Ռուսաստանի իշխանություններին պետք է, որ Արեւմուտքը, հատկապես Մեծ Բրիտանիան հանրայնորեն ընկալվի որպես «թշնամի»։ Կրեմլի քարոզչությունը նույն մոտեցումը, կարծես, պարտադրում է նաեւ հետխորհրդային երկրներին։
Վահրամ Աթանեսյան
Խորհրդային պատմագիտության թեզը, որ ԽՍՀՄ‑ը արեւմտյան երկրներին առաջարկել է հակահիտլերյան պակտ ստորագրել, բայց մերժվել է, փոխանցվել է Ռուսաստանին։ Վերջերս այդ մասին խոսել է անգամ ՌԴ նախագահ Պուտինը։
Իրականում դիվանագիտական ինչ «խաղեր» են ունեցել Ստալինը եւ Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի առաջնորդները, միանշանակ գնահատել հնարավոր չէ։ Այո, եղել է Մյունխենյան «խայտառակություն», բայց մեկ տարի հետո էլ Ստալինն է Հիտլերի հետ չհարձակման մասին պայմանագիր ստորագրել, որին կից «գաղտնի արձանագրությունը» միայն հիսուն տարի հետո է բացահայտվել։ Եւ ապացուցվել է, որ Ստալինը եւ Հիտլերը Եվրոպայում ազդեցության գոտիներ են համաձայնեցրել՝ տարածքային ձեռքբերումներով հանդերձ։
Փաստ է նաեւ, որ ԽՍՀՄ դեմ ֆաշիստական Գերմանիայի հարձակման հենց առաջին օրը, երբ խորհրդային կառավարությունը դեռեւս պաշտոնական հայտարարությամբ հանդես չէր եկել,- Ստալինը ժողովրդին «եղբայրներ եւ քույր»եր» է անվանել հուլիսի 3ին, Միացյալ Թագավորության վարչապես Չերչիլը ռադյոելույթ է ունեցել եւ ի լուր աշխարհի հայտարարել, որ Անգլիան «երբեք եւ ոչ մի պայմանով Հիտլերի հետ համաձայնության չի գնա», կկռվի «ցամաքում, օդում եւ ծովում՝ մինչեւ աշխաարհը չմաքրվի նրա ուրվականից եւ ժողովուրդները չազատագրվեն լծից»։
Հիշելով, որ շուրջ քառորդ դար ինքը եղել է բոլշեւիզմի ամենասուր քննադատը, Չերչիլը Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը սահմանել է այսպես․ «Յուրքանյուր ոք եւ պետություն, որ Հիտլերի հետ երթի մեջ է, մեր թշնամին է։ Հետեւաբար մենք պետք է Ռուսաստանին եւ ռուս ժողովրդին ցուցաբերենք այն օգնությունը, որ կարող ենք։ Մենք պետք է ողջ աշխարհում մեր բարեկամներին եւ դաշնակիցներին կոչ անենք, որպեսզի հետամուտ լինեն նույն ուղեգծին»։
Խորհրդային Միության դեմ ֆաշիստական հարձակումից անցել էր ընդամենը մի քանի ժամ, ոչ ոք չէր կարող վստահ լինել, որ Ստալինը Հիտլերի հետ «գործարքի չի գնա», բայց Բրիտանական կայսրության վարչապետը փաստացի հայտարարել է հակահիտլերյան կոալիցիա ստեղծելու մասին եւ դիմել է Միացյալ Նահանգների նախագահին, որպեսզի լենդ-լիզի օրենքը կիրառվի նաեւ, ինչպես ինքն է ձեւակերպել, «բոլշեւիկյան Ռուսաստանի նկատմամբ»։
Չերչիլը, անշուշտ, խորհրդային կարգերի, կոմունիզմի ջատագով չէր, բայց նա Հիտլերի եւ ֆաշիզմի թշնամին էր եւ կոնկրետ պատերազմական իրավիճակում բարեկամ է հայտարարել բոլոր նրանց, ովքեր հիտլերյան Գերմանիայի դեմ կռվում են։ Այս իրողությունը խորհրդային ժողովուրդներից գաղտնի է պահվել։ Այսօր այն թաքցվում է Ռուսաստանի հանրությունից։

Ռուսաստանի իշխանություններին պետք է, որ Արեւմուտքը, հատկապես Մեծ Բրիտանիան հանրայնորեն ընկալվի որպես «թշնամի»։ Կրեմլի քարոզչությունը նույն մոտեցումը, կարծես, պարտադրում է նաեւ հետխորհրդային երկրներին։
Բայց ֆաշիզմի դեմ հաղթանակը ձեռք է բերվել Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների հետ հակահիտլերյան կոալիցիայի շնորհիվ։
Վահրամ Աթանեսյան
