TRIPP նախագիծը Հայաստանի համար կարող է դառնալ ոչ միայն ենթակառուցվածքային, այլև քաղաքական և աշխարհաքաղաքական գործիք՝ բարձրացնելով երկրի կշիռը Եվրասիական տարածքում։
Աննա Օհանյան
ShantNews‑ը զրուցել է քաղաքագետ Աննա Օհանյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դինամիկան և Ադրբեջանի էներգետիկ ու քաղաքական մարտահրավերները։ Օհանյանըհիմնավորում է, որ Բաքվի նավթային պաշարների նվազումը ստիպում է Ալիևին որոնել տրանզիտային պետության նոր կարգավիճակ, սակայն ներքին բռնապետական համակարգը վախենում է իրական խաղաղությունից, քանի որ տնտեսական ազատականացումը կարող է թուլացնել կենտրոնացված իշխանությունը։ Շեշտվում է, որ Հայաստանը պետք է վարի էներգետիկ դիվերսիֆիկացիայի քաղաքականություն և օգտագործի միջազգային դիվանագիտական գործիքները սեփական սուբյեկտայնությունը բարձրացնելու համար։ Վերջնարդյունքում, տարածաշրջանի կայունությունը դիտարկվում է գլոբալ հակամարտությունների՝ մասնավորապես Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի և Արևմուտքի ճնշումների համատեքստում։
Աննա Օհանյանը նշեց, որ Ադրբեջանի նավթային պաշարների արագ նվազման և նոր ներդրումների բացակայության պայմաններում Բաքուն կանգնած է տնտեսությունը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության առաջ։ Նրա խոսքով՝ խնդիրը տեխնիկական չէ, այլ քաղաքական, քանի որ տնտեսական ազատականացումը կթուլացնի Իլհամ Ալիևի ստեղծած իշխանական կենտրոնացված համակարգը։
Քաղաքագետը կարծում է, որ Ալիևը փորձում է միաժամանակ ներկայանալ որպես խաղաղության գործընթացի պատասխանատու մասնակից, սակայն իրականում խուսափում է խորքային խաղաղությունից։ Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի նախագահը վախենում է ինչպես պատերազմից, այնպես էլ իրական խաղաղությունից, որովհետև վերջինս կխորացնի տնտեսական փոխկապակցվածությունը, ինչն իր հերթին կնվազեցնի իշխանության վերահսկողության լծակները։
Աննա Օհանյանի գնահատմամբ՝ խաղաղության պայմանագրի չստորագրումը ևս հաշվարկված քաղաքականություն է։ Նա ասաց, որ այդ կերպ Ալիևը կարողանում է վերահսկել ինչպես Թուրքիայի հետ հարաբերությունների դինամիկան, այնպես էլ խաղաղության օրակարգի ինտենսիվությունը երկրի ներսում։ Նրա խոսքով՝ պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանի ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներն ավելի տեսանելի կդառնան։
Օհանյանը նշեց, որ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը ձեռնտու է Բաքվին, քանի որ թույլ է տալիս պահպանել տարածաշրջանային գերիշխանության պատրանքը։ Նա հիշեցրեց, որ ավտորիտար համակարգերում, որտեղ առկա են լեգիտիմության պակաս և խոր տնտեսական խնդիրներ, ներքին անկայունությունը կարող է արտաքին միջամտությունների հիմք դառնալ։ Այդ պատճառով, ըստ նրա, իշխանությունը շարունակում է պահպանել հայի կերպարը որպես արտաքին թշնամի։ Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի, ինչպես նաև Եվրոպայի աշխարհաքաղաքական ինքնուրույնացման ֆոնին Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունը կտրուկ աճել է։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է նվազող նավթային եկամուտները փոխարինել տրանզիտային դերակատարությամբ, սակայն միայն տրանսպորտային հանգույց դառնալը չի կարող լրացնել նավթային եկամուտների կորուստը։
Աննա Օհանյանը նշեց, որ TRIPP նախագիծը Հայաստանի համար կարող է դառնալ ոչ միայն ենթակառուցվածքային, այլև քաղաքական և աշխարհաքաղաքական գործիք՝ բարձրացնելով երկրի կշիռը Եվրասիական տարածքում։ Միաժամանակ նա ընդգծեց, որ դրա հաջողությունը կախված է նաև Հայաստանի պետական ինստիտուտների ամրությունից և արդյունավետ դիվանագիտությունից։ Ադրբեջանի տնտեսության համար ապաշրջափակումը կենսական նշանակություն ունի, սակայն անձամբ Ալիևի համար այն քաղաքական ռիսկեր է ստեղծում։ Օհանյանը բացատրեց, որ ազատ առևտուրը սովորաբար թուլացնում է այն համակարգերը, որոնք կառուցված են մեկ անձի իշխանության շուրջ, քանի որ տնտեսական հնարավորությունները դուրս են գալիս իշխանության անմիջական վերահսկողությունից։
Խոսելով Հայաստանի էներգետիկ անվտանգության մասին՝ քաղաքագետը նշեց, որ որևէ երկրի վրա ամբողջական կախվածություն ստեղծելը սխալ մոտեցում է։ Անհրաժեշտ է հնարավորինս դիվերսիֆիկացնել էներգակիրների աղբյուրները՝ օգտագործելով ինչպես Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ուղղությունները, այնպես էլ զարգացնելով այլընտրանքային և կանաչ էներգետիկան։
Աննա Օհանյանը TRIPP‑ի վերաբերյալ ընդգծեց, որ համաձայնագրում առկա է փոխադարձության սկզբունքը, ինչը նշանակում է, որ սահմանների բացումը նախատեսված է ամբողջ տարածաշրջանի համար։ Սակայն նա շեշտեց, որ փաստաթղթի տեքստը և դրա իրականացումը տարբեր հարթություններ են, ուստի Հայաստանի դիվանագիտությունը պետք է ակտիվորեն աշխատի ԱՄՆ‑ի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ նախագծի ամբողջական իրականացման համար։
Օհանյանի կարծիքով՝ Հայաստանի խնդիրը չպետք է լինի միայն համաձայնագիրը գնահատելը, այլ նաև սեփական սուբյեկտայնության լիարժեք օգտագործումը։ Նա ասաց, որ երկիրը պետք է այդ նախագիծը վերածի արտաքին քաղաքական ազդեցության գործիքի՝ ավելի ճկուն և նախաձեռնող դիվանագիտության միջոցով։
ԱՄՆ քաղաքականության մասին խոսելիս Աննա Օհանյանը նշեց, որ Վաշինգտոնը դեռևս ունի Ադրբեջանի նկատմամբ ազդեցության գործիքներ, թեև, իր կարծիքով, դրանք ամբողջ ծավալով չեն կիրառվում։ Նա հիշեցրեց, որ Բայդենի վարչակազմը զգալի ճնշում էր գործադրում փակ դիվանագիտական խողովակներով, իսկ ներկայում ԱՄՆ‑ն դեռ կարող է ավելի մեծ դեր խաղալ գործընթացում։
Քաղաքագետը կարծում է, որ Հարավային Կովկասի բաց սահմաններն ու փոխկապակցվածությունը բխում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի երկարաժամկետ շահերից։ Նրա խոսքով՝ Իրանի, Ռուսաստանի և Արևմուտքի միջև խորացող հակասությունների պայմաններում Ադրբեջանը դարձել է ավելի խոցելի ենթակառուցվածքային թիրախ, ինչը մեծացնում է տարածաշրջանային կայունության արժեքը։
Աննա Օհանյանը նաև քննադատեց Եվրոպական միության քաղաքականությունը՝ նշելով, որ Եվրոպական խորհրդարանը և Եվրահանձնաժողովը հաճախ տարբեր ուղերձներ են փոխանցում Բաքվին, ինչի հետևանքով թուլանում է ԵՄ ընդհանուր դիրքորոշումը։
Ռուս-ուկրաինական և Իրան-Իսրայել-ԱՄՆ հակամարտությունների մասին խոսելիս նա ասաց, որ ժամանակակից պատերազմներն ապացուցում են՝ պատերազմ սկսելն ավելի հեշտ է, քան այն ավարտելն ու խաղաղություն կառուցելը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի ներսում արդեն քաղաքական և տնտեսական ճնշում են ստեղծում Կրեմլի համար։ Իրանի պարագայում ևս իրավիճակը փոխվել է․Թեհրանը դարձել է ավելիպատրաստակամ ուղիղ դիմակայության, իսկՀորմուզի նեղուցը վերածել է միջազգային ճնշման կարևոր գործիքի։
Քաղաքագետի գնահատմամբ՝ այս զարգացումները ևս մեկ անգամ ընդգծում են կայուն Հարավային Կովկասի կարևորությունը։ Նա կարծում է, որ Ադրբեջանի ներքին լեգիտիմության խնդիրները, տնտեսության նավթային կախվածությունը և արտաքին ռիսկերը երկիրը դարձնում են ավելի խոցելի։

Խոսելով Ռուսաստանի մասին՝ Աննա Օհանյանը նշեց, որ երկիրը զգալիորեն թուլացել է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով։ Նրա կարծիքով՝ երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի համար առավել շահավետ կլինի անցումը ավելի պրագմատիկ պետական կառավարման, որը թույլ կտա կարգավորել հարաբերություններն Արևմուտքի հետ և վերականգնել տնտեսական կայունությունը։ Միաժամանակ նա զգուշացրեց, որ չի ցանկանում գերագնահատել Պուտինի իշխանության արագ թուլացման վերաբերյալ կանխատեսումները, քանի որ սոցիոլոգիական տվյալները դեռ ցույց են տալիս նախագահի զգալի հանրային աջակցությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
