Էլ ինչպե՞ս ենք խոսում, որ ադրբեջանցին քանդում է հայկական տաճարը, եթե ինքներս ենք փորում մի քանի հազար տարեկան ամրոցի պատերը:
Արայիկ Մկրտումյան
Խնդրեմ, հիացեք: Նկարում այլանդակված պատը, ոչ թե ինչ որ հետամնաց գյուղի կամ ծայրամասային քաղաքի ետնախորշերում աղբի մեջ թաղված մի կեղտոտ շենքի շքամուտքն է, այլ մ.թ.ա. 782թ. հիմնադրված Էրեբունի ամրոցի պատերից մեկը: Ուրարտական այս հրաշագեղ ամրոցի պատերից մեկը «զարդարված է» այս այլանդակ «արձանագրություններով», որտեղ ինչ որ տհաճ դեմքեր են ուրվագծված, տարատեսակ անուններ, ինչ որ պատկերներ: Մի խոսքով ով ինչ ուզել, արել է:
Միայն չասեք, թե զարմացած եք: Ահա այս թշվառագույն վիճակն է տիրում 2803 տարեկան ամրոցում: Մի ամրոցի, որի հիմնադրումով սկսվեց նաև այն քաղաքի կյանքը, որին այսօր անվանում ենք Երևան: Մայրաքաղա՛ք Երևան:
Նույնիսկ Գուգլում, երբ փնտրում ենք Էրեբունի ամրոց բառերը, որոնման առաջին իսկ արդյունքում բերված տվյալների մեջ նշված է. «Վիճակը՝ անմխիթար»:
Ես ինքս անձամբ ճանաչում եմ Էրեբունի ամրոցի ու թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանին: Վերջինս կիրթ և խելացի, հեղինակավոր գիտնական է, ով ձեռքից եկածը չի խնայում թանգարանի ու ամրոցի բարեկարգման համար: Նրա հետ աշխատել եմ հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբում: Արդեն իսկ մեծ աշխատանքներ են տարվել նրա ջանքերով: Շատ բաներ բարեկարգվել են: Կատարվել ու կատարվում են մաքրման ու վերականգնման աշխատանքներ: Վստահ եմ, որ պարոն Բադալայանը ամեն ինչ անում է ու կանի ամրոցն ու թանգարանը պատշաճ մակարդակում պահելու համար: Բայց միայն Միքայել Բադալյանը չի կարող ապահովել մի ողջ ամրոցի անվտանգություն, եթե հասարակությունն ինքը թքած ունի այս ամենի վրա: Հանուն արդարության նշեմ, որ այս գրառումները նոր չեն արվել, արդեն քանի տարի է ինչ կան:
Պեղումների ժամանակ շատ տուրիստներ են եկել, նայել հիացել ու նաև զարմացել պատերին տեսնելով ժամանակակից այս այլանդակ երևույթները: Ու մենք բոլորս գլուխներս կախել ենք ու չենք կարողացել նորմալ պատասխան տալ: Չենք կարողացել ասել, թե ինչն է դրդում հային գնալ ու այլանդակել իր իսկ պատմական հուշարձանը: Չենք կարողացել բացատրել, թե ինչպես է մի քանի հազար տարվա քաղաքակրթության հիմնադիր ու դրա կրող հայը հասել այն վիճակի, որ հիմարաբար իր անունն է գրում մի քանի հազար տարվա ամրոցի պատերին: Նույնիսկ ոչ թե գրում, այլ փորագրում՝ պատը քերելով ու փչացնելով: Իսկ հազարամյա ամրոցի պատն ինչ որ շքամուտք չէ, որ ծեփը քերես ու նորը խփես:
Չգիտեմ, թե այդ «արձանագրություններից» քանիսն են խորհրդային ժամանակներում արվել, քանիսը՝ 90-ականների քաոսի, ու քանիսը մեր օրերում, բայց փաստն այն է, որ հոլանդացի տուրիստը շատ մեծ վերապահումներով է խոսելու հայկական մշակույթի մասին: Ավելի ճիշտ ոչ թե մշակույթի, այլ դրա պահպանման հետ կապված:
Այս ամենը խոսում է մի բանի մասին: Մենք հեռացել ենք մեզնից: Այնքան ենք հեռացել, որ մեզ համար տարբերություն չկա, թե որտեղ ինչ ենք անում:
Էլ ինչպե՞ս ենք խոսում, որ ադրբեջանցին քանդում է հայկական տաճարը, եթե ինքներս ենք փորում մի քանի հազար տարեկան ամրոցի պատերը: Ինչպե՞ս ենք խոսում Կոմիտասի ու Նարեկացու մասին, եթե խաղաղ ու ապահով պայմաններում հայն ինքն իր ձեռքով է փչացնում իր մշակույթը:
Զարմանալի է, որ դեռ թուրքերը վայնասուն չեն բարձրացրել, որ հայերը քանդում են իրենց մշակույթը: Չիմացողներին հիշեցնեմ, որ հարմար պահերին թուրքերը «սեփական մշակույթ» են համարում նաև ուրարտականը:
Լավ հետո՞:
Էսպես ինչքա՞ն է շարունակվելու: Գուցե գնանք ու սկսենք նաև Էջմիածնի պատերը փորել: Կամ Գառնին քանդենք: Հենց էնպես: Հավեսի համար: Կամ գնանք ու սկսենք Պանթեոնի արձանների վրա բեղեր ու սմայլիկներ նկարենք: Չէ՞: Չգնա՞նք: Այդ դեպքում որ սատանան է համոզել այդ վանդալներին գալ ու այլանդակել Էրեբունու պատերը:
Էրեբունու ամրոցի պատերին կարելի է տեսնել հնադարյան ուրարտական արձանագրությունները: Կարելի է տեսնել նաև ժամանակակից «հայերեն արձանագրությունները»: Ու եթե առաջին դեպքում հպարտություն ես զգում, ապա երկրորդ պարագայում ամոթից կարմրում ես սեփական ժողովրդի որոշ ներկայացուցիչների համար:
Ադրբեջանցիներն էլ են այլանդակում հայկական մշակույթը, փչացնում են, փորում են հայկական եկեղեցիների ու տաճարների պատերը: Նրանք թշնամիներ են: Իսկ ի՞նչ ասես սրանց: Ո՞րն է նրանց ու թուրքերի տարբերությունը:
Ուրարտուի հզոր արքա Արգիշտին հավանաբար մտքով չէր էլ անցկացնի, որ կանցնեն հազարավոր տարիներ ու իր ամրոցը, որ կառուցվել էր «Ի հզորացումն Բիայնա երկրի և ի տապալումն թշնամական երկրների» կդառնա ծաղր ու ծանակի առարկա հենց հայերի կողմից: