Հնարավոր է, Լուկաշենկոն Սի Ծինփինի «ոտքն է գնացել Պուտինի հանձնարարությամբ»։
Վահրամ Աթանեսյան
Վալդայում Պուտին-Լուկաշենկո երկօրյա փակ բանակցություններից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը ՏԱՍՍ‑ի թղթակցին ասել է, որ նրանք «քննարկել են ավելի ռազմավարական հարցեր՝ կապված ընդհանուր եւ տարածաշրջանային անվտանգության, եվրոպական որոշ երկրների կողմից լարվածության էսկալացման, Բելառուսին դավագրգռելու հետ»։
Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը նախորդել է Ռուսաստանի ռազմական բուհերի շրջանավարտների Կրեմլում ընդունելությունը։ ՌԴ նախագահը պարզորոշ հայտարարել է, որ արեւմտյան երկրները դեռեւս իրենց տարածքից Ռուսաստանին չեն հարվածում, բայց ՆԱՏՕ‑ի անդամները, որ «Կիեւին ԱԹՍ‑ի հարվածի հնարավորություն են տվել, հնարավոր հետեւանքները պետք է հաշվի առնեն»։

Պուտինի այդ հայտարարության առթիվ ՌԻԱ Նովոստին մեջբերել է «ԱՄՆ ԿՀՎ նախկին վերլուծաբան» Լարի Ջոնսոնին․ «Ռուսաստանը չի նստի եւ սպասի, թե երբ են իրեն գրոհելու։ Երբ հասկանալի կլինի, որ Արեւմուտքը մտադիր է այսուհետ եւս սպառնալ, Ռուսաստանը պաշտպանական քայլեր կձեռնարկի»։
Նախօրեին հայտնի է դարձել, որ Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է դադարեցնել խորքային հարվածները։ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ Կիեւը ռազմաճակատային գծում «վերախմբավորումների անհրաժեշտություն ունի», եւ Մոսկվան «չի պատրաստվում փրկել» նրան։
Այս համատեքստում ԲելՏա գործակալությունը Բելառուսի եւ Չինաստանի նախագահների հանդիպումից մոտ կես րոպեանոց տեսանյութ է հրապարակել։ Ավելի վաղ Բելառուսի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած «Առաջինի Pool» թելեգրամյան ալիքը հայտնել է, որ Լուկաշենկոն մեկնել է Արեւելյան եւ Հարավարեւելյան Ասիայի երեք երկիր։
Բելառուսի ընդդիմության տեսակետները ներկայացնող թելեգրամ ալիքները համոզված են, որ Լուկաշենկոն Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին «փորձում է համոզել, որ Պուտինի նկատմամբ ազդեցությունը գործի դնի, որպեսզի Բելառուսը Ուկրաինայի դեմ պատերազմում չներքաշվի»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի մեկնաբանությունից հետեւում է, որ Պուտինը եւ Լուկաշենկոն քննարկել են ուկրաինական պատերազմը եվրոպականի վերածվելու դեպքում Բելառուսի դերակատարության հարցը։ Այս առումով խնդիրը, երեւի, Ռուսաստան-ՆԱՏՕ ռազմական բախումը կանխումն է։ Վլադիմիր Պուտինը անձամբ «Անքորիջի ոգին» չեղարկել է։ Հնարավոր է, Լուկաշենկոն Սի Ծինփինի «ոտքն է գնացել Պուտինի հանձնարարությամբ»։ Չինաստանի առաջնորդը «համաեվրոպական պատերազմը» կարո՞ղ է կանխել։
Վահրամ Աթանեսյան
