Նախքան պատերազմը Մինսկի խումբն Արցախի վրա իբրև վահան էր կախված, պաշտպանում էր Արցախը։ Հիմա, երբ Մինսկի խմբի էությունը շատ կամ բոլորովին տկարացած է, ուրեմն Արցախը մեջտեղում է, և դժվար է Արցախի համար։
Կայծ Մինասյան
Lragir.am-ի զրուցակիցն է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը
Պարոն Մինասյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե միջազգային հանրությունը պահանջում է, որպեսզի հայկական կողմն Արցախի կարգավիճակի հարցում իջեցնի նշաձողը։ Դուք միջազգային հանրության մոտ նման պահանջ տեսնո՞ւմ եք, մասնավորապես, Մինսկի խմբի անդամ ԱՄՆ ու Ֆրանսիայի քաղաքականությունը ո՞րն է այս հարցում։
Շատ դժվար է պատասխանել այդ հարցին, որովհետև երկու հանգամանք կա։ Առաջինը՝ ո՞ւմ մասին է խոսում վարչապետը, երբ ասում է «միջազգային համայնք»։ Նկատի ունի մեկ պետություն, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներին, մնայուն անդամներին, թե՞ Մինսկի խմբի համանախագահներին։ Երկրորդ՝ եթե նկատի ունի Մինսկի խմբի համանախագահներին, ուզում ենք իմանալ, թե ինչպես կարող են ԱՄՆ-ու Ֆրանսիան ճնշում գործադրել Հայաստանի վրա, երբ ֆրանսիացիներն ու ամերիկացիներն արդեն նոյեմբերի 9-ի փաստաթղթով ապտակ են ստացել։ Եվ դժվար է պատկերացնել, որ այդ երկու երկրները ճնշում կգործադրեն Հայաստանի վրա, քանի որ ուզում են անպայման վերականգնել Մինսկի խմբի էությունն ու ֆորմատը։ Ուրեմն, դժվար է հասկանալ այս հայտարարությունը։ Ինչ վերաբերում է Մոսկվային, գիտենք, որ Ռուսաստանը չի ուզում լուծել Արցախի հարցը, ուզում է միայն զբաղվել այդ հարցով, որպեսզի այն միշտ մնա օրակարգում և դիվանագիտության մեջ՝ իբրև խնդիր։ Գիտենք, որ Ռուսաստանը երբեք հարցերը չի լուծում, միայն ստեղծում է խնդիրներ։ Ամփոփելով՝ ուզում եմ ասել, որ այդ հարցը պետք է ուղղել վարչապետին՝ ո՞ւմ մասին է իր խոսքը։
Բայց դուք նկատում եք, որ ԱՄՆ ու Ֆրանսիայի կողմից նման պահանջ չկա՞։
Ոչ, չկա։ Բայց դա չի նշանակում, որ Փարիզը, Վաշինգտոնն ու Մոսկվան դեմ են վարչապետի հայտարարությանը։ Բայց մեկ բան է ճնշում գործադրելը, ուրիշ բան է լուծել հարցը։ Եվ ինքը՝ վարչապետը պետք է առաջին հերթին ճշտի, թե ում մասին է խոսքը։ Եվ Հայաստանի լրագրողները պետք է հարցումներ անեն ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Ռուսաստանին, թե արդյոք իրենք պահանջո՞ւմ են, որ Հայաստանը զիջումների գնա Արցախի կարգավիճակի հարցով, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ միջազգային համայնքը կբավարարվի որևէ կարգավիճակով, միայն թե խաղաղություն և կայունություն պահպանվի տարածաշրջանում։ Թերևս դրա համար է, որ ամերիկացիները, ֆրանսիացիները, ռուսները և այլոք դժգոհ չեն, երբ վարչապետն այդպես է ասում։ Ավելի շատ ընդդիմադիր ուժերը, հայ ժողովուրդն են ընդդիմանում։ Պետք է այս հարցում վերլուծել հայ ժողովրդի կեցվածքը, ես այդ առաջարկն եմ անում, որպեսզի իմանանք, թե ժողովուրդն ինչ է մտածում։
Արցախի հարցի լուծման ի՞նչ տարբերակներ են այսօր տեսանելի ձեզ։
Այսօր իրավիճակը հետևյալն է։ Առաջին տարբերակը ինքնորոշման տարբերակն է, այն, ինչ ունեցանք 1994 թվականից։ Դա հետևյալն էր՝ Ղարաբաղը ռազմական ոլորտով միանում է Հայաստանի հետ, այնուհետև Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում պետք է գնանք դեպի ինքնորոշման իրավունքի գործածում։ Եվ Ղարաբաղը ինքնորոշվելուց հետո կամաց-կամաց կգնա Հայաստանի հետ միացման ճանապարհով։ Բայց այդ տարբերակը վերջացավ պատերազմով, ես չեմ ասում, որ այս տարբերակը պետք է ամբողջովին մոռանալ, բայց այս փուլում շատ դժվար է իրականացնել այդ ձևաչափը։ Երկրորդ տարբերակը Ռուսաստանի և Զորի Բալայանի, Աբխազիայի մոդելն է։ Այն է՝ Արցախն ուղղակի կապի մեջ է մտնում Ռուսաստանի հետ, այնուհետև Ռուսաստանն Արցախի հարցն իբրև ճնշում կգործադրի թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա։ Աբխազիայի տարբերակ ասելով՝ նկատի ունեմ, եթե Ադրբեջանը դժգոհի Մոսկվայից, Ռուսաստանը կարող է արթնացնել Արցախի ինքնորոշման իրավունքը։ Այս երկրորդ տարբերակը, ըստ Մոսկվայի, ես դա շեշտում եմ, ըստ Մոսկվայի, առավելություն ունի, որովհետև Արցախի ու Հայաստանի հարցը կլուծի ըստ Ադրբեջանի։ Ուրեմն, Ադրբեջանի համար դա շատ լավ է, որովհետև կարող է անցնել Հայաստանի հետ դելիմիտացիա-դեմարկացիայի հարցին։ Հայաստանն էլ դրանով «կփրկի» Հայաստան պետությունը, բայց անկախությունը՝ այլ հարց է։ Միջազգային համայնքը դեմ չէ, որովհետև ասում են, որ կարևոր է կայունություն և խաղաղություն։ Թուրքիան էլ դեմ չէ, որովհետև Ադրբեջանը կգոհանա, և այդ հարցը կմնա Ռուսաստանի ձեռքի մեջ։ Դա Ռուսաստանի հետխորհրդային դիվանագիտության սովորությունն է՝ ունենալ ուղիղ կապ տարածաշրջանում բոլոր գործողների հետ։ Ըստ իս՝ սա է այսօրվա մարտահրավերը, այդ խաղն է այսօր խաղացվում։ Կամաց-կամաց անցում ենք կատարում մեկ տարբերակից մյուսին։ Եվ, իմ կարծիքով, այդ պատճառով է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված 30 կետանոց պայմանագրում ոչ «անկախություն», ոչ «պետություն», ոչ էլ «Ղարաբաղի կարգավիճակ» բառերը չկան։ Եվ երբ վարչապետն ասում է՝ ղարաբաղցիները պետք է մնան իրենց հողի վրա, սա նկատի ունի։
ԱՄՆ, Ֆրանսիայի հետ աշխատելով՝ այլ լուծումների հնարավո՞ր է հասնել։
Դա դժվար է, որովհետև Ռուսաստանի տարբերակը չեզոքացնում է Մինսկի խմբի էությունը։ Բայց թե ինչպես կարող է Հայաստանը դրանից դուրս գալ, կախված է նաև ԱՄՆ և Ֆրանսիայի կամքից։ Եվ քանի որ Արևմուտքը Ուկրաինայի պատերազմի պատճառով լարված հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ, և քանի որ Արևմուտքի համար Ռուսաստանն արդեն իրոք խանգարող պետություն է, ուրեմն Մինսկի խմբի կյանքը շատ վատ ու խառնված վիճակում է։ Եվ չգիտենք, թե Մինսկի խմբի հարցում դեպի ուր ենք գնում։ Նախքան պատերազմը Մինսկի խումբն Արցախի վրա իբրև վահան էր կախված, պաշտպանում էր Արցախը։ Հիմա, երբ Մինսկի խմբի էությունը շատ կամ բոլորովին տկարացած է, ուրեմն Արցախը մեջտեղում է, և դժվար է Արցախի համար։ 1994 թվականից՝ այսինքն՝ առաջին զինադադարից ի վեր ռուսներն ուզեցել են անպայման զինվորական ներկայություն ունենալ Արցախում։ Եվ բոլոր բանակցություններում, որոնք կայացել են նախքան այս պատերազմը, Ռուսաստանի համար առաջնահերթությունը սա էր, թե ինչպես զինվորական ներկայություն ու զորքեր ունենալ Արցախում։ Հիմա, երբ կարողացան դա անել, պաշտպանելով Թուրքիայի ու Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա և չակերտավոր «փրկելով» Հայաստանը՝ իբրև պետություն, ուրեմն կարողացան հասնել իրենց նպատակին, որ միայն ՌԴ զորքերն են այսօր ներկա Արցախում։ Բայց նպատակն ի՞նչ է․ ըստ Ռուսաստանի՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև կարող են հարաբերություններ հաստատվել, Հայաստանն ու Թուրքիան կարող են հարաբերությունների մեջ մտնել, Մինսկի խմբի ձևաչափն ամբողջությամբ կքանդվի, և Ռուսաստանը կուրախանա, որովհետև թե զորքեր ունի տարածաշրջանում, թե իրենց ուզած տարբերակով կբանակցեն։
Բայց արդյոք խաղաղություն կլինի՞ տարածաշրջանում։
Ոչ, ինչպես ասացի, Ռուսաստանը չի լուծում խնդիրները։ Վստահ եղեք՝ մինչև 2025 թվականը ռուսական զորքն այնտեղ պետք է մնա, քանի որ 5 տարվա պայմանագիր կա։ Եթե Ադրբեջանն ու Ռուսաստանը լավ հարաբերությունների մեջ լինեն, այս հարցը կշարունակվի, եթե Ադրբեջանը Ռուսաստանի համար խելոք չմնա, Ռուսաստանը կարող է Արցախի անկախությունը ճանաչել կամ քայլ անել դեպի անկախության ճանաչում։ Բայց հարցը հետևյալն է՝ Ադրբեջանն էլ չի ուզում Ղարաբաղի հարցը լուծել, որովհետև Ադրբեջանի համար կարևոր է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացել։ Բայց դա շատ դժվար է Ադրբեջանի համար, Ադրբեջանն առաջին հերթին ուզում է իր քաղաքական հաղթանակը, որը չկա։
Հայաստանը՝ որպես պետություն, ի՞նչ անելիք ունի այս իրավիճակում։
Ժողովուրդը պետք է արթնանա, միասնական լինի և որոշի՝ ի՞նչ է ուզում։ Վերջիվերջո կառավարությունն էլ պետք է խորհրդակցի ժողովրդի հետ, եթե ժողովուրդը պատրաստ է տապալել 2020 թվականի նոյեմբերի 9-ի պրոցեսը, և դա կնշանակի, ինչու ոչ, գնալ դեպի պատերազմ․․․ Հայաստանի ու Արցախի ժողովուրդը պետք է որոշեն։ Եթե Հայաստանի ու Արցախի ժողովուրդը պատրաստ չեն այդ ճանապարհով գնալ, ուրեմն, պետք է որոշեն, թե ինչ է իրենց ուզածը։ Կարևոր է նաև այն, թե ինչ պետք է չանել, որպեսզի Արցախի ու Հայաստանի ճակատագիրը չսևանա։ Եթե դա իմանանք, նաև կկարողանանք կողմնորոշվել, թե ինչ պետք է անել։
Հարցազրույցը ՝ Lragir.am կայքից։