Հայաստան

Փիլիսոփայական Քայլ Առաջ

(Մաս-1ին)

Դպրոցական դասագրքերը լի են եղել հատկապես ռուս գործիչների արտահայտած գովասանքով հայերի մասին։ Սա դուրեկան էր և հայ ժողովուրդը հպարտությունը սրա մեջ էր տեսնում։ Հայ ժողովուրդը ինքն իրեն տեսնում էր թույլի դերում և թույլի դերը համարվում էր ազնիվ դեր։ Դա բնական վիճակ էր՝ <<հազարամյակների հալածանքից հետո վերջապես ապահովություն գտած ժողովրդի համար>>։

Աշոտ Տերտերյան

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը անկախացավ, սակայն շարունակեց ապրել այն նույն փիլիսոփայությամբ որով ապրում էր ՀԽՍՀ-ն, այսինքն մի վարչական միավոր, որը չէր կարող ունենալ պետության նպատակներ և խնդիրներ։

Տվյալ դեպքում փիլիսոփայություն նշանակում է՝ պետության հայացքը աշխարհին, պատմությանը և ինքն իրեն, այսինքն` որն է քո պետության դիրքը և տեղը աշխարհի նկատմամբ, որն է քո և աշխարհի պատմությունը և ինչպիսի միավոր ես հանդիսանում ինքդ։ Նշված բաղադրիչները մեկը մյուսի հետ ներթափանցված են և փոխազդեցության մեջ են։

Վերոնշյալ փիլիսոփայության վերլուծությունից պարզ է դառնում, որ Հայաստանը հանդիսանում է ՀԽՍՀ փիլիսոփայական շարունակությունը։

Այսինքն, Հայաստանը որպես պետություն, ապրում է վարչական միավորի ծրագրավորմամբ, ինչը չի կարող պարբերաբար ձախողումների չհանգեցնել։

1․ՀԽՍՀ փիլիսոփայությունը

1․1 Հայացք աշխարհին

Համաձայն ՀԽՍՀ փիլիսոփայության աշխարհը վտանգավոր վայր է, որտեղ մեծ տերությունները խժռում են փոքրերին։

Աշխարհում կան մեծ տերությունների կողմից կառուցված մեկ կամ մի քանի համակարգեր՝ կանխորոշված կառույցներ, որտեղ փոքրերը իրենց շահերը ինքնուրույն չեն կարող պաշտպանել։

Անհրաժեշտ է պատսպարվել։

Այդ վտանգավոր և կանխորոշված կառույցներով աշխարհում, Հայաստանը հանդիսանում է յուրային մի մեծ համակարգի մաս, որը ապահովում է իր անվտանգությունը և գոյությունը։ Այն ժամանակ դա Սովետական Ռուսաստանն էր կամ ԽՍՀՄ-ը։

Հայաստանը չի կարող ինքնուրույն քաղաքականություն վարել՝ ինքնուրույն նպատակներ դնել և լուծել իր շահերին առնչվող խնդիրներ։

Հայաստանը միայն կարող է տեղավորվել մեծ տերությունների շահերի հոսքի մեջ՝ փորձելով այդ հոսքի ընթացքում իրեն հարմար դիրք բռնել։

Այսինքն ՀԽՍՀ հայացքն աշխարհին բերում էր նրան, որ խնդիր էր դրվում՝ ոչ թե ինքնիշխանության, այլ մեծ տերության շահերի սպասարկման։

Եվ հատկապես 1960-ականներից 80-ականները հայերի համար դրվեցին այն արտաքին քաղաքական ուղենիշները, որոնք գործում են մինչ այժմ՝ Թուրքիայի էութենական թշնամացում և բացարձակ ժխտում, Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիր, անվստահություն արևմուտքի նկատմամբ, և Ռուսաստանի միջոցով խնդիրների լուծում։

Դժվար չէ նկատել, որ վերոնշյալ բոլոր առանցքային գաղափարները ինքիշխանությունը ժխտող և արտաքին քաղաքական ազատությունը սահմանափակող գաղափարներ են։

1․2 Հայացք պատմությանը

ՀԽՍՀ փիլիսոփայության համաձայն՝ պատմությունը հայերի համար իրական չէ։ Կան խոշոր ժողովուրդներ, որոնք պատմությունը առաջ են տանում, և կան հայեր որոնք ենթարկվում են այդ գործընթացներին։

Պատմության ընթացքում Հայաստանը մշտապես եղել է թույլ և անօգնական միավոր, նույնիսկ Տիգրան Մեծի ժամանակ, երբ Հայաստանը հանձնվում է Հռոմին։

Երբ որ Հայոց Պատմությունը կարդում ենք ու գալիս հասնում ենք Ռուսական կայսրության կողմից Հայաստանը գրավելու ժամանակ՝ շունչ ենք քաշում, որովհետև վերջապես Հայսատանը դարձավ պաշտպանված արտաքին հարձակումներից։ Պատմության նման ներկայացումը ազգի ենթագիտակցության վրա ազդելու հատուկ հնարք էր։

Հայոց պատմությունը՝ Հայաստանի հալածանքի պատմություն է, որին պատռում են գերտերությունները, քոչվորները, մահմեդականները։

ՀԽՍՀ կողմից շարադրված Հայոց պատմության մեջ գոյություն չունի գործոն Հայաստան և Հայաստանը միշտ կարիք ունի ուժեղ դաշնակցի։

ՀԽՍՀ ժամանակի պատմությունը անարդարությունների պատմություն է՝ երբ ճնշվել է ազնիվ, փոքր, քրիստոնեա, միամիտ հայ ժողովուրդը, որը զբաղված էր գրերի գյուտով, մատյաններ գրելով, հող մշակելով, եկեղեցիների կառուցելով։

Նույնիսկ հայկական պետականության դարաշրջանները ներկայացված են առանց պետականության շոշափելի զգացում տալու, այսինքն թվում է թե խոսվում է հայկական պետության մասին, սակայն այդ խոսքի մեջ չկա պետական կառավարում, կազմակերպում, միջպետական հարաբերություններ, ռազմաքաղաքական գործընթացներ, այլ կա միայն հեքիաթային հերոսականություն կամ վիպականացված հաղթանակներ ու պարտություններ։

Չկա պետության կողմից սեփական կամքի գործադրում։

Սա բերում է պատմության հեքիաթային ընկալման, իսկ նման ընկալումը բերում է պետականության և ինքնուրույնության զգացման թուլացման։

Համաձայն այդ պատմության՝ հայերը ըստ էության կրոնական համայնք էին, զուրկ ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու կարողությունից, դիվանագիտական ձիրքից, ռազմական հմտությունից, պետական կառավարումից։

Եվ ոչ միայն հայոց պատմությունը, այլև համաշխարհային պատմությունը անարդարության պատմություն է, որտեղ ուժեղները շահագործում և գաղութացնում են փոքրերին։

1․3 Հայացք ինքն իրեն

ՀԽՍՀ փիլիսոփայության համաձայն՝ հայ ժողովուրդը ոչ միայն պատմության ընթացքում այլև ներկայում, փոքր ժողովուրդ է, որը ունի լավ մշակույթ, լավ բնություն, եկեղեցիներ, խաչքարեր, լավաշ և հաճույք է ստանում երբ մեծ ժողովուրդները գովում են իրեն, գրում են իր մասին, պաշտպանում իրեն։

Այսինքն հայերը սեփական էությունը ընկալել են ոչ թե որպես ազգերի ընտանիքի լիարժեք անդամ և ինքնուրույն անդամ, այլ որպես մեկ մակարդակ ցածր կազմավորում, որը կարիք ունի ավելի մեծի կողմից պաշտպանության և որը զուրկ է ազգերի կարգավիճակը որոշող հիմնական հատկանիշներից՝ արտաքին քաղաքականություն վարելու և ինքն իրեն պաշտպանելու հատկանիշներից։

ՀԽՍՀ փիլիսոփայության մեջ հայերի ինքնաընկալումը հանգեցնում է նաև այնպիսի գաղափարի, որի համաձայն հայ ժողովուրդը ի վիճակի չէ պետություն ունենալու։

Մենք չունենք բանակ կազմակերպելու հմտություններ, դիվանագիտական հմտություններ, պետական ապարատ պահելու մարդկային կարողություններ, անհատապաշտ ենք ու չենք կարող պետական համակարգի մեջ աշխատել, հարկեր չենք կարող հավաքել, քանի որ խաբեբա ենք, դավաճանները համաշխարհային միջինից շատ են և այլն։

Դպրոցական դասագրքերը լի են եղել հատկապես ռուս գործիչների արտահայտած գովասանքով հայերի մասին։ Սա դուրեկան էր և հայ ժողովուրդը հպարտությունը սրա մեջ էր տեսնում։

Հայ ժողովուրդը ինքն իրեն տեսնում էր թույլի դերում և թույլի դերը համարվում էր ազնիվ դեր։ Դա բնական վիճակ էր՝ <<հազարամյակների հալածանքից հետո վերջապես ապահովություն գտած ժողովրդի համար>>։

Հայ ժողովուրդն իրեն տեսնում էր որպես ներքին ուժ չունեցող միավոր, որը կարող է զարգանալ միայն արտաքին գործոնից ստացած ապահովությամբ։

Չկա ներքին ուժ, այդ ներքին ուժը մեծացնելու նպատակ։ Չկա ներքին ուժը դեպի աշխարհ մղելու գիտակցություն կամ ենթագիտակցություն։

2․ Հայաստանի Հանրապետության փիլիսոփայական խնդիրը և լուծումը

Ահա վերոնշյալ փիլիսոփայական հիմքերի վրա էր կառուցված ՀԽՍՀ-ն, որը հանդիսանում էր վարչական միավոր։

Վարչական միավորը չպիտի ունենար արտաքին քաղաքականություն, պետական նպատակներ, պաշտպանության խնդիր, սեփական կրթություն կազմակերպելու խնդիր, ինքնիշխանություն և հետևաբար չպիտի լինեին այնպիսի փիլիսոփայական գծեր, որոնք հատուկ են պետությանը և կենսական են պետության համար՝ որպես օրինակ՝ ներքին ուժի գիտակցումը, այն մեծացնելու ձգտումը, ներքին ուժի կատարելագործումը, դիմադրողականությունը, ինքնուրույնությունը, պայքարի ջիղը և վտանգի սովորական ընկալումը։

1991-ից հետո՝ վարչական միավորի համար նախագածված փիլիսոփայական ուրվագծերը սկսեցին օգտագործվել անկախ Հայաստանի համար, սակայն նման փիլիսոփայությամբ երկիրը պարտադիր պիտի ձախողվեր պետական խնդիրներ իրականացնելիս։

Հայաստանի հիմքում շարունակեց մնալ փոքրի և ներքին ուժի մերժման գաղափարը։ Հայաստանը շարունակեց իր քաղաքականությունը կառուցել մեծ տերության շահերի հոսքի մեջ տեղավորվելու ռազմավարությամբ։

[շարունակելի]

Աղբյուրը՝

https://martakan.am/posts/FyZV64JUUak9zvGmekGd?fbclid=IwAR1YACf31tGaEITxpliRSBKeC77YFLOaQ9hxNzqYpIzC67m3Y4K0g50UDks
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *