90-ականներից Հայաստանում թագավորող կեղծիքը, կաշառակերությունը, անպատժելիության մթնոլորտը, կեղծ արժեքները, փողի պաշտամունքն ու գայլային ագահությունը իրենց թագն ու պսակը գտան հոկտեմբերի 27-ի սպանդով: Հոկտեմբերի 27-ին նախ սպանվեց ՀՀ ԱԺ-ի հանդեպ հարգանքն ու հավատը, պետական այրերի նկատմամբ վստահությունը, սպանվեց ապագային ազատ նայելու համարձակությունը, անկախությունը, ազատությունը:
Մեր Ուղին
Հոկտեմբերի 27-ի մասին շատ-շատ է խոսվել ու այն փորձ է արվել բացատրել ամենատարբեր պատճառներով, բայց կան դրան առնչվող մի քանի երևույթներ, որի մասին ավելի քիչ են խոսում: Իհարկե ավելի հետաքրքիր է նշել, որ կազմակերպեց այսինչը, իրականացրեց այնիչը, դրանից օգտվեց սա, իսկ պատժվեց նա, բայց մի կողմ դնենք այդ ամենը, մանավանդ, որ այսքան տարվա ընթացքում դատավարությունից ոչ ոք ոչինչ չհասկացավ ու հոկտեմբերի 27-ի սպանդը քիչ քիչ պատվում է միֆական քողով:
Փորձենք հասկանալ հոկտեմբերի 27-ի էլ ավելի ծանր կողմերը:
Հոկտեմբերի 27-ի մասին խոսելիս նաև կան այն տեսակետները, որ եթե այդ սպանությունները չլինեին, ապա Հայաստանը ուրիշ ուղիով էր գնալու, որ ամեն ինչ այլ էր լինելու, որ…այո, գուցե և շատ բաներ այլ ուղիով գնային, բայց դեռ հարց է, թե ավելի լավ էր լիելու, թե ոչ: Որովհետև հոկտեմբերի 27-ը շատերի կողմից ներկայացվում է այն հիմնական պատճառը, որից հետևանքով Հայաստանն ընկավ մի կեղտոտ ծուղակի մեջ, որից չի կարողանում դուրս գալ մինչև հիմա: Բայց իրականում հոկտեմբերի 27-ը ոչ թե պատճառ էր, այլ հետևանք: Հոկտեմբերի 27-ից չեն ծնվել աղետներն ու հանցանքը, այլ հանցանքն է ծնել հոկտեմբերի 27-ը: Որովհետև եթե նույնիսկ այդ սպանդի պատվիրատուները ռուսներն էին, ապա հրազենի ձգանը քաշողները հայեր են եղել, իսկ նրանք կարող էին չկրակել, չվերցնել պատվերը, եթե Հայաստանում վաղուց արդեն պատրաստ չլիներ նման այլանդակության հոգեբանական ու բարոյական դժոխքը:
Հոկտեմբերի 27-ը ազդարարեց, որ Հայաստանում պետական մտածողությունը տեղ չունի, հայտարարեց, որ հարցերը լուծելու ամենալավ տարբերակը սպանելն է, որ ահաբեկչությունը նորմալ է, որ կարելի է մարդ սպանել ԱԺ-ում, որ կարելի է թքել երկրի ամենից կարևոր ինստիտուտի՝ ազգային ժողովր վրա, որ կարելի է անցնել բոլոր սահմանները ու վերջապես որ Հայաստանում այլևս ոչ մի կարմիր գիծ չի մնացել: 90-ականներից Հայաստանում թագավորող կեղծիքը, կաշառակերությունը, անպատժելիության մթնոլորտը, կեղծ արժեքները, փողի պաշտամունքն ու գայլային ագահությունը իրենց թագն ու պսակը գտան հոկտեմբերի 27-ի սպանդով: Հոկտեմբերի 27-ին նախ սպանվեց ՀՀ ԱԺ- ի հանդեպ հարգանքն ու հավատը, պետական այրերի նկատմամբ վստահությունը, սպանվեց ապագային ազատ նայելու համարձակությունը, անկախությունը, ազատությունը և նոր միայն Միասնություն դաշինքի անդամները, մասնավորապես Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը: Չմոռանանք, որ ոչ միայն նրանք են սպանվել, այլև ևս մի քանի հոգի: Այնպես չէ, որ եթե նրանք չսպանվեին, ուրիշները սպանվեին, ապա վիճակն ավելի թեթև էր լինելու: Ոչ: Խնդիրը միայն այն չէ, որ սպանվել են հենց Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, այլև այն, որ նրանք սպանվել են Ազգային ժողովում: Նրանց սպանել են օրը ցերեկով, ուղիղ եթեր հեռարձակվող լրատվության, լրագրողների, օպերատորների, այդ նիստը նայող հեռուստադիտողների աչքերի առաջ: Նրանց սպանել են օրենսդիր շենքում, հարյուր երեսուն մարդու ներկայությամբ: Իսկ այդ ոչ թե դավադրություն է հիշեցնում, այլ ցուցադրական մահպատիժ: Պատիժ ոչ թե մի քանի հոգու, այլ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Եթե օրը ցերեկով, ողջ աշխարհի աչքի առաջ ընդամենը մի քանի հոգի, ովքեր ինչ որ հատուկ նշանակության ջոկատի պրոֆեսիոնալներ չեն, կարողանում են հասարակ հրաձգային զենքերով գալ ու գնդակահարել երկրի Ազգային Ժողովի նախագահին, երկրի վաչապետին, պատգամավորներին, ապա դա նշանակում է, որ Հայաստանն ինչ որ մեկի բռի մեջ է և այդ բռունցքն այնքան զորավոր է, որ կարող է ճզմել ցանկացածին, ցանկացած տեղ: Եվ այդ բռունցքը, անկախ նրանից, թե ռուսներինն է կամ այլմոլորակայիններինը, տեղական հանցագործներինն է թե ոչ, հենվել է Հայաստանում տեղ գտած այլասերման, բարոյական անկման և ինքնաոչնչացման վրա: Առողջ հասարակությունում անհնար է նման դեպք, որովհետև այդ հասարակությունում նունիսկ նման միքտ չի ծնվի, նման միտքը չի պաշտպանվի, ուր մնաց գտնվեն ձգանը քաշողներ, կամ որ ավելի վատ է այդ ամենը կազմակերպողներ ու հետո այդ ամենը թաքցնողներ: Եվ եթե թեկուզ տեսական մակարդավո ճիշտ լինի այն, որ կազմակերպիչը Պուտինն էր, իսկ իրականացնողը Ռ. Քոչարյանը, ապա դա նշանակում է, որ Հայաստանն ուղղակի իր գլխի տերը չէ: Եվ արդեն հասկանալի է, թե ինչու հետագա տարիներին այլևս ոչ մի իրական պայքար չեղավ հանուն արդարության, հավասարության և այլն: Էլ ինչպե՞ս հասարակ ուսուցիչն ու մտավորականը ելնի պայքարի, եթե նրա աչքի առաջ սպանվում են ամենազորեղ մարդիկ ու նույնիսկ հասկանալի չէ, թե ինչ, որտեղ, երբ: Բնական է, որ հոկտեմբերի 27-ը ոչ միայն հայտարարեց ամենատարբեր այլանդակությունների հաղթանակի, այլև վախի մթնոլորտի հաստատման ու վախեցած լռության հիմնադրման, համակերպվելու մասին:
Հոկտեմբերի 27-ը եկավ հաստատելու, որ դասագրքային տեսական ճշմարտությունները և խորհրդային դպրոցում արծարծվող բարի քաղաքացու կերպարը մնացել է դասագրքերում, իսկ իրականության մեջ ԱԺ-ն գնդակահարվում է բոլորի աչքի առաջ: Մի՞թե նման բան կարելի էր պատկերացնել դրանից 20 տարի առաջ, ասենք 1980թ.: Իհարկե ոչ: Այդ մասին նույնիսկ ամենավատ երազում չէին տեսնի: Հարցրեք ցանկացած տարիքով մարդու, թե արդյո՞ք նա կպատկերացներ, որ ասենք ՀԽՍՀ Գերագույն Խորհրդում նիստի ժամանակ ինչ որ մարդիկ մտնեին նիստերի դահլիճ ու գնդակահարեին պատգամավորերին:
Իհարկե ոչ: Այդ դեպքում ինչո՞ւ ընդամենը մի քանի տարի հետո այդ ամենն իրականություն դարձավ: Ուրեմն կամ նման սարսափ Հայաստանում տեղի չէր ունենում, որովհետև ռեժիմի խստությունը թույլ չէր տալիս, կամ էլ ընդամենը մի քանի տարում Հյաասատնում հասունացավ իդելական հանցագործի կերպար: Երկու տարբերակներն էլ շատ տխուր են: Մեկը մեկից վատ:
Հոկտեմբերի 27-ը հավաքական հանցագործության թագն էր: Դրոշ, որ ամրագրում էր հանցագործությունը որպես մոտեցում, որպես սկզբունք, որպես հոգեբանություն: Ու այդ ամենից հետո Հայաստանում էլ ավելի ամրագրվեց քրեական անօրինական մտածողությունը, երբ բակերում ու դպրոցում ծաղկում էր բանտային կյանքի գովքը և հանցագործ մտածողությունն ու կեցվածքը: Մի՞թե նման հասարակությունը առողջ բերք կտա:
Հոկտմբերի 27-ը ժամկետն անց չէ, քանի որ չարիքը վաղեմության ժամկետ չունի: Հին վերքը, որ չի լավացել, դեռևս հին չէ, իսկ Հայաստանի վերքերը ոչ միայն չեն լավանում, այլև ավելի են շատանում:
Հոկտեմբերի 27-ից հետո այն մտավորական հատվածը, որ ինչ որ ակտիվությու ուներ, հավատ ուներ, քաշվեց մի կողմ ու լռեց մինչև հիմա: Մտավորականությունը վախեցավ և իրեն անպաշտպան զգաց:
Հոկտեմբերի 27-ը հնարավոր չէր ջնջել և դրան հաջորդեց մարտի մեկը: Որովհետև հոկտեմբերի 27-ը չպատժվեց ու հանցանքին հաջորդեց մեկ այլ հանցանք:
Հոկտեմբերի 27-ին կրակեցին պատգամավորներին, մարտի մեկին՝ ժողովրդին: