Ռուսաստանը մինչև այսօր Հայաստանը չի ընկալում որպես լիարժեք ինքնիշխան և սուվերեն պետություն։ Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է Հայաստանը դիտարկել որպես սեփական աշխարհաքաղաքական շահերի սպասարկման տարածք։
Էլեն Հոխիկյան
Freenews Armenia‑ն զրուցել է Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի հետընտրական քաղաքական լանդշաֆտը, որտեղ Սահմանադրական դատարանի որոշումից հետո հաստատվեցին խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Փորձագետ Էլեն Հոխիկյանը պարզաբանում է, որ ընդդիմադիր ուժերի կողմից մանդատները վերցնելու որոշումը կանխատեսելի քայլ էր՝ միտված քաղաքական անձեռնմխելիության պահպանմանը և ինստիտուցիոնալ պայքարին: Զրույցի առանցքում են նաև իշխող ուժի կողմից սահմանադրական բարեփոխումների հնարավոր օրակարգը և «ընտրական տուրիզմի» դեմ պայքարի իրավական հիմնավորումները՝ որպես պետական սուվերենության պաշտպանության գործիքներ: Վերջապես, անդրադարձ է կատարվում հայ-ռուսական բարդ հարաբերություններին և Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրավական գործընթացների հնարավոր ազդեցությանը երկրի ներքին կայունության վրա:

Էլեն Հոխիկյանը նշեց, որ ընտրական փուլը փաստացի ավարտված է․ արդեն հայտնի է Ազգային ժողովի վերջնական կազմը, իսկ քաղաքական ուժերը պատրաստվում են իրականացնել իրենց մանդատները։ Նրա դիտարկմամբ՝ այս գործընթացների արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը կրկին չհաջողվեց հայտնվել խորհրդարանում։
Հոխիկյանը կարծում է, որ ընտրական փուլն ավարտվել է ոչ միայն իրավական, այլև քաղաքական իմաստով։ Նրա գնահատմամբ՝ հետընտրական լայնածավալ փողոցային գործընթացներ ակնկալել պետք չէ։ Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին ընդդիմությունը բազմիցս հայտարարել է զանգվածային բողոքի ակցիաների մասին, սակայն դրանք չեն ունեցել այնպիսի մասշտաբ, որը կարողանար փոխել քաղաքական իրողությունները։ Փորձագետի համոզմամբ՝ ոչ ընտրությունների արդյունքները, ոչ վերջին զարգացումները և ոչ էլ խորհրդարանի ներկայիս կազմը բավարար ներուժ չունեն լուրջ փողոցային շարժում ձևավորելու համար։
Անդրադառնալով ընդդիմության կողմից մանդատները վերցնելու որոշմանը՝ Էլեն Հոխիկյանը ասաց, որ այդ քայլը լիովին կանխատեսելի էր։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը նախ պետք է օգտագործեին օրենքով նախատեսված բողոքարկման և դատական գործընթացների ամբողջ ժամանակահատվածը, իսկ դրանից հետո միայն կայացնեին վերջնական որոշումը։ Նա նաև կարծիք հայտնեց, որ այդ ընթացքում անհրաժեշտ էր, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունում ևս կողմնորոշվեին հետագա քաղաքական վարքագծի հարցում։
Նրա դիտարկմամբ՝ հենց այս հանգամանքով էր պայմանավորված նաև այն, որ Ռուսաստանը չշտապեց շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Հոխիկյանի խոսքով՝ մինչև վերջնական արդյունքների հաստատումը և իրավական բոլոր գործընթացների ավարտը նման շնորհավորանքների բացակայությունը բնական էր։
Անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, թե խորհրդարանական և փողոցային պայքարը զուգահեռ են իրականացվելու, Էլեն Հոխիկյանը նշեց, որ նման հայտարարություններ նախկինում ևս հնչել են, սակայն հաջողությամբ չեն ավարտվել։ Նրա խոսքով՝ հասարակական հարցումները նույնպես չեն ցույց տալիս այնպիսի համատարած դժգոհություն, որը կարող էր հիմք դառնալ զանգվածային փողոցային շարժման համար։ Նա հիշեցրեց միջազգային կազմակերպությունների և Report‑ի հրապարակած հարցումների արդյունքները, ըստ որոնց՝ քաղաքացիների զգալի մասը համարում է, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ, իսկ դժգոհ հատվածը միասնական օրակարգ չունի։
Փորձագետը կարծում է, որ ընդդիմությունն այսօր չունի այնպիսի հասարակական աջակցություն, որը կարող էր վերածվել լայն քաղաքական ակտիվության։
Խոսելով մանդատները վերցնելու որոշման մասին՝ Հոխիկյանը նշեց, որ այն ոչ դրական, ոչ էլ բացասական ազդեցություն ունի փողոցային պայքարի հնարավորությունների վրա։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը պարզապես ներկայացրել է այն հիմնավորումը, որն ակնկալելի էր՝ պայքարել ինչպես խորհրդարանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Նա ընդգծեց, որ մանդատներից հրաժարվելը գործնական որևէ արդյունք չէր տալու, քանի որ խորհրդարանը միևնույն է շարունակելու էր գործել իր սահմանադրական մեծամասնությամբ։
Անդրադառնալով այն քննադատություններին, որոնք հնչում են ընդդիմության համակիրների կողմից, Էլեն Հոխիկյանը նշեց, որ դրանք, իր կարծիքով, չափազանցված են։ Նա համոզված է, որ հատկապես «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրողների զգալի մասը գաղափարական ընտրություն չի կատարել։ Նրա գնահատմամբ՝ այդ ընտրազանգվածը ձևավորվել է տարբեր խմբերից՝ դժգոհ քաղաքացիներից, ընտրակաշառքի ազդեցության տակ քվեարկած անձանցից և նրանցից, ովքեր պարզապես այլընտրանք էին փնտրում գործող իշխանությանը։

Հոխիկյանը նշեց, որ Սամվել Կարապետյանը նոր քաղաքական դերակատար է և դեռևս չի հասցրել ձևավորել այնպիսի բացասական ընկալում, ինչպիսին տարիների ընթացքում ձևավորվել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Նրա կարծիքով՝ այդ հանգամանքը ևս նպաստել է ընտրողների մի մասի ընտրությանը։
Փորձագետը համոզված է, որ ընդդիմությունն առանձնապես պարտավորված չէր երկար բացատրություններ տալ իր ընտրողներին մանդատները վերցնելու հարցում։ Նրա խոսքով՝ մեկ պարզ հիմնավորումը բավարար էր՝ խորհրդարանական մանդատը ևս պայքարի գործիք է։
Անդրադառնալով Սահմանադրության օրվան՝ Էլեն Հոխիկյանը նշեց, որ այս տարվա խորհրդանշականությունն այն էր, որ նույն օրը Սահմանադրական դատարանը վերջնականապես հաստատեց ընտրությունների արդյունքները։ Նրա խոսքով՝ այդպիսով չհաջողվեց իշխանափոխության հասնել այն ուժերին, որոնք, ըստ նրա, ներկայացնում էին ռուսական քաղաքական շահերը Հայաստանում։
Հոխիկյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքացիները քվեարկել են ոչ միայն Քաղաքացիական պայմանագրի օգտին, այլև Հայաստանի ինքնիշխանության, սուվերենության և անկախ պետականության օգտին։
Միաժամանակ նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու համար։ Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ գործող իշխանությունը շարունակում է Սահմանադրության փոփոխությունը համարել առաջնահերթություն։
Էլեն Հոխիկյանը չբացառեց, որ եթե հնարավոր չլինի լուծել այդ հարցը գործող խորհրդարանի պայմաններում, ապագայում կարող են անցկացվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նա նշեց, որ սա ընդամենը հնարավոր սցենարներից մեկն է, սակայն այն չի կարելի ամբողջությամբ բացառել։
Փորձագետի խոսքով՝ այս ընտրությունների ընթացքում արձանագրվել են ընտրական տուրիզմի և ընտրակաշառքի բազմաթիվ դեպքեր, որոնց մի մասը արդեն դատական քննության փուլում է։ Նրա կարծիքով՝ եթե այդ խախտումները իրավական ճանապարհով հաստատվեն, ապա նոր ընտրությունների անցկացումը կարող է քաղաքականորեն տրամաբանական լուծում լինել։
Խոսելով ընտրական տուրիզմի սահմանափակման մասին՝ Էլեն Հոխիկյանը ասաց, որ այդ որոշումը համարում է արդարացված։ Նա ընդունեց, որ այն որոշ չափով սահմանափակում է քաղաքացիների ընտրական իրավունքը, սակայն, ըստ նրա, վերջին տարիներին Հայաստանը դարձել է արտաքին ազդեցությունների թիրախ, և այդ պայմաններում նման սահմանափակումը կարելի է արդարացված համարել։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարողացել է ազդեցություն ունենալ իր տարածքում բնակվող հայաստանցիների մի մասի վրա՝ նրանց ներգրավելով Հայաստանի ընտրական գործընթացներում։ Փորձագետը կարծում է, որ փոքր բնակչություն ունեցող երկրի համար նույնիսկ մի քանի տասնյակ հազար լրացուցիչ ձայնը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։
Հոխիկյանը նշեց, որ Հայաստանում ապրող, հարկ վճարող և երկրի ապագան Հայաստանի հետ կապող քաղաքացիների ընտրությունը չպետք է հավասարեցվի այն մարդկանց քվեին, որոնք տարիներ շարունակ Հայաստանում չեն բնակվում և այստեղի քաղաքական որոշումների հետևանքները չեն կրում։
Նա նաև ընդգծեց, որ քաղաքական հաշվարկը, բնականաբար, առկա է ցանկացած նման որոշման դեպքում, սակայն այս դեպքում այն նաև բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերից։
Անդրադառնալով ընտրակաշառքին՝ Էլեն Հոխիկյանը նշեց, որ պատժամիջոցների խստացումը կարող է դառնալ այն գործոնը, որը քաղաքացիներին կստիպի ավելի լուրջ վերաբերվել օրենքին։ Նրա խոսքով՝ ընտրակաշառքի մշակույթը ձևավորվել է տարիներ շարունակ, և դրա հաղթահարումը միայն քարոզչությամբ հնարավոր չէ։
Հոխիկյանը հիշեցրեց, որ նախկին ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի բաժանումը դարձել էր սովորական երևույթ, և հասարակության մի մասը մեծացել է հենց այդ իրականության պայմաններում։ Նրա համոզմամբ՝ այդ մշակույթը փոխելու համար անհրաժեշտ են խիստ իրավական մեխանիզմներ։
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի շուրջ իրականացվող խուզարկություններին՝ Էլեն Հոխիկյանը նշեց, որ ցանկացած իրավական գործընթաց, հատկապես երբ առնչվում է քաղաքական դաշտին, անխուսափելիորեն քաղաքական ազդեցություն ունի։ Միաժամանակ նա ասաց, որ հասարակության մոտ վաղուց հարց էր առաջացել, թե ինչու նախկին իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ իրավական գործընթացները բավարար չափով չեն իրականացվել։
Նրա խոսքով՝ ներկայիս գործողությունները կարելի է դիտարկել որպես նախկինում սկսված քրեական գործերի շարունակություն, որոնք վերաբերում են փողերի լվացման և հարկերից խուսափելու վերաբերյալ մեղադրանքներին։
Փորձագետը նաև հիշեցրեց, որ նախկինում բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ դատարանների միջոցով կարողացել են խուսափել պատասխանատվությունից, ուստի, նրա կարծիքով, վաղ է այս փուլում կատարվող գործընթացները բացառապես քաղաքական հետապնդում որակելը։
Խոսելով հնարավոր քաղաքական ազդեցության մասին՝ Էլեն Հոխիկյանը նշեց, որ ընդդիմությունը, անկախ ամեն ինչից, շարունակելու է համագործակցել, քանի որ առաջնորդվում է ընդհանուր շահերով։ Միաժամանակ նա կարծում է, որ գործարարների քաղաքական ակտիվության նվազումը դրական երևույթ կլինի։
Նրա համոզմամբ՝ գործարարները քաղաքականություն մտնում են առաջին հերթին սեփական տնտեսական շահերը պաշտպանելու նպատակով, մինչդեռ քաղաքականությամբ պետք է զբաղվեն այն մարդիկ, ովքեր չեն գտնվում շահերի բախման պայմաններում։
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության ապագա առաջնորդության հարցին՝ Հոխիկյանը նշեց, որ դժվար է պատկերացնել, թե Նարեկ Կարապետյանը կկարողանա դառնալ ընդդիմության միասնական առաջնորդը կամ հեղինակություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի նկատմամբ։ Նրա խոսքով՝ եթե ընդդիմության ռազմավարությունը համակարգվելու է Ռուսաստանից, ապա վերջնական որոշումները նույնպես այնտեղ են կայացվելու։
Ռուսաստան–Հայաստան հարաբերությունների մասին խոսելիս Էլեն Հոխիկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, իր կարծիքով, նպատակ ունի հասկանալու երկու կողմերի «կարմիր գծերը»։ Նա կարծում է, որ Ռուսաստանը համոզվել է, որ ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանափոխության հասնել չի կարողացել, և այժմ փորձելու է վերագնահատել իր հետագա քայլերը։
Հոխիկյանի գնահատմամբ՝ Ռուսաստանը մինչև այսօր Հայաստանը չի ընկալում որպես լիարժեք ինքնիշխան և սուվերեն պետություն։ Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է Հայաստանը դիտարկել որպես սեփական աշխարհաքաղաքական շահերի սպասարկման տարածք։
Նա հիշեցրեց, որ նման մոտեցումներ Ռուսաստանը ցուցաբերել է նաև այլ հետխորհրդային երկրների նկատմամբ՝ բերելով Մոլդովայի, Վրաստանի և այլ երկրների օրինակները։
Էլեն Հոխիկյանը նաև անդրադարձավ Ղազախստանի օրինակին՝ նշելով, որ այդ երկիրը, լինելով ԵԱՏՄ անդամ, ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները Եվրոպայի հետ, սակայն Ռուսաստանի արձագանքը բոլորովին այլ է, քանի որ Ղազախստանի աշխարհաքաղաքական կշիռը և միջազգային դիրքը զգալիորեն տարբերվում են Հայաստանից։
Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստանը տարբեր ոլորտներում շարունակում է կախված մնալ Ռուսաստանից, Մոսկվան փորձելու է օգտագործել տնտեսական և այլ լծակներ՝ սեփական շահերն առաջ մղելու համար։

Զրույցի ավարտին Էլեն Հոխիկյանը բլից հարցերի ընթացքում նշեց, որ ընտրությունների գլխավոր արդյունքը Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումն էր, Սահմանադրական դատարանի որոշումը՝ կանխատեսելի, նոր Սահմանադրության ընդունումը՝ անհրաժեշտ, իսկ տարվա գլխավոր խնդիրը՝ երկրի քաղաքական իրավիճակի հնարավորինս կայունացումը։
Հարցազրույցն ամբողջությամբ‘
