ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ծանրագույն Մեղք

Շրջապատուած լինելով մահմեդական անբարեացակամ ու թշնամի տարրերով, հայ ժողովուրդը մի կոյր հաւատ է ունեցել, թէ այդ հեղձուցիչ մթնոլորտից ռուսն է, որ պիտի ազատի իրեն։ Ասածիս ապացոյց կարող է լինել Ղարաբաղի վերջին դէպքերը․..

Գէորգ Թորոյեան

ԱՄԷՆԱԽՈՇՈՐ ՎԷՐՔԸ` ՌՈՒՍԱՍԻՐՈՒԹԻՒՆՆ Է

(Հատուած ՀՀ վարչապետ Հ. Օհանջանեանի ելոյթից,
Յուլիս, 1920)

«Այսօր մենք կասկածից դուրս պիտի համարենք այն համաձայնութիւնը, որ կնքուած է խորհրդային ռուսաստանի եւ թուրք ազգայնականների պարագլուխ մուստաֆա քեմալի միջեւ, որ ամիսներ առաջ հրապարակուեց մամուլում:

Կասկածից դուրս պիտի համարենք, որովհետեւ բոլոր այն դէպքերը, որոնք տեղի են ունեցել վերջին երկու ամիսների ընթացքում ու տեղի են ունենում նաեւ այսօր թէ՛ մեր երկրում եւ թէ՛ սահմանների վրայ, ոչ այլ ինչ են, եթէ ոչ յիշեալ համաձայնագիրը իրացնելու անհրաժեշտ փորձեր:

Հայ ժողովուրդը իր աշխարհագրական ու ազգագրական պայմանների շնորհիւ, միշտ իր հոգու խորքում ունեցել է մի հիւանդոտ մտայնութիւն, որից նա դժուարութեամբ է կարողանում ազատուել: Դա այն կոյր ռուսասիրութիւնն է, որ միեւնոյն ժամանակ դարձել է մեր հասարակական-պետական կեանքի ամենացաւոտ վէրքը:

Շրջապատուած լինելով մահմեդական անբարեացակամ ու թշնամի տարրերով, հայ ժողովուրդը մի կոյր հաւատ է ունեցել, թէ այդ հեղձուցիչ մթնոլորտից ռուսն է, որ պիտի ազատի իրեն։ Ասածիս ապացոյց կարող է լինել Ղարաբաղի վերջին դէպքերը․..

Ի՞նչ պէտք է անէք դուք, մենք ամէնքս, դրութիւնը Ղարաբաղում եւ Զանգեզուրում վերականգնելու եւ առհասարակ ռուս-թաթարական վտանգը Հայաստանից հեռացնելու համար:

Ես պարտք եմ համարում կրկին անգամ յիշեցնել, որ հայ կեանքի ամենախոշոր վէրքը ռուսասիրութիւնն է, որ պէտք է բոլոր միջոցներով արմատախիլ անել այն, քանի որ ռուսասիրութիւնը ներկայումս մեր թշնամիներից խոշորագոյնն է:

Փոխել հայ քաղաքացիների հոգեբանութիւնը, ճանաչեցնել տալ նրան իր իսկական թշնամիներին եւ ազատել նրան իր միամիտ հաւատից՝ կը նշանակի մեծապէս ապահովել Հայաստանի գոյութիւնն ու անձեռնմխելիութիւնը:

Մտէք ժողովրդի մէջ, պարզեցէք նրան դէպքերի իսկական պատկերը, եւ թող նա տեսնի, որ ռուսաստանը եղբայրացել է Հայաստանի ոխերիմ թշնամի թուրքիայի հետ, թող նա համոզուի, որ մեր սահմանների վրայ կատարուող յարձակումները աշխարհակալ եւ բռնակալ ռուսաստանի առաջ դէպի թուրքիա ճանապարհ բանալու նպատակ ունի:

Թող նա հասկանայ, որ քայքայուած, ահաբեկուած, սովի ու ցրտահարութեան մատնուած ռուսաստանը երբեք չի մտածել հայ ժողովրդի փրկութեան մասին եւ, վերջապէս, թող նա գիտակցի, որ իր փրկութեան ճանապարհը հարթողը ինքն է, իսկ յարատեւ ապահովութեան եւ երջանկութեան միակ երաշխիքը՝ ամբողջացած հայրենիքի անկախութիւնը»:

Համօ Օհանջանեան (Համազասպ, 1873-1947)
Հայաստանի Առաջին Հանրապետութեան վարչապետ

Ա. Զ.

Հոդվածը՝ Գէորգ Թորոյեանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *