Հայաստան

Նոր Զգուշացումներ

2016թ. Քառօրյան, որը պիտի մեզ համար «Հայտնության հարյուր հազար շեփորի» դեր կատարեր ու ահազանգեր, որ կռիվը մոտենում է, մնաց անտեսված, չհասկացված:

Արայիկ Մկրտումյան

Հավանաբար բոլորն էլ արդեն տեղյակ են, թե ինչ է կատարվում Աֆղանստանում: Ու բացի նրանից, որ բոլորս տեղյակ ենք, որ այնտեղ իրոք լուրջ իրադարձություններ են կատարվում, ավելի հետաքրքիր է, թե մենք ինչ ենք պատրաստվում հասկանալ այդ ամենից:

Ոմանք նշում են, որ աֆղանական դեպքերը շատ կարևոր են ու իրենց հետքն ու ազդեցությունն են թողնելու ոչ միայն Աֆղանստանում, այլև տարածաշրջանում, ոմանք ավելի վատատես են ու կարծում են, որ աշխարհում տեղի է ունենում նոր ու շատ խոշոր մի իրադարձություն ու աշխարհը ենթարկվելու է նոր վերափոխման, ոմանք էլ կարծում են, որ Աֆղանստանի դեպքն ընդամենը հերթական «հեղափոխությունն է», որ արվում է ուրիշի ձեռքերով և հենց արվի այն ինչ պետք է, թալիբանները նորից կչեզոքացվեն:

Ինչևէ, թե ինչ է կատարվելու հետո դա այլ հարց է, իսկ հիմա այլ խնդիր կա:

Ի՞նչ նշանակություն ու ազդեցություն է ունենալու այդ ամենը Հայաստանի համար:

Հարցին նայելու այս տրամաբանությունն այնքան էլ անհեթեթ չէ, ինչքան կարող է թվալ: Քանի դեռ մենք ծիծաղում ենք աֆղանների վրա, ովքեր փորձում էին ինքնաթիռից բռնված լքել երկիրը, այնտեղ կատարվում են ինչ որ բաներ, որոնք գուցե և ազդեցություն ունենան հենց Հայաստանի վրա:

Մի քիչ ավելի հեռվից գանք:

2010-12թթ. սկսված իրադարձությունները, որոնք հայտնի են «Արաբական Գարուն» անվամբ, շատ խոշոր նշանակություն էին ունենալու, բայց հեռատես էր պետք լինել այդ ամենը հասկանալու համար, իսկ մենք առանձնապես չփորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվելու ընդամենը մի քանի տարի անց:

Քանի դեռ Արևելքն ալեկոծվում էր սեփական կրակների մեջ, մեկը մյուսի հետևից քաոս էր ստեղծվում Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, թեժանում էին արաբա-իսրաելյան հարցերը, մենք լուռ էինք ու զբաղված էինք ոչ մի բանով:

Արևմուտքը տենդագին ինչ որ գործընթացների մեջ էր, իսկ Երևանում առայժմ զբաղված էին ինչ որ թոշակներ գողանալ-չգողանալու հարցերով:

Սիրիայում գործին ուղիղ միջամտում էին ռուսները, ամերիկացիները, թուրքերը: Ինչ որ Իսլամիստական պետություններ էին ստեղծվում, իսկ Երևանում հավանաբար մտածում էին, որ դա իրենց գործը չէ: Այն բանից հետո, երբ ռուսական ու թուրքական զորքերը կոնկրետ մարտերի մեջ էին Սիրիայում ու դա աղետի ազդանշան էր, որ հարաբերական խաղաղությունն արդեն խախտված է, որ փոթորիկն արդեն տեսական վտանգ չէ, այլ ռեալ վտանգ, մենք զբաղված էինք միմյանց մականուն դնելով:

Մեր անփութությունն ու նեղմտությունը թույլ չտվեց հասկանալու, որ կռիվը Սիրիայով չի ավարտվելու: Մենք կարծես մոռացել էինք, որ Արցախի ու նաև Հայաստանի հարց ունեինք:

Եկավ 2016թ. սկսվեց Քառօրյան: 100-ից ավել զոհ ու մի քանի հարյուր հեկտար հողատարածքի կորուստ:

Հայ հասարակությունն ապշանքի ու զայրույթի մեջ էր գտնվում: Թեև ասում էին, որ ադրբեջանցիները երեք անգամ ավելի շատ զոհ էին տվել, բայց դա սրտի մխիթարանք չէր: Մենք հասկացանք, որ մենք պատրաստ չէինք պատերազմի ու նույնիսկ չէինք էլ գուշակում, որ պատերազմը կսկսվի: Այն թեև տևեց չորս օր, բայց բազմաթիվ հարցեր առաջացրեց:

Բոլորին հետաքրքրում էր, թե ինչու հայոց բանակը նորմալ զինված չէ, հարցնում էն, թե այդ բանակն ինչքան կդիմանա եթե պատերազմը տևի ոչ թե չորս օր, այլ ասենք չորս ամիս: Շատերն անհանգստացած էին, որ Հայաստանի ռեսուրսները չի հերիքի երկարատև պատերազմ մղելու համար:

Քննարկման էր դրվում նաև աթս-ների հարցը, որովհետև այդ ժամանակ մենք առաջին անգամ տեսանք, որ թուրքերը աթս են կիրառում ու որ դա ապագայի պատերազմում գուցե և որոշիչ դեր խաղա:

Բայց, խոսեցինք, խոսեցինք ու մոռացանք: Այլ խնդիրներ առաջ եկան: Օրինակ ՊՊԾ-ի գրավումը: Դա մեր ներքին ճգնաժամի ծայրահեղ դրսևորումներից էր, բայց կրկին մենք ոչինչ չարեցինք: Դրանից մեկ տարի առաջ էլ Երևանում ուժգին ցույցեր ու ծեծուջարդ էր՝ էլեկտրականության գնի համար:

2017թ. ընտրություններով մենք ողջ աշխարհին ապացուցեցինք, որ մեռելային հանգստության մեջ ենք գտնվում:

Մենք կուրացել էինք ու խլացել: Մեզ համար աշխարհում ոչինչ էլ չէր կատարվում, իսկ տուրիստականները շարունակում էին ակտիվ ուղևորություններ կազմակերպել դեպի Թուրքիա:

Մենք շարունակում էինք մտածել, որ ռուսն ու ամերիկացին չեն թողնի, որ Արցախում թուրքերն ակտիվանան ու ամեն տարի հաճույքով նշում էինք Արցախի հաղթանակն ու շարունակում մտածել, որ ամեն ինչ լավ է, թուրքերը վախկոտ ոչխար են, իսկ մենք ոնց էլ չլինի մի բան կանենք ու հպարտորեն խոսում էինք, որ արցախցի հովիվը կարողացել է հրացանով աթս խփել: Ու հարց չէր առաջանում, թե ինչու են թուրքերը աթս կիրառում:

2016թ. Քառօրյան, որը պիտի մեզ համար «Հայտնության հարյուր հազար շեփորի» դեր կատարեր ու ահազանգեր, որ կռիվը մոտենում է, մնաց անտեսված, չհասկացված:

Մենք այնքան պարապ էինք, որ ներքաղաքական թունավոր խարդավանքները մեզ լրիվ բավարարում էին: Պետության անկայունությունն այն աստիճանի էր հասել, որ 2018թ. սկսված շարժումը, որին նախ բոլորը ծաղրեցին, վերափոխվեց մեծ, շատ մեծ մի շարժման, որն էլ հասցրեց իշխանափոխության Հայաստանում: «Թավշյա Հեղափոխություն»-ից էլ ոչինչ չհասկացանք: Կոսպիրոլոգները ամեն տեսակ բաներ խոսեցին, բայց մենք չհասացանք, որ հեղափոխություն եղավ միայն այն պատճառով, որ պետությունում ճգնաժամը հասել էր բարձրակետին: 2018թ-ից հետո էլ երկու տարիներ վատնվեցին ներքաղաքական գզվռտոցների վրա: Ինչ որ բաներ արվեցին, ինչ որ բաներ՝ ոչ:

Եկավ 2020-ը և իր հետ բերեց կորոնան: Մենք արդեն հստակ տեսանք, որ ամեն դեպքում պատրաստ չենք ճգնաժամերի: Իրոք պատրաստ չենք: Գործը հումանիտար աղետի չհասավ, բայց ցույց տվեց, որ ամեն ինչ ոչ միայն հրաշալի չէ, այլև շատ մեծ ու լուրջ խնդիրներ ունենք:

Հետո եկավ սեպտեմբերի 27-ը: Մեր կարծիքով այն պիտի լիներ ևս մեկ Քառօրյա, բայց տևեց 44 օր: Այդ 44 օրում իրականացան մեր բոլոր վախերն ու տագնապները, մենք պատերազմեցինք հրացանով՝ աթս-ի դեմ, տվինք հազարավոր զոհեր, կորցրինք Արցախի մեծ մասը, հիմա էլ թուրքերը կանգնած են մեր հողում ու ինչ որ դեմարկացիա:

Ու Աֆղանստանում հիմա կատարվում է ինչ որ խոշոր ու հրեշավոր բան: Այն հերթական տեղական խնդի՞ր է, թե ապագան ջախջախող նոր ու սարսափելի գույժ: Պատրաստվել է պետք:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *