Հոխիկյանը պետք է «աչքերը բացի» եւ տեսնի, որ ԽՍՀՄ կառավարությունը 1967թ․-ին, ի դեպ, դա Լեռնային Ղարաբաղում Հայաստանի հետ միավորման շարժման եւ հայ-ադրբեջանական «հուզումների» տարին է, որոշել է «Անդրկովկասի երկաթուղիներ» պետական ընկերությունից առանձնացնել եւ կազմավորել «Ադրբեջանի երկաթուղիների վարչություն» հիմնարկը։
Վահրամ Աթանեսյան
Անհայտ մասնագիտության եւ զբաղմունքի տեր Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքում գրառում է կատարել եւ Հայաստանը անվանել «թուրանական աշխարհի կոկորդում հարյուրամյա ոսկոր, որ Նիկոլ Փաշինյանը ջարդել է»։
Խոսքը TRIPP նախագծի մասին է։

Հոխիկյանը Հայաստանի պատմությանը անտեղյակ է։ Այլապես կիմանար, որ առաջին Հանրապետությունը իր տարածքում Օսմանյան Թուրքիային երկաթուղիների վերահսկողության իրավունք է տվել 1918թ․ հունիսի 4‑ի Բաթումի պայմանագրով, ուստի «ոսկորը ջարդվել է» հենց այդ ժամանակ։
Բայց դա ամբողջը չէ։ Հոխիկյանը պետք է «աչքերը բացի» եւ տեսնի, որ ԽՍՀՄ կառավարությունը 1967թ․-ին, ի դեպ, դա Լեռնային Ղարաբաղում Հայաստանի հետ միավորման շարժման եւ հայ-ադրբեջանական «հուզումների» տարին է, որոշել է «Անդրկովկասի երկաթուղիներ» պետական ընկերությունից առանձնացնել եւ կազմավորել «Ադրբեջանի երկաթուղիների վարչություն» հիմնարկը։

Երկաթուղու այն հատվածը, որ «թուրանական աշխարհի կոկորդին ոսկոր էր», այն է՝ գտնվում էր ՀԽՍՀ տարածքում, ենթարկեցվել է «Ադրբեջանի երկաթուղիների վարչությանը»։

Այսինքն, ՀԽՍՀ տարածքում երկաթուղու քառասուներկու կիլոմետրանոց հատվածը, որ գտնվում էր Իրանի սահմանին «կպած», կառավարվել է Բաքվից։
Քառասունչորսօրյա պատերազմի ավարտը ազդարարող հայտարարության իմաստով երկաթուղու այդ հատվածի վերահսկողությունը պետք է իրականացնեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը։ Ընդ որում, այդ փաստաթղթում բառ իսկ չկա, որ երկաթուղին անցնում է ՀՀ ինքնիշխան տարածքով։ Հայաստանը միայն պետք է Ադրբեջան-Նախիջեւան երկկողմ հաղորդակցությանը չխոչընդոտեր։

Անցյալ տարվա օգոստոսի 8‑ին Վաշինգտոնում Հայաստանը եւ Ադրբեջանը ԱՄՆ նախագահի վկայությամբ ստորագրել են փաստաթուղթ, որը երկաթուղու այդ հատվածը ճանաչում է ՀՀ իրավազորության ենթակա ենթակառույց, տարածքը՝ միանշանակ հայաստանապատկան։ Այդ «երկու տողը» Ադրբեջանին պարտադրում է ճանաչել Սյունիքի անվերապահ հայաստանապատկանությունը, որով լուծվում է Հայաստանի տարածքային ամբողջականության եւ դրա նկատմամբ ինքնիշխանության հարցը։

Ովքեր հոգի ի բուռ պայքարում են այդ ճանաչման դեմ, սպասարկում են Սյունիքի հարավի երկաթուղին «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության կառավարմանը հանձնելու օրակարգը։
Վահրամ Աթանեսյան
