սոց ցանց

Գտե’ք Այլընտրանքային Գործընկերներ

Ինչպես պետք է ձգտել տնտեսական դիվերսիֆիկացիայի, այդպես էլ բանակի հարցում պետք է լինի արտաքին գործընկերային միջավայրի դիվերսիֆիկացվածության նվազագույն աստիճան:

Հակոբ Բադալյան

Հայկական բանակի ռեֆորմացիան հնարավոր չէ առանց որեւէ ուժեղ կենտրոնի հետ գործակցության, աջակցության: Օբյեկտիվորեն հնարավոր չէ, եւ շատ ներողություն՝ որեւէ հակառակ բան պնդելը ուղղակի լոլո է:

Հարցն այն է, թե ո՞ր կենտրոնի հետ գործընկերությամբ ու աջակցությամբ պետք է տեղի ունենա այդ ռեֆորմը, վերակառուցումը: Դարձյալ օբյեկտիվ իրողությունների բերումով՝ դուր գա դա մեզ, թե դուր չգա, Ռուսաստանն էստեղ «մրցակցությունից» դուրս է, այն իմաստով, որ այդ գործընթացը հնարավոր չէ առանց Ռուսաստանի մասնակցության:

Հայաստանի խնդիրը այդ համատեքստում «առանց Ռուսաստանի» վերակառուցումը չէ, այլ «միայն Ռուսաստանով» վերակառուցումը: Հայկական բանակի ռեֆորմացիան չպետք է լինի միայն Ռուսաստանի մասնակցությամբ, ներգրավվածությամբ ու աջակցությամբ:

Ինչպես պետք է ձգտել տնտեսական դիվերսիֆիկացիայի, այդպես էլ բանակի հարցում պետք է լինի արտաքին գործընկերային միջավայրի դիվերսիֆիկացվածության նվազագույն աստիճան, որով լուծվում են ոչ միայն ռազմա-տեխնիկական, այլեւ ռազմա-քաղաքական բազմաթիվ հարցեր:

Ես Ռուսաստանը չեմ համարում բանակի ռեֆորմացիայի արդյունավետ գործընկեր, եւ ընդհանրապես Ռուսաստանը որեւէ ռեֆորմացիայի արդյունավետ գործընկեր չէ, առնվազն քանի դեռ Ռուսաստանում կա ներկայիս կառավարող համակարգը: Այդ համակարգն ու որեւէ ռեֆորմացիա անհամատեղելի հասկացություններ են, անգամ «թշնամի» հասկացություններ:

Բայց, նաեւ չեմ տեսնում այստեղ հնարավորություն, երբ Ռուսաստանը չի ունենա այդ հարցում գերիշխող դիրք: Կարելի է անել դեկլարատիվ բնույթի հայտարարություններ՝ ԱՄՆ, Չինաստան, Իրան եւ այլն, եւ այլն: Այդ եւ այլ ուղղություններով աշխատանքի ինտենսիվությունը պետք է բազմապատկել, բայց նաեւ պետք չէ մտածել, թե էնտեղ նստած սպասում են մեր բազմապատկմանը, իսկ ռուսներն էլ ձեռքները ծալած նստած հետեւելու են, թե մենք ոնց ենք բազմապատկում:

Իհարկե հեշտ է, եւ հեշտ է եղել միշտ, ասել բաներ, երբ ներքուստ գիտես, որ չես հայտնվելու իշխանության ղեկին եւ ստանձնելու ասածներդ անելու պատասխանատվություն: Դրա համար օրինակ մեր քաղաքական ուժերին էլ՝ նոր ու հին, կտամ մի գուցե շատ միամիտ խորհուրդ: Գտեք այլընտրանքային գործընկերներ այլ ուղղություններում, առարկայական, համոզիչ՝ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Չինաստանում, Իրանում, արաբական աշխարհում: Գտեք, հաստատեք կապեր այդ ուղղությունների իշխող կամ ազդեցիկ ուժերի հետ տնտեսա-քաղաքական ռազմավարական բովանդակությամբ, ցույց տվեք, որ կարող եք իշխանությունից դուրս, որպեսզի համոզիչ լինի, որ կարող եք լինելու նաեւ իշխանություն լինելու դեպքում:

Facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *