Ադրբեջանը պաշտոնապես դատապարտել է Իսրայելի կառավարության որոշումը, բայց այաթոլլա Խամենիի հուղարկավորության փաստացի անտեսումը, կարծես, վկայում է, որ իսրայելա-ադրբեջանական խորքային համագործակցությունը շարունակվում է։
Վահրամ Աթանեսյան
Իրանի նախկին Գերագույն հոգեւոր առաջնորդի հուղարկավորության արարողությանը Ադրբեջանը ներկայացրել է խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան։ Ուշագրավ է, որ այդ պատվիրակության կազմում չի ընդգրկվել Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեն։ Վերջինս ծագումով թալիշ է, դեռեւս խորհրդային շրջանում հոգեւոր բարձրագույն կրթություն է ստացել Իրանի Ղում քաղաքում եւ իսլամի շիա ուղղության հետեւորդ է։

Շիադավանությունը Իրանում պետական կրոն է, գաղափարախոսություն եւ որոշակի առումով նաեւ կազմում է իրավական համակարգի հիմքը։
Ի տարբերություն Ադրբեջանի, Վրաստանը այաթոլլա Ալի Խամենեիի վերջին հրաժեշտին ներկայացրել է երկրի նախագահ Կավելաշվիլին։ Պատվիրակության կազմում ընդգրկվել են նաեւ Վրաստանի մուսուլմանների հոգեւոր վարչության պատասխանատուներ։ Հարավային Կովկասի միակ երկիրը, որ Իրանի նախկին Գերագույն հոգեւոր առաջնորդի հուղարկավորությանը ներկայացել է բարձրագույն մակարդակով, Հայաստանն է։
Ալի Խամենիի վերջին հրաժեշտին Կենտրոնական Ասիայի իսլամադավան երկրներից առաջին դեմքի մակարդակով մասնակցել է միայն Տաջիկստանը։ Նախագահ Ռահմոնը անձամբ ներկա է գտնվել Խամենեիի «հոգեհանգստյան» արարողությանը։ Հարեւան երկրներից բարձր մակարդակով ներկայություն է ապահովել նաեւ Պակիստանը, Թեհրան է այցելել այդ երկրի վարչապետ Շահբազ Շարիֆը, իսկ Թուրքիան ներկայացրել է փոխնախագահ Յըլմազը։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը։

Այս համատեքստում ամենաարտառոցը Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ շեյխ Փաշազադեի բացակայությունն է։ Ըստ երեւույթին, նրա եւ Իլհամ Ալիեւի հարաբերությունները շարունակում են բարդ մնալ։ Թեեւ Ալիեւը հանդես է գալիս որպես իսլամի պաշտպան, իրականում Ադրբեջանի շիադավան հավատացյալները ենթարկվում են հալածանքների։ «Խաղաղության եւ դեմոկրատիայի» ինստիտուտի տվյալներով՝ «ավելի քան երեք հարյուր շիադավան հավատացյալներ ներկայումս դատապարտված են երկարաժամկետ ազատազրկման»։
Ալիեւի վարչակազմը տարիներ շարունակ հատուկ ծառայությունների եւ ոստիկանության միջոցով պայքարում է Ադրբեջանում Իրանի հոգեւոր-մշակութային ազդեցության դեմ՝ համագործակցելով Իսրայելի հետ։

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պաշտոնական Բաքվին կանգնեցրել է լուրջ ընտրության առաջ։ Ադրբեջանը պաշտոնապես դատապարտել է Իսրայելի կառավարության որոշումը, բայց այաթոլլա Խամենիի հուղարկավորության փաստացի անտեսումը, կարծես, վկայում է, որ իսրայելա-ադրբեջանական խորքային համագործակցությունը շարունակվում է։
Վահրամ Աթանեսյան
