Հայաստանին Եվրամիության հետ խոր կապեր ունեցող Թուրքիա՞ն է ձեռնտու՝ որպես հարեւան, թե՞՝ ռուս-թուրքական սիներգիայի կրկնությունը։
Մուղնի
Անդրե Մորուան հիշում է, որ երբ Չերչիլին պատմել է Բայրոնի մասին կենսագրական վեպ գրելու մտադրության մասին, Միացյալ թագավորության նորընտիր վարչապետը խորհուրդ է տվել ամեն օր մի հոդված գրել եւ ահազանգել, որ Գերմանիայի օդուժը ֆրանսիականին գերազանցում է։

Հայաստանում ամեն օր պետք է գրվի, որ Լեռնային Ղարաբաղը ռուս-թուրքական սինեգիայի զոհն է։ Եւ անընդմեջ հիշեցնել ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի՝ Թուրքիայի հետ Ղարաբաղում բարդ օպերացիա իրականացնելու հայտարարությունը։ Հայաստանում չի կարելի խոսել Ռուսաստանի հետ «ռազմավարական ընդմիշտ դաշնակցության» մասին, որովհետեւ նույնիսկ ռուսաստանցի քիչ, թե շատ պարկեշտ փորձագետներն են խոստովանում, որ Լեռնային Ղարաբաղը հանձնվել է, որպեսզի Ադրբեջանը գոնե ԵԱՏՄ-ին անդամակցի, բայց դա տեղի չի ունեցել եւ հազիվ թե տեղի ունենա։
Հայ մեկնաբանը, մինչդեռ, Հայաստանի «արեւմտամետներին կշտամբում է», թե ինչու՞ Նաթանյահուի կառավարությանը չեն քննադատում, չէ՞ որ Ադրբեջանին «ամենամեծ օգնությունը Իսրայելն է ցուցաբերել»։ Ադրբեջանի սպառազինությունների առյուծի բաժինը մատակարարել են Ռուսաստանը եւ Բելառուսը։ Սա կարծիք չէ, այլ՝ վիճակագրական փաաստ։ Բայց ավելի կարեւոր է, որ Ադրբեջանին սպառազինություններ մատակարարած Իսրայելը, որի թիկունքում տեսնում են «ԱՄՆ ականջները», Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէր, ՀԱՊԿ անդամ պետություն չէր։ Ոչ էլ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախումբ ուներ։

Ասել իրականությունը՝ չի նշանակում Ռուսաստանին «թշնամի նշանակել»։ Ընդհակառակը։ Ասել՝ նշանակում է Ռուսաստանի հետ հարաբերությունները բերել պրագմատիկ-գործնական հարթություն։ Հայաստանի համար դա գոյութենաբանական անհրաժեշտություն է, հակառակը՝ սպառնալիք, երբ փորձ է արվում Հայաստանը վերադարձնել «Ռուսաստանի դաշնակցությամբ պատմական հողեր վերադարձնելու» քարոզչությանը։

Եւ պետք չէ քննադատել Եվրամիության անվտանգության եւ արտաքին հարաբերության գերագույն հանձնակատար Կալասին միայն նրա համար, որ նա Թուրքիային անվանել է «ԵՄ կարեւոր գործընկեր»։ Քաղաքականությունը մի սկզբունք ունի՝ «այստեղ եւ այժմ»։ Եվրամիությունը բացառություն չէ, առաջնորդվում է տվյալ պահի իր շահերով։ Հայաստանին Եվրամիության հետ խոր կապեր ունեցող Թուրքիա՞ն է ձեռնտու՝ որպես հարեւան, թե՞՝ ռուս-թուրքական սիներգիայի կրկնությունը։
Մուղնի
Վերոնշյալ գրառումը՝ Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
