Եթե այս հիմնարար եւ անժամկետելի փաստաթղթերի հիման վրա Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը «կապիտուլյացիոն» կամ «պարտադրված է», ապա ո՞րն է միջազգային իրավունքից բխող այն հիմքը, որ պետք է «լինի հայ-ադրբեջանական խաղաղության երաշխիք»։
Վահրամ Աթանեսյան
Քառասունչորսօրյա պատերազմի զինադադարի համաձայնագիրը, որքան էլ արտառոց չհնչի, «կապիտուլյացիա» են անվանել Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի նախկին երեք նախագահները։
Այսօր խոսույթը փոքր-ինչ փոխվել է։ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի հետ «խաղաղություն է հաստատվել Ադրբեջանի պայմաններով», իսկ հայաստանյան փորձագիտական որոշ շրջանակներ դա համարում են «հարեւանների կողմից պարտադրված խաղաղություն»։

Որ ասվածը իրականության հետ ոչ մի առնչություն չունի, բավական է նայել Հայաստան-Ադրբեջան՝ անցյալ տարվա օգոստոսի 8‑ին Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի պրեամբուլան։ Այնտեղ նշված են ձեռք բերված պայմանավորվածության իրավական հիմքերը՝ Ալմաթիի Հռչակագիր, ՄԱԿ‑ի Կանոնադրություն, Պետությունների հարաբերությունների եւ միջազգային իրավունքի սկզբունքների մասին ՄԱԿ‑ի Գլխավոր ասամբլեայի 1970թ․ Հռչակագիր, ԵԱՀԽ Հելսինկյան Եզրափակիչ ակտ։
Եթե այս հիմնարար եւ անժամկետելի փաստաթղթերի հիման վրա Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը «կապիտուլյացիոն» կամ «պարտադրված է», ապա ո՞րն է միջազգային իրավունքից բխող այն հիմքը, որ պետք է «լինի հայ-ադրբեջանական խաղաղության երաշխիք»։
Այս հարցին ոչ ոք «հոդաբաշխ» պատասխան չի տալիս, բայց եթե բարեխղճություն ունենանք եւ վերհիշենք, թե Հայաստանի հետ խաղաղության ինչ նախապայմաններ էր Ալիեւը ներկայացնում 2021–2024 թվականներին եւ համեմատենք նախաստորագրված պայմանագրի տասնյոթ հոդվածների հետ, ապա պարզ կդառնա, որ Հայաստանին խաղաղություն պարտադրել չի հաջողվել։
Խոսքը փաստաթղթի մասին է, իրական խաղաղության ճանապարհը դեռ երկար եւ բավական փշոտ է լինելու։ Եւ հենց դրա համար էլ չի կարելի փխրուն խաղաղությունը «պարտադրված» կամ «ադրբեջանական պայմաններով» անվանել։
Դա վտանգավոր է նախ ներազգային ընկալման համար։ Սերունդները չպետք է «պարտված խաղաղության» բարդույթ ունենան։

Բայց ավելի կարեւոր է, որ հակառակ կողմից չպետք է առիթ տալ, որպեսզի սպասվող բարդ գործընթացներում, ինչպիսին, մասնավորապես, սահմանազատումն է լինելու, հանդես գա «պայմաններ թելադրողի» դիրքից։
Զգացմունքները բնական եւ հարգելի են, եթե խոսքը բանաստեղծության կամ գեղարվեստական ֆիլմի մասին է։
Քաղաքական-փորձագիտական խոսույթը պետք է նույնքան սառը, հաշվենկատ եւ թիրախային լինի, որքան՝ դիվանագիտականը։
Դիվանագիտության հաջողության աղբյուր է նաեւ հանրային կարծիքը, իրավիճակի ընկալումը։ Դժվար է, իհարկե, բայց մենք պարտավոր ենք այդ «քավարանը» անցնել։
«Բանաստեղծների ժամանակը» հետո կգա։
Վահրամ Աթանեսյան
