Սփիւռք

Պարտաւորութեան Ճամփով՝ Ճշտւում է Պատասխանատւութեան Չափը.

Եկէք ընդունենք, որ ճգնաժամը այսօր հենց մենք ենք և մեր պետականութիւնը

Հենրիկ Խալոեան

Սա, «իրաւասութիւն»- «պատասխանատւութիւն» փոխկապակցութեան օրինաչափն է, ամենուր և ամեն մակարդակում՝ ընտանիքից, կազմակերպութիւն մինչ պետութիւն: Մեր օրերին հասարակական-քաղաքական դաշտը բաժանւել է ծայրահեղ երկբևեռի՝ նրանք, որոնք ներկայ ճգնաժամի պատճառը և պատասխանատուն անցեալի 20-30 տարիներն են համարում ու նրանք, որոնք անցեալ 2/5 տարին:

Ի հարկէ կարելի է, և միգուցէ ճիշտ կը լինի «պատճառ»ը և «պատասխանատւութիւն»ը ընդհանրապէս տարանջատել. պատճառ – հետևանքային քննարկումը կարևոր է, սակայն ռէալ կեանքում անհրաժեշտ է յստակեցնել՝ իրաւական պատասխանատւութիւնը և դրա սկզբունքը:

Վերջին հաշւով՝ պետական մասշտաբում իրաւասու է օրւայ իշխանութիւնը, ուրեմն որևէ պետութեան յաջողութեան կամ ձախողման լիիրաւ պատասխանատուն ևս՝ գործող իշխանութիւնն է:

-Լևոն Տ Պետրոսեան (1991-1998) պատասխանատուն էր իր ժամանակի իրավիճակի՝ սև ու մութ օրերի, Արցախի յաղթանակի, անմշակ սեփականշնորհումների, արտագաղթի և անընդունելի բռնութիւնների… որը և որպէս հետևանք՝ լուռ ու մունջ «յեղաշրջում»ով հեռացաւ:

-Ռոբերտ Քոչարեանը ևս իր ժամանակահատւածի (1998- 2008) իրականութեան պատասխանատուն. երկնիշ դրական, բայց և սանձարձակ ազատական տնտեսութեամբ, Արցախի կարգավիճակի նոյնական պահպանմամբ, հոկտ. ի 27 ից մարտի 1-ի արիւնայեղութիւններով լի դէպքերի… նախագահ՝ որը շարունակեց անարդարութեան գործընթացը երկրում և անարդար ընտրութիւններով իր աթոռն փոխանցեց իր գործընկերոջը:

-Նախագահից – Վարչապետ՝ Սերժ Սարգսեան (2008-2018) Օլիգարխիայի կոռուպցիօն համակարգի գերիշխանութեան ամրակայողը, թրքական պրոտոկոլների, Մոսկւայից զարմացնող՝ միանձնեայ յայտարարութիններով ԵՄ- ից Եւրասիա մի օրում ուղղութիւն փոխողը, ահա այն մենատէր շախմատիստը, որին յաջողեց ներսից քայքայել ամեն կարգի ընդիմադիր ուժերին. իսկ Արցախի հարցով մնաց նոյն կարգավիճակում և 2016-ի քառորեայ պատերազմով պարզւեց մեր ցաւօտ իրականութիւնների մի մասը. նրան ու իր համակարգին «յաջողեց» այն աստիճանի զզւեցնել ու յուսահատեցնել ժողովրդական լայն խաւերին, որով երկրի Ազգային Անվտանգութիւնը իր օրօք համարւում էր արտագաղթը, և ընդհանրապէս մեր ժողովրդագրութիւնը: Իսկ վերջապէս յանուն իր վերարտադրութեան իրականացրեց ժամանակին «ոսկէ տառերով գրւող» մերօրեայ պառլամենտական սահմանադրութիւնը, ուր և Պուտին-Մեդւեդև մօդելով վերընտրւեց վարչապետ ու այդպիսով՝ լցւեց ժողովրդի համբերութեան բաժակը. այլևս հայի գենը չըհանդուրժեց և պատճառ դարձաւ ժողովրդական յեղափոխութեան և նրա յաղթանակին ու վերջապէս 2008 ին ստանձնած իշխանութիւնը և պատասխանատւութիւնը 2018-ին՝ ի պատիւ իրեն յանձնեց անարիւն:

Նիկոլ Փաշինեան (2018- …) լեգիտիմ այն իշխանութիւնը, որը կը նախընտրէի գրել 2018-առ 10 նոյեմբերի 2020: Իշխանութիւն՝ որը պիտ կերտեր այն պետութիւնը, որին երազեց յեղափոխական նոր սերունդը, ցանկանալով՝ ժողովրդավարական արդար կարգեր, ինքնիշխանութիւն և օրէնքի գերակայութեամբ երկիր. բայց աւաղ որ ներքին և արտաքին գործօնները փլուզեցին այդ բոլոր խանդավառութիւնը. (ոնց որ մի այլ օրինաչափ՝ գերտերութիւնների միջոցով ձախողեցնելու յեղափոխութիւնների վախճանը, տապալելով բռնութիւնների դեմ որևէ ազատագրման շարժում. ահա տեսէք տարբեր յեղափոխութիւնների վախճանը…):

Մի ցաւօտ իրականութիւն՝ 2018 ից կարճ ժամանակահատւած յաջողւեց համակարգային բարեփոխութիւններ և միաժամանակ սխալ ու եսակէնտրօն միանձնեայ ղեկավարում իրագործւեց. ապա պարտադրեալ պատերազմ և դառը պարտութիւն, որի արդիւնքում չունենք այն բոլորը որը պիտի ունենայինք այսօր որպէս Ազգ-Պետութիւն…

Ու վերջին հաշւով ա՛յո ի՞նչ էլ լինեն պատմական պատճառները՝ իրաւական պատասխանատուն մնում է ժամանակի գործող իշխանութիւնը:

Փորձենք գնահատել մեր պետականութեան հիմնասիւների կացութիւնը՝

-Գործադիր իշխանութիւնը՝ ձախողած է. ընդունած է կապիտուլացիա և անգամ վերջ է տալիս իր իսկ յեղափոխութեան սկզբունքին՝ թաւիշին` առանց պատրաստ լինելու հրաժարւել աթոռից, ու առիթ ստեղծել ժողովրդի ազատ կամա-արտայայտութեանը:

-Օրէնսդիր իշխանութիւն՝ որպէս խորհրդարանական երկիր, չի դրսևորում իր հեգեմոնիան և գերակայութիւնը ու գոյակցում է անփառունակ մեծամասնութեամբ և անճարակ ընդիմութեամբ:-

Դատա-իրավական համակարգ՝ հեղինակազրկւած մի համակարգի շարունակութիւն.

-Չորորդ իշխանութիւն՝ տեղեկատւական մեդիա դաշտ, որը ոչ թէ իշխանութեանց հակակշռող և իրական ժողովրդավարութեան պաշտպանի դէրում է, այլ թաղւած է վիրտուալ աշխարհում, ֆէյքերի «արտադրութեան» մրցարշաւում. ուր նաև հիմնականում բացակայ է մտաւորականութեան կարևոր դերակատարութիւնը: Մանաւանդ երբ կաթւածահար ու պարալիզացւած է քաղաքական դաշտն ու նրա դերակատար ուժերը՝ և ծայրահեղ գործընթացները ոչ մի հեռանկար կամ ճանապարհային քարտեզը չեն պարզում ազգային այս ճահիճից ազատւելու և վերականգնելու ի խնդիր:

Մի գուցէ այս բոլորը բնական է որևէ պատմական պարտութիւնից յետոյ, բայց ընկերներս ասում են՝ յոռետես եմ դարձել. դէ խնդրեմ դուք ասէք դրական գործօնները…Ես չեմ ասում, բայց ասում են՝ «չունենք» Նախագահ. այլ խօսքով հարցականի տակ է թէ վարչապետի և ընդհանրապէս նախագահի ինստիտուտը…

-Ազգային անվտանգութեան համակարգը ևս՝ զարմացրել է ոչ թէ իր գաղտնագործութեամբ այլ հարցազրոյցների բացայայտումներով:

-Զին ուժի ղեկավարութիւն՝ ( իր երդումին հակառակ) ներքաշւել է քաղաքական դաշտ…

Դէ չենք հաւանում ոչ անցեալի ոչ էլ ներկայի Սահմանադրութիւնը. ոնց որ չենք հաւանում իրաւական համակարգը, եթէ դատավճիռը մեր սրտով չէ. անգամ չենք հաւանում ինքը մեր ժողովուրդը, եթէ մեզ հետ չէ ժեխն ու զոմբիները…

Ծայրահեղ անհանդուրժողականութիւնը դարձել է նորմ, չկայ քաղաքացիական տարրական համերաշխութիւն…նոյնպէս անջրպետ է առաջացել եռամիասնութիւն խորհրդանիշ համարւող Հայաստան, Սփիւռք, Արցախ հասկացութեան մօտ և սփիւռքը նոյնիսկ եթէ մեր ժողովրդի երկու երրորդն է ներկայացնում՝ գործնականում չի կարևորւում իր դերակատարութեամբ… էլ ի՛նչ բան՝ մեր հարևանների կամ արտաքին քաղաքականութեան մասին:

Եկէք ընդունենք, որ կազմաքանդւում է ոչ թէ բանակը այլ պետութեան հիմնասիւնները… եկէք ընդունենք որ ճգնաժամը այսօր հենց մենք ենք և մեր պետականութիւնը: Ուրեմն հարկ է վերանայենք մեզ, սկսելով իշխանութիւնից՝ իր ինքնակամ հեռացումով. մինչ ազգային ամեն մի բջիջ, խուսափելով պետականութեանը վնասող որևէ գործընթացից ,հարկ է լծւենք համահայկական ու սե՛փական ուժերով պետականաշինութեան սե՛փական գործին՝ յանուն մեր ժողովրդի բարորութեան և հայրենիքի հզօրացման:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *