Քի Վեսթը կարգավորման ամերիկյան տարբերակն էր, որը փաստորեն նախատեսում էր «Մեղրու միջանցք»:
Հակոբ Բադալյան
Լավրովն ու Բլինկենը քննարկել են հայ-ադրբեջանական հարցը: Հետաքրքիր է, որ ամերիկյան կողմը հայտնել է այդ մասին, ռուսականը՝ ոչ: Բայց սա չեմ կարծում, թե առանցքային է: Ըստ իս, այս թեմայով ռուս-ամերիկյան շփումներում ուշադրության է արժանի մի բան, որ տեղի է ունեցել Քի Վեսթում:
Քի Վեսթը կարգավորման ամերիկյան տարբերակն էր, որը փաստորեն նախատեսում էր «Մեղրու միջանցք»: Դա խոստովանել է Ռոբերտ Քոչարյանն ինքը՝ 2020 թվականի պատերազմից մեկ-երկու ամիս առաջ: Ըստ երկրորդ նախագահի, խոսքը «սուվերեն ճանապարհի» մասին էր: Այսինքն ենթադրվում է, որ Նախիջեւանից Ադրբեջան կառուցվում էր ճանապարհ, որի հանդեպ իրավունքը պատկանում էր Ադրբեջանին: Ավելի մանրամասներ հայտնի չեն, գուցե Ռոբերտ Քոչարյանը մի օր հրապարակի ավելի մանրամասներ, կամ արժե, որ հրապարակի:
Քի Վեսթից առաջ ամերիկյան կողմը հայտարարեց, որ, եթե լինի Քոչարյան-Հեյդար Ալիեւ սկզբունքային պայմանավորվածություն, ապա նրանց կընդունի նաեւ նախագահ Բուշը: Բանակցությունից հետո նախագահ Բուշը Վաշինգտոնում ընդունեց երկուսին էլ՝ առանձին-առանձին: Դա նշանակում էր, որ սկզբունքային պայմանավորվածությունը եղել է: Ինչպես հայտնի է, հետո Ալիեւը հրաժարվեց այդ պայմանավորվածությունից, ինչը «մարսելը» նրա համար հեշտացրեց առողջության հետագա վատթարացումն ու իշխանությունը նախ դե ֆակտո, հետո նաեւ դե յուրե Իլհամին փոխանցելը:
Կասկած չկա, որ Քի Վեսթի պայմանավորվածությունը այդ մեխանիզմով տապալել է Ռուսաստանը, այլապես հայր ու ՄԳԻՄՈ-ավարտ որդի Ալիեւներն ով էին, այն էլ 2000-2001 թվականին, որ ԱՄՆ հվանու ներքո ձեռք բերած համաձայնություն տապալեին: Ինչպես որ մեղմ ասած միամիտ է պնդումը, թե Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տապալեցին 1998-ի կարգավորումը:
Այդպիսով, վերադառնալով Քի Վեսթ եւ հետագա գործընթաց, այսօր Սյունիքի շուրջ առկա իրողությունների համատեքստում հետաքրքիր է դառնում հենց դա՝ ինչ նախապատմություն կարող են քննարկել ԱՄՆ ու Ռուսաստանը, կապված «միջանցքի» հետ, այն դեպքում, երբ այժմ կարծես թե այդ հարցն օրակարգում է արդեն ռուսական հովանու ներքո գործընթացի շրջանակում: