ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ռուս-Թուրքական Վանդակ Մաս 1

Ռուսներն առաջինն էին, որ հայերին մեղադրեցին «անգլիական լրտեսներ» լինելու մեջ, ռուսներն առաջինն էին, որ հայերի նկատմամբ զարգացրին արմենաֆոբիան՝ հայատյացությունը:

Հրանտ Տէր-Աբրահամյան

Մենք նախորդ անգամ ներկայացրինք պատմաբան Հրանտ Տէր-Աբրահամյանի տեսանյութի մեկնաբանությունը ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Նախորդ հատվածում խոսքն ընդհանուր առմամբ ընթացել էր պատմության հասկացման ու տրամաբանական վերլուծման մասին: 

Այս հատվածում Հրանտ Տէր-Աբրահամյանը հստակ նշել է ռուս-թուրքական հարաբերություններին վերաբերվող կոնկրետ օրինակներ, դեպքեր և փորձել վերլուծական մակարդակով հասկանալ այդ հարաբերություններից բխող «հայկական հետևանքները»:

Հրանտ Տէր-Աբրահամյանը նախ նշեց, որ ուսումնասիրման ենթակա է ռուս-թուրքական հարաբերությունների այն հատվածը, որը կոնկրետ առնչություն ունի Հայաստանի, հայ ժողովրդի հետ, անմիջականորեն ազդել է մեր տարածաշրջանի վրա: Հրանտ Տէր-Աբրահամյանի խոսքերով ռուս-թուրքական հարաբերությունները ավելի երկար ու ձիգ են, ավելի խորն են, քան մեզ թվում է: Մենք շատ միակողմանիորեն ենք վերաբերվում այդ հարաբերություններին և չենք տեսնում ու նկատում շատ և շատ ակնհայտ բաներ, որոնք իրականում շատ և շատ մեծ ազդեցություն ունեն հայ ժողովրդի ճակատագրի վրա:

Հրանտ Տէր-Աբրահամյանը դեպքերի սկիզբ վերցրեց ռուս-թուրքական պատերազմները, որով և անմիջապես այդ հարաբերություններն ազդեցին հայերի վրա և հայկական լայն զանգվածներն իրենց անմիջական մասնակցությունն ունեցան  այդ պատերազմում:

Ինչպես հայտնի է ռուս-թուրքական առաջին պատերազմներում թուրքերը բավական ծանր պարտություն կրեցին ռուսներից, ռուսները շատ մեծ տարածքներ գրավեցին Արևմտյան Հայաստանում, որի մեծ մասը սակայն հետ վերադարձվեց ըստ պայմանագրերի:

Մեր պատմագրությունը լռում է սակայն այդ պատերազմներին զուգահեռ կամ դրանցից անմիջականորեն բխող  հետևանքների մասին: 1820-ականների ռուս-թուրքական պատերազմից հետո նրանց հարաբերությունները շարունակվեցին և ընդ որում բավական հետաքրքիր ձևով:

Միմյանց թշնամի համարվող ռուսներն ու թուրքերը այդ պատերազմից ընդամենը մի քանի տարի հետո միմյանց հետ համագործակցեցին, երբ 1830-ականների սկզբին Եգիպտոսում բավական մեծ հակաթուրքական, հակասուլթանական ապստամբություն բռնկվեց: Մուհամեդ Ալիի գլխավորությամբ սկսված եգիպտական-արաբական արշավանքը, որ հովանավորվում էր Ֆրանսիայի կողմից, հասավ աննախադեպ հաջողությունների և գրեթե մազ էր մնացել, որ եգիպտացիները գրավեին նաև Կոստանդնուպոլիսը և դրանով իսկ վերջ տային սուլթանական գահին, այսինքն Օսմանյան Կայսրությունը կանգնած էր կործանման ռեալ վտանգի առաջ: Բայց գործին խառնվեցին ռուսները և նրանց ռազմական միջամտությունն օգնեց սուլթանին պահպանելու սեփական իշխանությունն ու պետությունը: Սա կարող է զարմանք առաջացնել հատկապես հայերի շրջանում, մանավանդ, որ մեզ մշտապես հրամցվում է ռուս-թուրքական հարաբերությունների թշնամական մակարդակ և մեզ փորձ է արվում համոզել, որ ռուսներն ու թուրքերը միշտ ատել են միմյանց և մեզ միշտ փրկել են:

Այս դեպքում զարմանք է առաջացնում դեպքերի նման ընթացքը, երբ ընդամենը մեկ-երկու տարի առաջ իրար դեմ ռազմական պայքար մղած երկրներն իրար հետ այնպիսի ջերմ հարաբերություններ են հաստատում, որ անգամ եղբայրական ժողովուրդները նման բան չեն անում:

Գնանք առաջ: Հրանտ Տեր-Աբրահամյանն անդրադարձավ նաև 1953թ. Ղրիմի պատերազմին, անդրադարձավ 1870թ. համաշխարհային դեպքերին, Եվրոպայում Ֆրանսիայի հեգեմոնության կորստի, 1877-78թ. ռուս-թուրքական պատերազմներին:

Դրանցում հստակորեն կարմիր թելի պես անցնում է մի բան՝ ռուսների օգնությունն ու բարեհաճ վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ: 

Հրանտ-Տէր Աբրահամյանը հստակորեն նշում է, որ ռուսներն առաջինն էին, որ հայերին մեղադրեցին «անգլիական լրտեսներ» լինելու մեջ, ռուսներն առաջինն էին, որ հայերի նկատմամբ զարգացրին արմենաֆոբիան՝ հայատյացությունը: Աշխարհում շատ քիչ ժողովուրդներ կան, որոնց նկատմամաբ համակարգային, տարածված ատելություն կա: Իհարկե բոլոր ժողովուրդների մեջ էլ կարելի է գտնել դրական և բացասական գծեր, կամ ավելի ճիշտ՝ տալ նման որակումներ, բայց հայերի նկատմամբ այդ վերաբերմունքը ձևավորել են ռուսները: Բավական է հիշել Կովկասի փոխարքաների պահվածքն ու վերաբերմունքը հայերի նկատմամբ: Գոլիցինն օրինակ իր հակահայկականությունը համակարգում էր Թիֆլիսից:

Ռուսները նաև իրենք էին ոչ պաշտոնապես դեմ հայկական բարենորոգումներին: Թուրքիայի դեմ ուղղված հայկական ազատագրական ելույթները ճնշվում էին նաև Հայաստանում;

Հրանտ Տէր-Աբրահամյանն իր խոսքում նաև նշեց մի շատ տարածված արտահայտություն. «Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները»: Նա այդ արտահայտությունը համարեց ոչ թե ցինիկ նկարագրություն անգլիական դիվանագիտության՝ ուղղված հայերին, այլ նուրբ ակնարկ ռուսներին, որ Ռուսաստանը տարածաշրջանի ցամաքային պետությունն է, և որ անգլիական նավերը չեն կարող ու չպիտի մագլցեն, այլ այդ պիտի անի ռուսական ցամաքային զորքը:

Հրանտ Տէր-Աբրահամյանը խոսեց ևս մի քանի կարևոր դեպքերի ու դեմքերի մասին և տարբեր օրինակներ բերեց, որոնցով նա ցույց տվեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները բազմակողմանի ու ոչ միանշանակ են, և մենք առաջին հերթին պիտի կարողանանք տեսնել մեդալի երկու կողմն էլ:

Արցախյան պատերազմը ևս ռուս-թուրքական հարաբերությունների արտահայտություններից էր:

Հրանտ Տէր-Աբրահամյանը, բերելով այդ բոլոր օրինակներն ու ներկայացնելով պատմական մի քանի հետաքրքիր և զարմանալի, թաքնված փաստեր, ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է հասկանալ իրականության և իրադարձության անքակտելի կապն ու ինչ ծանր հետևանք է ունենում, երբ մենք կորցնում ենք այդ ամենի նշանակության գիտակցումն ու հասկացումը:

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *