Սարգսյանի խոստովանությունը, որ նա արել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ ի պատասխան կուսակցապետերից մեկի տարակուսանքին․ «Դու գիտես, թե Պուտինի հետ հե՞շտ է խոսել»։
Վահրամ Աթանեսյան
Այդ ո՞վ է ասել կամ ասում, կամ ասելու է, թե Ադրբեջանի հետ հարաբերություններում ռիսկեր չկան։ Կան եւ դեռ լինելու են։ Անգամ բարեկամ երկրների հետ հարաբերություններում ռիսկեր լինում են։ Խոսքը ռիսկերի կառավարման միջավայրի եւ գործիքակազմի ընտրության մասին է։
2014թ․ սրացումներից մինչեւ 2023թ․ ԼՂՀ լուծարում եւ հայ բնակչության բռնատեղահանում ‚- մոտ տասնամյա ժամանակաշրջանը ապացուցել է, որ Ռուսաստանի հովանու ներքո կամ նրա ռազմավարական դաշնակցությամբ Ադրբեջանի հետ դիմակայությունը Հայաստանին միայն աղետներ է բերել։

Այդ շրջանը, ի դեպ, համընկնում է Եվրամիության հետ ասոցացված հարաբերությունների հաստատման բանակցություններից Հայաստանի հրաժարվելու եւ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը, ապա եւ ԵԱՏՄՆ-ին անդամակցելու հետ, որ, ինչպես բազմիցս է ասվել, «մի գիշերում» կայացրած որոշում էր։ Ավագ եւ միջին սերնդի ներկայացուցիչները կհիշեն Սերժ Սարգսյանի խոստովանությունը, որ նա արել է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ ի պատասխան կուսակցապետերից մեկի տարակուսանքին․ «Դու գիտես, թե Պուտինի հետ հե՞շտ է խոսել»։
Բայց եթե նույնիսկ վարկածաբար ընդունենք, որ Ռուսաստանը «Կեսարի կնոջ նման» կասկածանքից դուրս է, կատարվածի մեջ որեւէ մեղսակցություն չունի, դրանից առարկայորեն ոչինչ չի փոխվում կամ փոխվում է մի բան․ Հայաստանը նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է այլընտրանք ունենա։ Այսինքն, կարողանա նաեւ «Պուտինի հետ խոսել»։ Հակառակ դեպքում Հայաստանի մասին Ադրբեջանի հետ խոսելու է Պուտինը, անգամ՝ բարեկամ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Որովհետեւ պետության ամեն մի ղեկավար գործում է հանուն իր երկրի։
Հայաստանի ընդդիմության քարոզիչները կրկին խոսում են «թուրանական միջանցքի» մասին։ Առիթը Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին է տվել։ Խոսքը TRIPP նախագծի մասին է։ Իսկ եթե Մեղրիում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվեր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության վերահսկողությամբ, Թուրքիան այն չէ՞ր օգտագործելու Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի հետ կապվելու համար։ Անշուշտ, օգտագործելու էր, բայց Հայաստանը իր տարածքում հաղորդակցության նկատմամբ հսկողություն չէր իրականացնելու։
Արդյունքում ունենք իրավիճակ, երբ TRIPP նախագիծը խոչընդոտելու, Հայաստանի տարածքում հաղորդակցությունը Ռուսաստանի ԱԴԾ-ին հանձնելու իրական նպատակը քողարկվում է «Թուրանի ճանապարհի սպառնալիքի» քարոզչությամբ։ Այսինքն, այլ երկրի շահերի սպասարկումը ներկայացվում է որպես «ազգային գաղափարախոսություն»։

Դա կրկնակի վտանգ է, որովհետեւ ոչ միայն այլ երկիրն է գերադասվում, այլեւ միտումնավոր անտեսվում է Հայաստանի իրական մարտահրավերը։ Ավելին, «խոհեմաբար» անտեսվում է, որ Հայաստանի հարավի հանդեպ Ադրբեջանի նկրտումների աղբյուրը Ռուսաստանի դիրքորոշումն է, ըստ որի՝ «Սյունիքը բոլշեւիկյան Ռուսաստանն է նվիրել Հայաստանին»։ Ահա սպառնալիքը, որ հնարավոր է հաղթահարել նաեւ TRIPP նախագծով։
Վահրամ Աթանեսյան
