Մանդատ վերցնել-չվերցնելը ընդդիմության որոշումը չէր: Առաջին փուլում, այո՛, Ռուսաստանը պարտվեց, այն է՝ ընտրությունների միջոցով իշխանություն վերցնել, դա չհաջողվեց, Սահմանադրական դատարանը վերջ դրեց ռուսական պլան Ա‑ին: Հայաստանում այսպիսով ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման գործընթացն ավարտվեց, բայց «կինոն» չավարտվեց:
Արմեն Բադալյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, խորհրդարան անցած ընդդիմադիր քաղաքական երկու ուժերն էլ արդեն հայտարարել են, որ վերցնելու են մանդատները՝ դրանք համարելով զենք գործող իշխանությունից ազատվելու համար: Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության որոշումը:
– Ընդդիմության որոշումը չպետք է առանձին դիտարկել. միշտ հիշեք, որ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները արտահայաստանյան երկու աշխարհաքաղաքական կենտրոնների պայքարն է Հայաստանի տարածքում: Խոսքը Ռուսաստանի և Արևմուտքի մասին է, հիմա երկու ճակատով պայքար է ընթանում այս երկուսի միջև, մեկը Ուկրաինայում է, որն ունի ռազմական բախման ձևաչափ, մյուսն էլ Հայաստանն է, որն ունի քաղաքական բախման ձևաչափ:
Մանդատ վերցնել-չվերցնելը ընդդիմության որոշումը չէր: Առաջին փուլում, այո՛, Ռուսաստանը պարտվեց, այն է՝ ընտրությունների միջոցով իշխանություն վերցնել, դա չհաջողվեց, Սահմանադրական դատարանը վերջ դրեց ռուսական պլան Ա‑ին: Հայաստանում այսպիսով ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման գործընթացն ավարտվեց, բայց «կինոն» չավարտվեց:
Հիմա Ռուսաստանն անցել են պլան Բ‑ին, որը, ինչպես ես եմ հասկանում, հետևյալն է. Ռուսաստանը որոշել է տնտեսապես հյուծել Հայաստանին՝ կիրառելով տնտեսական սահմանափակումներ, վերցնել մանդատները, երրորդն էլ փողոցն ակտիվացնելու պահն է, ինչը ենթադրում է փողոցի փակում: Երեք ճակատով գրոհել իշխանությունների դեմ ու այդպիսով ապամոնտաժել օրվա իշխանությունը: Հիմա պլան Բ‑ն է գնում, այդ ծրագրի մեջ մտնում էր մանդատները վերցնելը, վերցրեցին:
– Իսկ այդ միջոցով կարողանալո՞ւ են գործող իշխանության հեռացմանը հասնել:
– Իշխանության հեռացումը պայմանավորված չէ միայն մանդատները վերցնելով, դա համալիր գործողություն է՝ Մոսկվայի ճնշում, ԱԺ-ում ընդդիմության որոշակի գործողություն ու փողոցի գործողություն: Այս խորհրդարանում, ի տարբերություն նախկին գումարման խորհրդարանի, ընդդիմությանն անհրաժեշտ է 12 պատգամավոր, որ իշխանությունը խորհրդարանական մեծամասնությունը կորցնի: Հիմա դա ավելի հեշտ է, իհարկե՝ համապատասխան գումարի դիմաց: Հիմա իրենք այս կերպ են փորձում աշխատել, ես չգիտեմ, կստացվի դա, թե ոչ, բայց չպետք է նաև մոռանալ, որ դեկտեմբերին ավարտվում է Հայաստանին տրված վերջնաժամկետը ԵԱՏՄ‑ի հարցով: Մինչև դեկտեմբերի վերջը Ռուսաստանը պետք է փորձի ապամոնտաժել Փաշինյանի իշխանությունը, եթե չստացվի՝ դեկտեմբերի վերջին Հայաստանին ուղղակի դուրս կհանեն ԵԱՏՄ-ից իր բոլոր հետևանքներով:
– Պարո՛ն Բադալյան, այսինքն՝ Ռուսաստանըհակված չէ՞ այս իշխանության հետ հարաբերությունների կարգավորման գնալ, եթե անգամ Հայաստանի գործող իշխանությունը որոշի զիջումների գնալ:
– Փաշինյանը չի գնա զիջումների. խնդիրը մի դիտարկեք Ռուսաստան-Հայաստան կոնտեքստում, այլ՝ ռուսամետ ընդդիմություն-«Քաղաքացիական պայմանագիր»-Արևմուտք: Երբ Ռուսաստանը մայիսի 30-ին ԵԱՏՄ-ում ընդունեց համապատասխան որոշումը, այնտեղ հստակ գրված էր, որ Հայաստանն առաջնային կարգով պետք է երկու փաստաթուղթ չեղարկի՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ժամանակ ընդունված 44-կետանոց այդ հռչակագիրը, Հայաստանը պետք է չեղյալ հայտարարի Եվրամիության հետ կնքած բոլոր այն փաստաթղթերը, որոնք արդեն պարտադիր չափորոշիչներ են հանդիսանում: Ռուսաստանը պահանջելու է նաև, որ Հայաստանը Եվրամիության դիտորդներին դուրս հանի այստեղից, արագ արձագանքման այդ խմբին հեռացնի և այլն: Այսինքն՝ պահանջելու են Եվրամիության հետ կամուրջները լիարժեք այրել, իսկ եթե այդ ամենն արվի, ապա Եվրամիությունը հետ կպահանջի այն գումարները, որոնք տվել է Հայաստանին:
– Պարո՛ն Բադալյան, բայց նախօրեին Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպմանն ասաց, որ «Երևանը հետաքրքրված է Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացմամբ, ուզում է մնալ ԵԱՏՄ-ում»:
– Հա՛, բայց մի քանի օր առաջ էլ, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էր Հայաստանում, Փաշինյանը հայտարարեց, որ դեպի Եվրամիություն է գնում, հիմա գնացել է Եկատերինբուրգ ու լրիվ հակառակ բանն է ասում:

Բայց Ռուսաստանը, ինչպես հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը, այլևս Փաշինյանի հայտարարություններով չի առաջնորդվելու, դատելու է գործնական քայլերով, իսկ գործնական քայլերը կոնկրետ ներկայացրել է Ռուսաստանը, որոնց մասին վերևում ասացի:
Աղբյուրը՝ https://medialab.am/319240/
