Հայաստանի հիմնական խնդիրներից մեկն իր ժողովրդավարական գործընթացները գերտերությունների մրցակցությունից հնարավորինս զերծ պահելն է։ Նրա խոսքով՝ ժողովրդավարությունը նախևառաջ ներքին քաղաքական գործընթաց է, իսկ արտաքին գործոնները չպետք է դառնան դրա որոշիչ շարժիչ ուժը։
Աննա Օհանյան
1inTV‑ն զրուցել է ԱՄՆ‑ի Մասաչուսեթսի «Սթոունհիլ» քոլեջի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Աննա Օհանյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի արտաքին քաղաքականության վերակողմնորոշումը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը՝ Ռուսաստանի կողմից գործադրվող շարունակական ճնշումների և «սթրես-թեստերի» համատեքստում։ Որպես հակակշիռ ռուսական ազդեցությանը, շեշտվում է Եվրոպական միության հետ տնտեսական և ռազմավարական մերձեցումը, որն ուղեկցվում է եվրոպական շուկայի հասանելիությամբ և էներգետիկ ու թվային ենթակառուցվածքների զարգացմամբ։ Զրույցի ընթացքում պրոֆեսոր Աննա Օհանյանը հիմնավորում է, որ Հայաստանը պետք է տարանջատի իր ժողովրդավարացման գործընթացը գերտերությունների բախումից՝ կենտրոնանալով ներքին պլյուրալիզմի և համակարգային բարեփոխումների վրա։ Քննարկումն անդրադառնում է նաև տարածաշրջանային փոփոխվող դինամիկային, ներառյալ Իսրայել-Թուրքիա հարաբերությունները և Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական կիրառումը որպես գործիք միջազգային ասպարեզում։ Վերջնական նպատակն է ներկայացնել Հայաստանի պետականության հիմքերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային ստաբիլության և սուվերենության պահպանման համար։
Աննա Օհանյանը նշեց, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցը պետք է դիտարկել ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում՝ Ուկրաինայի պատերազմի և Ռուսաստանի ներքին թուլացման ֆոնին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի ներսում և էներգետիկ ոլորտում առաջացած խնդիրները ցույց են տալիս, որ Մոսկվան աստիճանաբար կորցնում է հետխորհրդային տարածքում իր ավանդական ազդեցության հիմնական հենասյուներից մեկը՝ էժան էներգակիրների միջոցով ձևավորված կախվածությունը։

Պրոֆեսորը կարծում է, որ Եվրոպական միության և Հայաստանի հարաբերությունների խորացումը պետք է դիտարկել որպես միջոց, որը Հայաստանին հնարավորություն կտա կառավարել Ռուսաստանի թուլացման գործընթացը։ Ըստ Օհանյանի՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ գործադրվող ճնշումները ոչ թե ուժի, այլ պետական համակարգի ներքին թուլության արտահայտություն են։ Նա ընդգծեց, որ Մոսկվան նույն գործիքակազմն է կիրառում Հայաստանի նկատմամբ, ինչ նախկինում կիրառել է այլ հետխորհրդային երկրների նկատմամբ։
Աննա Օհանյանը դիտարկեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները չպետք է նույնացվեն Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների հետ։ Նրա համոզմամբ՝ դրանք տարբեր բնույթի գործընթացներ են, և Հայաստանը պետք է կարողանա դրանք վարել առանձին տրամաբանություններով։ Նա հույս հայտնեց, որ Բրյուսելում ևս գիտակցում են այդ տարբերությունը, և Հայաստանին տրամադրվող աջակցությունը չի կառուցվի միայն հակառուսական տրամաբանության վրա։
Միջազգային հարաբերությունների մասնագետը կարևորեց, որ Եվրամիությունն այժմ առավել մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի տնտեսական, ինստիտուցիոնալ և ենթակառուցվածքային հիմքերի ամրապնդմանը՝ նախքան անդամակցության քաղաքական հեռանկարների քննարկումը։ Նրա գնահատմամբ՝ այս մոտեցումը զգալիորեն տարբերվում է նախկինում Վրաստանի նկատմամբ որդեգրված քաղաքականությունից և ավելի իրատեսական է Հայաստանի համար։
Օհանյանը նշեց, որ Հայաստանի հիմնական խնդիրներից մեկն իր ժողովրդավարական գործընթացները գերտերությունների մրցակցությունից հնարավորինս զերծ պահելն է։ Նրա խոսքով՝ ժողովրդավարությունը նախևառաջ ներքին քաղաքական գործընթաց է, իսկ արտաքին գործոնները չպետք է դառնան դրա որոշիչ շարժիչ ուժը։
Անդրադառնալով Հայաստանի ժողովրդավարական զարգացման առանձնահատկություններին՝ նա ընդգծեց, որ Հայաստանի փորձը տարբերվում է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի փորձից, քանի որ Հայաստանը, գտնվելով Ռուսաստանի ազդեցության գոտում, կարողացավ իրականացնել թավշյա հեղափոխություն։ Օհանյանի կարծիքով՝ սա վկայում է, որ հայկական ժողովրդավարության ակունքներն ավելի խորն են, քան հաճախ ներկայացվում է։ Հայաստանի պատմության մեջ ձևավորվել են ժողովրդավարական կարևոր ավանդույթներ։ Նրա գնահատմամբ՝ հայ ժողովուրդը կայսրությունների պայմաններում կարողացել է ստեղծել կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, կրթական և մշակութային կառույցներ, որոնք նպաստել են ազգային ինքնության պահպանմանը։ Նա ընդգծեց նաև հայերի բարձր գրագիտության մակարդակի և առևտրական ցանցերի դերը ազգային քաղաքական մշակույթի ձևավորման գործում։
Աննա Օհանյանը կարծում է, որ Հայաստանի զարգացման հաջորդ փուլում առանցքային կլինի անհատակենտրոն քաղաքականությունից համակարգակենտրոն կառավարման անցումը։ Նրա համոզմամբ՝ միայն ամուր ինստիտուտների վրա հիմնված պետությունն է կարողանալու դիմակայել ժամանակակից տեխնոլոգիական և տնտեսական փոփոխություններին, այդ թվում՝ արհեստական բանականության ազդեցությանը։
Խոսելով Ռուսաստանի ազդեցության մասին՝ Օհանյանը նշեց, որ Մոսկվան նույն քաղաքական մեթոդներն է կիրառում ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի, Մոլդովայի, Ղազախստանի և այլ երկրների նկատմամբ։ Նրա խոսքով՝ որքան Ռուսաստանը մեծացնում է ճնշումները, այնքան հաճախ ստանում է հակառակ արդյունքը։ Նա օրինակ բերեց Ուկրաինան՝ նշելով, որ պատերազմից հետո երկիրը դարձել է ավելի հակառուսական, իսկ ՆԱՏՕ‑ն՝ ավելի ուժեղ։
Օհանյանը նշեց, որ Հայաստանի նկատմամբ տնտեսական ճնշումները ևս հակառակ արդյունքն են տալիս՝ արագացնելով Եվրոպայի հետ տնտեսական ինտեգրումը և եվրոպական շուկաների բացումը հայկական արտադրանքի համար։
Նա կարևոր խնդիր համարեց Հայաստանի քաղաքական համակարգի ամրապնդումը։ Ըստ նրա՝ Ռուսաստանը կարողանում է ազդեցություն ունենալ, որովհետև Հայաստանի պետական և քաղաքական ինստիտուտները դեռևս բավարար չափով ամուր չեն։ Միաժամանակ նա շեշտեց, որ քաղաքական կուսակցությունները կարող են ունենալ տարբեր արտաքին քաղաքական դիրքորոշումներ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների օգտին հանդես գալ, սակայն դրանց գործունեությունը պետք է լինի առավելագույնս թափանցիկ։
Պրոֆեսորը կարևորեց նաև խորհրդարանից դուրս գործող քաղաքացիական հարթակների զարգացումը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ձևավորել քննարկումների նոր տարածքներ, որտեղ հասարակությունը կարող է մասնակցել բարեփոխումների շուրջ բանավեճերին և այդպիսով խորացնել քաղաքական բազմակարծությունը։
Օհանյանը համեմատություն անցկացրեց նաև Հարավային Կորեայի զարգացման փորձի հետ՝ նշելով, որ տնտեսական ամրապնդումը կարող է դառնալ պետության երկարաժամկետ կայունության հիմքը։ Նրա կարծիքով՝ Եվրամիության աջակցությունը Հայաստանին պետք է դիտարկել հենց այդ տրամաբանությամբ՝ նախ ամրացնել պետությունը, ապա միայն քննարկել ավելի խոր ինտեգրացիոն գործընթացները։ Արևմուտքը պետք է Հարավային Կովկասը դիտարկի ոչ թե առանձին պետությունների, այլ ամբողջ տարածաշրջանի կայունության տեսանկյունից։ Օհանյանի համոզմամբ՝ Եվրամիությունն ու ԱՄՆ‑ը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ տարվող քաղաքականությանը՝ նպաստելով տարածաշրջանային կապերի խորացմանն ու սահմանների բացմանը։
Անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ Աննա Օհանյանը նշեց, որ այն կարևոր քաղաքական զարգացում է, սակայն այն չպետք է գերագնահատել։ Նրա խոսքով՝ այդ որոշման վրա ազդել են ինչպես Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների սրացումը, այնպես էլ Իսրայելի միջազգային հեղինակության խնդիրները։
Նա համաձայնություն հայտնեց Հայաստանի իշխանությունների այն մոտեցմանը, որ Երևանը չպետք է ներքաշվի այս գործընթացի քաղաքական շահարկումների մեջ։ Միաժամանակ Օհանյանը նշեց, որ Հայաստանը պետք է ձևավորի սեփական քաղաքական օրակարգը՝ ցեղասպանության ճանաչումը կապելով մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային իրավունքի արժեքների հետ։ Հայաստանը պետք է դառնա մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ակտիվ ջատագով և այդ ուղղությունը վերածի իր «փափուկ ուժի» կարևոր բաղադրիչներից մեկի։
Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման դեպքում Հայոց ցեղասպանության հարցը պետք է պահպանվի որպես առանձին ուղղություն և չդառնա երկկողմ հարաբերությունների միակ առանցքը։ Նրա խոսքով՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ պատմական ծանր հարցերն ու ընթացիկ քաղաքական հարաբերությունները հնարավոր է վարել զուգահեռ ուղիներով՝ առանց մեկը մյուսին ամբողջությամբ ենթարկելու։

Ամփոփելով իր դիտարկումները՝ պրոֆեսորը նշեց, որ Ռուսաստանի ներկայիս թուլացումը երկարատև գործընթաց է, և Հայաստանը պետք է կենտրոնանա սեփական պետականության, ժողովրդավարական ինստիտուտների, տնտեսության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման վրա՝ ապահովելով կայուն զարգացում և անվտանգություն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
