Այս դեպքում եւ առհասարակ Իրանի դժգոհությունը հայտկապես ադրբեջանական պատվիրակության ցածր կարգավիճակի առումով հասկանալի է։
Վահրամ Աթանեսյան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Իրանի սպանված գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակի պաշտոնական արարողությանը մասնակցելու համար։ X‑ում հրապարակված հայերեն ուղերձում նախագահ Փեզեշքիանը մասնավորապես գրել է․ «Ի սրտե երախտագիտությունս եմ հայտնում մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակության ներկայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդի և կառավարության անունից մեծարգո վարչապետի կողմից արտահայտած ցավակցության համար։ Մենք երբեք չենք մոռանա այս բարի կամքի դրսևորումը»։ Խամենեին Հայաստանն «ազնիվ հարևան» էր անվանում, ուղերձում նշել է նա։
Նախօրեին Հայաստանում Իրանի դեսպան Շիրղոլամին մամուլի ասուլիս է անցկացրել, որի ընթացքում անդրադարձել է նաեւ այաթոլլա Ալի Խամենիի վերջին հրաժեշտին Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակությունների մասնակցությանը։ Դեսպանը ասել է, որ Իրանի «հիշողության մեջ այդ փաստը չի մոռացվի»։ Թուրքական պատվիրակությունը գլխավորել է փոխնախագահ Յըլմազը, Ադրբեջանը ներկայացրել է Միլլի մեջլիսի խոսնակ Գաֆարովան։

Այս դեպքում եւ առհասարակ Իրանի դժգոհությունը հայտկապես ադրբեջանական պատվիրակության ցածր կարգավիճակի առումով հասկանալի է։ Մանավանդ որ դրանից տառացիորեն մի քանի օր առաջ Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է, որ պատերազմի օրերին «Ադրբեջանը գտնվել է Իրանի կողքին» եւ այդպիսով «ադրբեջանական տարածքը Իսրայելի կողմից Իսլամական հանրապետության դեմ օգտագործելու թեման փակել»։
Ի՞նչ շահերով է Իլհամ Ալիեւը առաջնորդվել, երբ Ալի Խամենեիի հուղարկավորության պաշտոնական արարողությանը չի մասնակցել, իր խնդիրն է։ Ի՞նչ «դառը նստվածք է դա թողել» Իրանի բարձրագույն ղեկավարության մոտ, եւ ի՞նչ է հետեւելու, դա էլ Իսլամական հանրապետության գործն է։ Մեզ պետք է մի բան հետաքրքրի․ Ադրբեջանից եւ Թուրքիայից պաշտոնական Թեհրանի դժգոհությունը ինչու՞ Երեւանից է հնչեցվել։
Այստեղ, իհարկե, կարելի էր ԻԻՀ դեսպանին հարցնել, թե Իրանի հիշողության մեջ ի՞նչ հետք է թողնելու Խամենեիի հուղարկավորությանը ռազմավարական դաշնակից Ռուսաստանի պատվիրակությունը, որ գլխավորել է Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդեւը, բայց դա էլ Մոսկվայի եւ Թեհրանի խնդիրն է։ Այս փուլում փաստ է, որ Հարավային Կովկասի երկներից Իրանի նախկին Գերագույն հոգեւոր առաջնորդի վերջին հրաժեշտի արարողությանը միայն Հայաստանն է բարձրագույն մակարդակով մասնակցել։

Առկա իրավիճակում այդ իրողությունը կկապիտալիզացվի՞,- սա է էականը։ Անցած ավելի քան երեք տասնամյակներին իրանա-ադրբեջանական հարաբերությունները «մակընթացության եւ տեղատվության» մի քանի տեւական են փուլ են անցել, բայց Թեհրանը եւ Բաքուն մնացել են առնվազն բարի դրացի։
Վահրամ Աթանեսյան
