Կարող ենք նորից ու նորից հաշվել, թե քանի արկ չհերիքեց պատերազմի համար, քանի թոշակառուի թոշակ կերան նախկինները, քանիսինը պիտի ուտեն ներկաները և վերջում գալ եզրակացության, որ երկիրը երկիր չէ։ Իսկ երկիրը երկիր չի դառնա, այն երկիր կդարձնեն նրա բնակիչները, որոնք փոխանակ իրենք աշխատելու և հզորանալու, նամակ-խնդրագիր են գրում օտար արքաների։
—Պապի, թագավորը նամակդ որ ստանա, ի՞նչ պիտի անի։
— Կկարդա, հրաման կտա պրիստավին, որ Ադամով Եգորին, որտեղ որ է, սաղ֊սալամաթ հասցրեք իրեն հորը։
— Բա ո՞նց է գնալու նամակը։
— Էհ, դուք հլա աշխարհքի որտե՜ղն եք․․․ Փոշտ կա, յասաուլ կա, պրիստավ կա։ Տանելու են թագավորի ձեռքին դնեն։ Քյոխվան ասում էր, որ պիտի լավ թղթի վրա գրել տաս, ղալամն էլ ոսկի պիտի լինի, թե չէ ընդունիլ չեն։
Ակսել Բակունց <<Նամակ Ռուսաց թագավորին>>
Արայիկ Մկրտումյան
Այո՛, հենց այդպես։ Այդ պատմվածքում Արթին պապը որոշում է նամակ գրել Ռուսաց Թագավորին ու խնդրել, որ իր աքսորված որդուն հետ վերադարձնեն։ Միամիտ գյուղացին հավատում էր, որ ռուս ցարը հետ կվերադարձնի իր որդուն։ Չէ որ նա թագավորն է, այսինքն ամենալավը, ուժեղը, արդարամիտը, Աստծո ընտրյալն ու օրհնությունը վայելողը։
Նամակին պատասխան չի գալիս, իսկ խեղճ գյուղացուն ծեծի է ենթարկում պրիստավը (ցարական Ռուսաստանում տեղական ոստիկանության պետ) ու նրա ենթակաները։ Գյուղացին կոտրված սրտով տուն է գալիս, բայց մինչև մահ հավատում է, որ եթե իր նամակը հասնի արքային, ապա նա կպատասխանի ու իր որդուն հետ կբերեն Սիբիրից։
Էդպես է չէ։ Արքան լավն է, խորհրդականներն են վատը։
Միամիտ գյուղացին իհարկե չգիտեր ռուս ցարերի ու փոխարքաների հակաազգային քաղաքականությունների մասին, չգիտեր, որ թագավորի հրամանով փակվում են հայկական դպրոցները, որ գաղութային քաղաքականությամբ ազգամիջյան բախումներ են հրահրվում, ու որ թագավորին գոհացնելու հրամանով են իր կաշին պլոկում, ճիշտ այնպես, ինչպես և քերթում էին որևէ ռուս մուժիկի։
Բայց հայ գյուղացին չգիտեր այդ ամենը։ Եվ նա ուղարկեց իր նամակը՝ մաքուր սրտով ու հավատով՝ իշխանության ու մարդու հանդեպ։
Հայ գյուղացին նաև չգիտեր, որ կանցնեն տարիներ ու թագավորին իր ընտանիքի հետ կացնահար կանեն բոլշևիկներն ու նոր տեռոր կսկսեն՝ այս անգամ «հանուն համաշխարհային սոցիալիզմի»։
Հայ գյուղացին միևնույն է դա չհասկացավ ու նույն հավատ-վախ-երկյուղ-հարգանքը ցարից անցավ Լենինին ու մյուսներին։
Անցան տարիներ ու սոցիալիզմը լավ ծախսելուց հետո բոլշևիկներն էլ գնացին ու հիմա էլ հայ գյուղացին հավատում է, որ ՌԴ նախագահ Պուտինը կկանգնեցնի թուրքին ու կպաշտպանի իրեն․․․միայն թե արդեն չի կարողանում տանել անվերջ կորուստն ու ցավը։ Հայ գյուղացին չի հասկանում, թե ինչու են հայ փոխարքաները, պրիստավներն ու պատգամավորները շարունակում անընդհատ իրենից զոհ պահանջել ու վերջում էլ ծեծում են։
Արթին պապը դեռ սպասում է թագավորին ուղարկված նամակի պատասխանին։
Հիմա այդ նամակը քննարկվում է ոչ թե պրիստավի ու տանուտերի մոտ, այլ ՀԱՊԿ-ում, տարբեր հանձնաժողովներում, ուր այսինչ քաղվածքի համաձայն, այսինչ իրադրությունը ենթադրում է, որ․․․․անհասկանալի ու խառնափթոր ինչն որ բան։
Հիմա թուրքերը հայոց հողում են։ Հայը դեռ սպասում է իր խնդրագրի պատասխանին, իսկ ռուսաց թագավորը ասում է, որ իրենք իհարկե կօգնեն Հայաստանին, բայց նախ Արցախի անկախությունը նույնիսկ դուք չէիք ճանաչել, հետո՝ պատերազմը մղվել էր ոչ ՀՀ տարածքում ու բացի դրանից էլ գոյություն ունի միջազգային իրավունքի իրավունք․․․․
-Բա մեր ու ձեր կրոնքը նույնը չի՞,- հառաչում է հայ գյուղացին,- ինչ իրավունք։
Նույնն է, իհարկե նույնը, բայց ամեն դեպքում ՀԱՊԿ-ը միջազգային ռազմական դաշինք է, իսկ բարոյախոսները թող առայժմ քննարկումներով բավարարվեն, դա ոչ ոքի չի վերաբերվում։
Բացի դառը ծիծաղից, որ հաջորդում է անզոր կատաղությանը, թերևս մի հարց է անընդհատ անպատասխան մնում։
Հայերը ինչու են մինչև հիմա նույն վիճակում մնացել։ Ինչու է Ռուսաստանը «հայ ազգի փրկիչ» աշխատում 1812թ․ սկսած։
Իհարկե կարելի է դրաման մի կողմ դնել ու նորից, արդեն հազարերորդ անգամ վերլուծել պատմական իրադարձությունները կամ կարող ենք նորից ու նորից հաշվել, թե քանի արկ չհերիքեց պատերազմի համար, քանի թոշակառուի թոշակ կերան նախկինները, քանիսինը պիտի ուտեն ներկաները և վերջում գալ եզրակացության, որ երկիրը երկիր չէ։ Իսկ երկիրը երկիր չի դառնա, այն երկիր կդարձնեն նրա բնակիչները, որոնք փոխանակ իրենք աշխատելու և հզորանալու, նամակ-խնդրագիր են գրում օտար արքաների։
Կարելի է նաև հպարտորեն գոռալ, որ մենք ռուսի կարիքը չունենք, թող վերցնի իր զորամասերն ու ռադը քաշի Հայաստանից, գնալ ցույց անել ՌԴ դեսպանատան առաջ ու հերթական միջազգային քննարկումից ու դիվերսիայից հետո անհամբեր հարցնել․ «բա Պուտինն ի՞նչ ասաց»։
Հայ գյուղացին այդպես էլ չհասկացավ, որ ոչ թե ռուսաց թագավորին խնդրագիր պիտի գրի, այլ հայ քյոխվի, պրիստավի բկից բռնի ու խեղդի․․․որ այլևս հայը հային ծառա չդարձնի ու կաշին չքերթի այնպես, ինչպես հիմա։ Երբ նայում ես կաշառակերին ու խոշոր թալանչուն, ով սովորաբար պաշտոնյա է լինում, հասկանում ես, որ այդ խոշոր գողը այն նույն քյոխվան ու պրիստավն է։ Նույնը, միայն թե հիմա անուններն ու շորերի մոդան է փոխվել։
Ժողովրդական ասացվածք կա․ «էշն էլի էն էշն է, մենակ փալանն է փոխվել»։
Ու այս փալանափոխները այնպես արին, որ հայը երբեք դուրս չգա խնդրողի ու խեղճի կարգավիճակից, որ միշտ մնա, անկիրթ, անգրագետ ու անուսում։ Որ ռուսաց թագավորները իրեն այդ խեղճի վրա պետ նշանակի, ինքն էլ թալանի թագավորի անունով։
1991թ․ հետո մեր պաշտոնյաներն ու պետերը 30 տարի ունեին պատասխանելու Արթին պապի հարյուր տարի առաջ գրած նամակին, բայց նրանք գերադասեցին ոչ թե լինել հայ ազգի ու հայոց պետության պաշտոնյան, այլ մնացին քյոխվա ու պրիստավ։
Նայում ես ու հասկանում ես որ կաշառակեր դատավորի հոգում դեռևս այն պրիստավն է նստած, հասկանում ես, որ կուսակցությունների մեծ մասը ստեղծվեց «Ընկեր Փանջունու» ոգով ու սկզբունքներով։
Պետությունը դարձրին իրենց կենցաղային ցանկությունների կախարդական ջրհորն ու ցամաքեցրին 30 տարում։ Վճարեց ու շարունակում է վճարել ժողովուրդը։
Բակունցն իր պատմվածքն այսպես է ավարտում՝
«Մինչև վերջին րոպեն միամիտ ծերունին հավատում էր, որ մի օր պատասխանը գալու է։ Երբ հիշում էր այն օրը, դեմքն այլայլվում էր, և աղոտանում էր նրա հույսը։ Սակայն հետո նորից հուսադրում էր իրեն էլ, մեզ էլ։
— Նազու աղջիկ, ես մեռնում եմ։ Հուր Հավիտյան պարտական մնաս, թե պատասխանն ստանալիս չգաս և իմ գերեզմանին իմաց չտաս,— ասել էր նա վերջին լուսաբացին»։
Ցավոք, բայց մենք դեռ նույն միամտությամբ սպասում ենք Արթին պապի նամակի պատասխանին։ Նամակ, որ ուղարկվել էր Ռուսաց Թագավորին։
Չի կարելի դահիճից խնդրել, որ նա գլուխը հարգանքով ու քնքշությամբ կտրի։
Խոսքս ուղղում եմ մերօրյա Արթին պապին․
-Արթի՛ն պապ, ոչ մի թագավորի պատասխան մի սպասիր։ Նա չի պատասխանելու։ Թագավորները նամակներին չեն պատասխանում, նրանք միայն հրամաններ են ստորագրում։ Եթե ուզում ես, որ քո որդուն այլևս չաքսորեն, չմնաս այդքան անուժ ու խեղճ, եթե չես ուզում այլևս թուրքը գա և անպատիժ մնա քո երկրում․․․դեն նետիր այդ խնդրագիրը։ Մի որդուդ այնպես կրթիր, որ դառնա գիտունների գիտունը, մյուս որդուդ աշխատել սովորեցրու, մյուսին՝ կռվել։ Ռուսաց թագավորի առաջ կռանալու փոխարեն, բարձրացրու քո իրական հային ու նա կբարձրացնի քեզ։
Նա միշտ կպատասխանի քո նամակներին։ Գործով։