Այդ տարածքները ավելի քան քառորդ դար գտնվել են հայկական վերահսկողության ներքո, բայց այդպես էլ չեն յուրացվել։
Վահրամ Աթանեսյան
Հուլիսի 11-ին Իլհամ Ալիեւը ներկա է գտնվել Հակարո գետի վրա ջրամբարի հիմնարկեքի արարողությանը։ Ադրբեջանը ջրային պաշարների սուր կարիք ունի։ Վերջին տարիներին Կուր գետը պարբերաբար «անակնկալներ է մատուցում»։ Բավական է ասել, որ Ադրբեջանի ոչ միայն շրջանային ենթակայության բնակավայրերը, այլեւ Բաքուն եւ մյուս խոշոր քաղաքները առայսօր շուրջօրյա ջրամատակարարման մասին միայն երազում են։
Թե ինչ նպատակներով է կառուցվում Հակարիի ջրամբարը, դժվար չէ ենթադրել։ Այդ տարածքում տասնյակ հազարավոր հեկտար ջրարբիացման կարիք ունեն։ Ջրամբարը կարող է նաեւ հիդրոէլեկտրակայանի կառուցման խնդիր լուծել։

Այդ տարածքները ավելի քան քառորդ դար գտնվել են հայկական վերահսկողության ներքո, բայց այդպես էլ չեն յուրացվել։ Վերջին տարիներին Աղավնո եւ Հակարի գետերի փոքր հէկ-եր են կառուցվել, որ քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում ապամոնտաժվել են, բացի մեկից․ այն, ըստ օդում կախված լուրերի՝ «երեք միլիոն դոլարի դիմաց անխափան թողնվել է ադրբեջանցիներին»։
Բայց դա չէ հիմնական ասելիքս։ Քննարկվում էր 2006թ․ ԼՂՀ պետական բյուջեի նախագիծը։ Կառավարությունը առաջարկում էր Ասկերան ավանի մերձակայքում ամբարտակ կառուցել, փակել Կարկառ գետի հոսքը, ամբարել ջուրը եւ Մարտունու եւ Ասկերանի շրջանում մի քանի հազար հեկտար հողերը ջրարբիացնել։

Այդ նախագծի ոչ պաշտոնական հիմնավորումներից էր այն, որ ռազմական գործողությունների վերսկսման եւ ճգնաժամային իրավիճակ ստեղծվելու դեպքում «կարելի է ամբարտակը պայթեցնել, հեղեղել Աղդամի հարթավայրային տարածքները եւ դեպի Ստեփանակերտ թշնամու առաջխաղացումը կասեցնել»։
Այդ տարի խորհրդարանական ընտրություններ էին տեղի ունեցել, նորաստեղծ «Ազատ հայրենիք» կուսակցությունը ներկայանալի խմբակցություն ուներ եւ ամեն ինչ արեց, որպեսզի այդ ծրագրի ֆինանսավորումը բյուջեի նախագծից հանվի։

Ցանկության եւ ամուր կամքի առկայության դեպքում, իհարկե, կառավարությունը եւ նախագահ Արկադի Ղուկասյանը կարող էին քվեարկությամբ ապահովել Ասկերանի ջրամբարի կառուցման ֆինանսավորումը, բայց մեկ-երկու քննարկումից հետո տեղի տվեցին։
Ըստ երեւույթին, «հրահանգը իջեցվել էր Երեւանից»։
Ինչու՞։ Ալիեւը պատերազմով սպառնացե՞լ էր։

Ստեփանակերտում, մինչդեռ, այդ ռազմավարական նշանակության ծրագրի ձախողումը մատուցվեց որպես իշխանության եւ «Ազատ հայրենիքի» հայտնի գործարարների միջեւ «փողի համար պայքար, որտեղ ոչ մեկն է հաղթել, ոչ մյուսը»։
Վահրամ Աթանեսյան
