Ռուսաստանը գերադասում է համագործակցել այն կառույցների հետ, որոնցում գործում է կենտրոնացված իշխանություն, գերիշխող են ավանդական արժեքները և մերժում է ցանկացած ժողովրդավարական գործընթաց։
Վան Սեբաստացի
Մաս 3‑րդ
Այս կառույցների համար առաջնահերթ է ոչ թե պետական շահը, այլ իրենց կառույցի/կազմակերպության շահը, որը հաճախ համընկնում է արտաքին կենտրոնների շահի հետ։ Սա էական պառակտում է ստեղծում ՀՀ պետականության, հայ ժողովրդի շահերի և կառույցների օրակարգերի միջև, որը հանգեցնում է հակապետական դրսևորումների։
Այդ կառույցներում բացակայում է նաև առողջ սերնդափոխությունը․ դրանցում չկա նոր սերնդի առաջնորդների ձևավորման կանոնակարգված, թափանցիկ մեխանիզմ։ Համակարգի վերին օղակներում գերիշխում է կլանային մոտեցումը, որը հեշտ է ներգրավվում արտաքին հովանավորության մեջ։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի 2019թ․կրթական բարեփոխումների դեմ «Պարտիզանական դիմադրության» ծրագրի շրջանակներում ՀՅԴ ՀԵՄ‑ը (Հայաստանի երիտասարդական միություն) կազմակերպել էր բողոքի ակցիաներ՝ ՀՅԴ ԳՄ (Գերագույն մարմին) հովանավորչությամբ։ Երիտասարդական այս կառույցը փաստացի ղեկավարում էին ՀՅԴ Բյուրոյի նախկին ատենապետ Հրանտ Մարգարյանի որդիները, որոնք նախկինում եղել են այդ կառույցների վարչության ղեկավարներ։ ՀՅԴ հայաստանյան մյուս երիտասարդական կառույցը ՆԱՈՒՄ (Նիկոլ Աղբալեան ուսանողական միություն), որը տվյալ պարագայում ուներ գործունեության ապակենտրոն կազմակերպման կանոնադրային իրավունք, որոշեց չմասնակցել այդ ցույցերին՝ պատճառաբանելով, որ այդ բարեփոխումներից շատերը համընկնում էին նախորդող ընտրություններին ՆԱՈՒՄ-ից առաջարկված կրթական փոփոխություններին և ծրագրերին։
Արդյունքում ՆԱՈՒՄ անդամների նկատմամբ կիրառվեցին կարգապահական պատիժներ՝ սկսած տարրական կուսակցական կախակայումից, մինչև մոտ 200 ուսանող կուսակցականների ու դիմումագրերի կուսակցությունից հեռացում և նույնիսկ ոմանց արտաքսում, ինչը ՀՅԴ կանոնակարգով համարվում է կարգապահական գերագույն պատիժը․ հեռացում՝ առանց վերականգնման իրավունքի։

Ռուսաստանը գերադասում է համագործակցել այն կառույցների հետ, որոնցում գործում է կենտրոնացված իշխանություն, գերիշխող են ավանդական արժեքները և մերժում է ցանկացած ժողովրդավարական գործընթաց։ Ավանդական արժեքները հայրենասիրության հիմնական հենարաններն են, որոնք միտումնավոր աճեցվում ու պահվում են։ Ամեն ինչ պետք է լինի երկաթե ձեռքի տակ։ ՀՅԴ‑ն իր պատմական հակաարևմտյան, հակագլոբալիստական հռետորաբանությամբ դառնում է հեշտ համադրելի Ռուսաստանի քաղաքական և գաղափարական նարատիվների հետ։ Ձախ քաղաքականություն և գաղափարախոսություն ունեցող կուսակցությունը մարդու ազատության առաջադեմ գաղափարների շուրջ համախմբված աշխարհում չէր էլ գտնի իրական դաշնակիցներ։ Զարմանալիորեն այդ կուսակցության հիմնական ֆինանսները ձևավորվում են ազատ շուկայական երկրներում, այդ կուսակցության անդամները սիրով մեծ բիզնեսներ են վարում ազատ աշխարհում։
Այդուհանդերձ, ՀԱԵ‑ն և ՀՅԴ‑ն հայ ազգային ինքնության կարևոր բաղադրիչներից են և մեծ ազդեցություն ունեն Հայաստանում և սփյուռքում գործող դպրոցներում, լրատվամիջոցներում, համայնքներում։ Սակայն դրանք զավթել, նվաճել են Հայաստանի պետականության թշնամիները: Սա պատերազմի մի տեսակ է, որը իրականացվում է ոչ թե սպանելով, այլ ուղեղների ոչնչացումով․ այս մասին կխոսենք առանձին։ Անձնակազմի հավաքագրման, պատրաստման, դաստիարակման փորձված մեխանիզմներով անցնելով՝ նրանց համախոհների մեծ մասը կորցնում է ինքնուրույն մտածելու և վերլուծելու ունակությունը, դառնում է կամակատար։ Արդյունքում այս «կոգնիտիվ ագրեսիայի» զոհերը նույնիսկ չեն հասկանում, որ իրենք զոհ են, որ կատարում են օտար պետության կամքը և հարվածում են Հայոց պետականությանը։ Ուստի հարկավոր է համահայկական և համապետական նշանակության այս ինստիտուտներն ազատագրել օտարների ազդեցությունից և վերադարձնել դրանք իրական տերերին՝ հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը։
Վերջ
Աղբյուր՝
