Նպատակը պարզ է՝ հանրությանը ներշնչել, որ «պարտված Ադրբեջանը «արեւմտյան ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին երազել անգամ չէր կարող»։
Վահրամ Աթանեսյան
Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ «արեւմտյան ադրբեջանցիների Հայաստան վերադարձի խոսույթը Նիկոլ Փաշինյանի պարտվողական քաղաքականության հետեւանքն է»։ Նա միակը չէ, որ մամուլում եւ սոցիալական հարթակներում այդ քարոզչությունը առաջ է մղում։
Նպատակը պարզ է՝ հանրությանը ներշնչել, որ «պարտված Ադրբեջանը «արեւմտյան ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին երազել անգամ չէր կարող»։

Իրականությունը հակառակն է ապացուցում։
1991թ․ հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ընդունել է «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական Ակտ, որի նախաբանում արձանագրված է, որ Ադրբեջանը 1828 եւ 1920 թվականներին ցարական եւ բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից օկուպացվել է։ Այդ Ակտը Ադրբեջանի սահմանադրության նախաբանում ճանաչված է սահմանադրության հիմք։ Ադրբեջանի գործող սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականին։
1998թ․ մարտի 26-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, ի նշանավորումն 1918թ․ մարտի 30–31-ին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների 70-րդ տարելիցի, ստորագրել է «Ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության մասին» հրամանագիր։
Այդ հրամանագրի նախաբանում ասված է․ «1813 եւ 1828 թվականների Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերի ստորագրումով սկսվել է ադրբեջանական ժողովրդի բաժանումը, մեր պատմական հողերի մասնատումը։

Ադրբեջանական ժողովրդի ողբերգության շարունակությունը նրա հողերի օկուպացիան էր։ Այդ քաղաքականության իրականացման արդյունքում տեղի է ունեցել ադրբեջանական հողերում հայերի զանգվածային վերաբնակեցում։ Ադրբեջանական հողերի օկուպացիայի անբաժանելի մաս է դարձել ցեղասպանությունը»։
Ի՞նչ ունենք այսօր։ 2025 թ․ օգոստոսի 8‑ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը նախաստորագրել են «Խաղաղության եւ հարաբերությունների հաստատման մասին» պայմանագիր, որի առաջին հորդվածը հետեւյալ բովանդակությունը ունի․ «Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները և որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ Կողմերը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը»։

Հանդես գալ այս պայմանագրի ստորագրման դեմ, միայն մի բան է նշանակում՝ Ադրբեջանին հնարավորություն տալ, որ գործի Հեյդար Ալիեւի հրամանագրի տրամաբանությամբ, այսինքն չճանաչի Հայաստանի պետական անկախությունը եւ նրա տարածքային ամբողջականությունը, այդ հիմքով երկու երկրների միջեւ սահմանազատում չիրականացվի։ Ի՞նչ կհետեւի դրան, դժվար չէ պատկերացնել։
Վահրամ Աթանեսյան
