Մենք ունենք իրականություն, որը դատավճիռ չէ: Այն ինչ մենք տեսնում ենք, զուտ տարբերակներից մեկն է, իսկ մյուս տարբերակները ոչ թե չկան, այլ չենք տեսնում, մինչդեռ շատ շատ կարևոր է, որ տեսնենք ու հասկանանք ու այդ կերպ փոխենք այն ապագան, որը չենք ուզում:
Արայիկ Մկրտումյան
Որքան էլ որ զարմանալի է, աշխարհի ամենամեծ ու հրաշալի պատմություն ունեցող ժողովուրդներից մեկը հասու չէ իր իսկ պատմությանը: Խոսքն իհարկե մեր՝ հայերիս և հայոց պատմության մասին է: Մենք շատ ենք սիրում հպարտանալ մեր պատմությամբ, ավելի ճիշտ որոշ հատվածներով, որի մասին գիտենք քիչ: Մենք սովորություն ունենք գերագնահատելու պատմական այս կամ այն իրադարձությունը, կամ ընդհակառակը՝ նվազեցնել որևէ դեպքի կամ դեմքի իրական նշանակությունը: Պատմության մի մեծ մասը մեզ համար ծածկված է անգիտության քողով ու դրա մասին մարդիկ ոչ միայն չգիտեն, այլև ի վիճակի չեն հասկանալու, երբ տեղեկանում են այդ մասին:
Պատմությունը մեզանում կենաց է, պարծենկոտության մակարդակի զրույց, հեքիաթի նման մի բան, որի մասին խոսում են տարատեսակ քեֆերի ժամանկ՝ հպարտանալով Տիգրան Մեծի նվաճումներով, կամ, որ Նապոլեոնի մարշալը հայ էր: Միևնույն ժամանակ տեղյակ չլինելով ո՛չ Նապոլեոնի, ոչ էլ Տիգրան Մեծի նվաճումների մասին բավական խորը կերպով: Մեզնից շատերին չի էլ հետաքրքրում, թե ինչպես և ինչու է Տիգրան Մեծը կարողացել կառուցել նման վիթխարի կայսրություն և միևնույն կերպով չենք կարողանում հասկանալ, թե ինչու ենք հիմա նման վիճակում:
Պատմությունը մենք ընկալում ենք որպես ավարտված հեքիաթ, առասպել, որն արդեն վաղուց վերջացել է ու այլևս երբեք չի կրկնվի: Երբեմն միայն, հատկապես հերթական ողբերգության ժամանակ մենք դառնացած ասում ենք, որ պատմությունը կրկնվեց: Օրինակ 2020թ. պատերազմը, երբ Ադրբեջանը հարձակվեց սեպտեմբերի 27-ին, մենք հիշեցինք, որ ուղիղ հարյուր տարի առաջ էլ թուրքերն էին հարձակվել նույն օրը: Նույնն էր նաև պատերազմի ավարտի ընկալումը, երբ Արցախի հողերի մի մասը անցավ թուրքերին, իսկ նախկին ԼՂԻՄ-ը(առանց Հադրութի և Շուշիի) դարձավ ռուս խաղաղապահների վերահսկողությանը ենթակա տարածք: Շատերը պատերազմն ու այդ պայմանագիրը համարեցին 1920-21թթ. իրադարձությունների կրկնությունը:
Բայց մի՞թե հարկ կա հատ-հատ նշելու բազում այլ դեպքեր: Ակներև է, որ մեզ համար պատմությունը կրկնվում է ոչ միայն փիլիսոփայորեն, այլև գրեթե փաստական մակարդակում, իսկ այդ ամենը միայն մի բան է նշանակում՝ մենք չենք սովորում պատմության դասերը: Իսկ չենք սովորում միայն այն պատճառով, որ չենք հասկանում: Հասկանալու համար պետք է քննել, ուսումնասիրել, ըմբռնել: Իսկ մենք այդ չենք անում: Մենք կիսատ-պռատ կարդում ենք ու վերջ: Մեզ համար պատմությունն ընդամենը ժամանակագրություն է, չբացատրվող ու անհասկանալի: Դպրոցներում պատմության դասն իրենից ենթադրում է ընդամենը փաստերի մի մասի անգիր անելը: Աշակերտները պատմությունը չեն սովորում, նրանք ընդամենը անգիր են անում այն, ինչ գրված է գրքում: Նույնը և համասլարաններում: Նման ձախողված կրթական սկզբունքը պատմությունը մարդկանց աչքերում դարձնում է անհասկանալի, դժվարամատչելի և ձանձրալի թվագրություն, որի մեջ սակայն ոչ մի իմաստ չկա:
Անգլիացի պատմաբան Առնոլդ Թոյնբին իր «Հասու լինել պատմությանը» աշխատության մեջ բավական լուրջ անդրադարձ է կատարում պատմության ընթացքի տրամաբանությանը՝ փորձելով բացատրել տեղի ունեցածի և ունեցողի հոգեբանությունը, փիլիսոփայությունը: Փորձ է արվում հոգեբանորեն և սկզբունքորեն հասկանալ ոչ միայն այն, թե ինչ է տեղի ունեցել, այլև երբ և ինչպես ու ամենակարևորը՝ ինչու:
Մեկ այլ անգլիացի, հանճարեղ գրող, լրագրող Ջորջ Օրուելն իր «1984» հակաուտոպիստական գրքում ունի նման տողեր. «Ով վերահսկում է անցյլաը, վերահսկում է ապագան, ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»: Մենք կարդում ենք, հիանում և ոչինչ չենք սովորում: Իրականում այդ տողերը հավաստում են պատմության ընկալման ողջ անհրաժեշտությունը, որովհետև, քանի դեռ չենք հասկացել, ինչ է տեղի ունենում, չենք կարող հասկանալ դրա շարունակություն հանդիսացող ներկան և դրա շարունակությունը՝ ապագան:
Հայոց պատմության մի քանի հազարամյա պատմության մեջ հատ ու կենտ դեպքեր կարող ենք վերցնել, որոնք քիչ թե շատ նոր երևույթներ են եղել և այդքան խիստ շաղկապված չեն եղել անցյալի հետ, այլ իրենք իրենցով հանդիսացել են որոշակիորեն նոր երևույթներ: Մնացյալ դեպքերն այնքան խիտ շաղկապված են, որ շատ հաճախ նույնիսկ պատմաբանների համար դժվար է լինում առանձնացումներ կատարել:
Մենք սովորաբար սիրում ենք, որ պատմաբանները մեզ ներկայացնեն պատմական որևէ հերոսական դեպք և մենք պարծենանք, որ ասենք Ակոռիում 300 հայ կարողացել է հաղթել 7000 պարսիկի: Բայց ո՞րն է այդ ամենի օգուտը, եթե մենք պատմությունն ու առասպելը խառնելու ենք իրար և ոչ մի հետևություն չանենք:
Մարդը չի կարող ապրել առանց հիշողության: Հրանտ Մաթևոսյանն ասում էր, որ մարդը եթե հիշողություն չունենա, կվերածվի անասունի և օրինակ է բերում, որ ահա կովը դաշտում հանգիստ արածում է, իսկ իր հորթին երեկ են մորթել: Այո՛, մարդը չի կարող ապրել առանց հիշողության, իսկ ժողովրդի ու ազգի հիշողությունն իր պատմությունն է: Առանց պատմության ժողովուրդը աննպատակ խառնամբոխ է, որն ի զորու չէ հասկանալ, թե ով է ինքը: Ավելորդ է խոսել արդեն ապագայի մասին անգամ:
Վերը թվարկվածին զուգահեռ, մենք ունենք ևս մի հետաքրքիր մոտեցում: Մենք շատ ենք սիրում պատկերացնել, թե ինչ կլիներ եթե Տիգրան Մեծը չպարտվեր Լուկուլլոսին, եթե 1918թ. առաջին հանրապետությունը չկործանվեր, եթե…եթե…
Շատ դեպքերում մենք երազելով հեռանում ենք իրականությունից ու զոռ ենք տալիս երևակայությանը: Հաճախ էլ միտումնավոր բաց ենք թողնում որոշ անցանկալի դեպքեր և պատմական բացերը լրացնում առասպելներով ու ցանկալին մատուցում իրականի փոխարեն: Հետևանքը լինում է սխալ հետևությունն ու սխալ հաշվարկները:
Բայց, ինչպես արդեն նշեցի, պատմությունը պարզապես ժամանակագրություն չէ: Պատմությունը ոչ միայն փաստ է, այլև՝ տրամաբանություն, հոգեբանություն, ընթացքի մեջ գտնվող իրադարձություն: Հայոց պատմությունը ավարտված չէ, այն շարունակվում է հենց հիմա, հենց այս պահին ու եթե մենք հասկանանք մեր անցյալը, կարող ենք հասկանալ և՛ ներկան, և՛ կառուցել ապագան:
Հիմա գանք մի հետաքրքիր երևույթի: Եկեք պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե…ու այդ եթե-ն ոչ թե հիմնված լինի անիրական երազանքների վրա, այլ սառը հաշիվների և տրամաբանության: Ու հնարավոր է, որ անցյալի արդեն կատարված փաստը ուսումնասիրելով և՛ փաստական, և՛ այլընտրանքային առումով, մենք ի վիճակի լինենք այլընտրանք գտնել նաև այսօրվա համար: Մենք հաճախ այսօրվա իրականությունն ընդունում ենք որպես դատավճիռ և կարծես թե ելքեր չենք տեսնում: Եվ հաճախ, ուսումնասիրելով անցյալի որևէ դեպք, ափսոսանքով նշում ենք, որ չենք կարողացել կանխատեսել կամ հասկանալ որոշ կարևոր բաներ և միակողմանի ենք ընդունել իրականությունը, կիսատ ենք տեսել, իսկ այդ եթե հասկանայինք, եթե այսպես չանեինք, այնպես անեինք, ապա…
Հիմա մենք ունենք իրականություն, որը դատավճիռ չէ: Այն ինչ մենք տեսնում ենք, զուտ տարբերակներից մեկն է, իսկ մյուս տարբերակները ոչ թե չկան, այլ չենք տեսնում, մինչդեռ շատ շատ կարևոր է, որ տեսնենք ու հասկանանք ու այդ կերպ փոխենք այն ապագան, որը չենք ուզում:
Անցյալի կարևոր մի քանի դեպքեր այդ սկզբունքով է վերլուծել պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը: Նա փորձել է հասկանալ, թե ինչ կլիներ եթե…
Մենք կներկայացնենք Հրանտ Տեր-Աբրահամյանի հեղինակությամբ և Mediamax, VivaCell MTS-ի գործընկերությամբ ստեղծված «Այլընտրանքային պատմություն» շարքն ամբողջապես՝ հուսալով, որ այն օգտակար կլինի սթափ ու քննադատական մտածողությունը զարգացնելու համար:
Անցյալի ախտորոշումը առողջ ապագայի գրավականն է: