Հայաստան

Ալիեւը Քաղաքական Պահու՞ստ Է Ստեղծում

Նախագահական արտահերթ ընտրությունների եւ «ազգային նոր գաղափարի» շուրջ քաղաքական ու հանրային քննարկումների փուլում Ազգային-դեմոկրատական կամ «Ադրբեջանի գորշ գայլեր» կուսակցության վերահիմնադրումը։

Վահրամ Աթանեսյան

Հունվարի 13-ին գումարվել է Ադրբեջանի Ազգային-դեմոկրատական կուսակցության հիմնադիր խորհրդաժողովը: Քաղաքական այդ կառույցը Գերագույն դատարանի վճռով կասեցվել է 1996 թ.-ին: 1995թ. մարտի 31-ին Բաքվում, ըստ պաշտոնական վարկածի, տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որ գլխավորել է ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար Ռովշան Ջավադովը: Ապստամբության ճնշմանը ներգրավվել են բանակային ուժեր: Փոխհրաձգության ժամանակ Ռովշան Ջավադովը սպանվել է: Որոշ տեղեկություններով՝ նրան անձամբ գնդակահարել է գեներալ Սաֆար Աբիեւը, ինչի դիմաց Հեյդար Ալիեւը նրա պաշտպանության նախարար է նշանակել:

Պետական հեղաշրջման փորձի գործով ձերբակալվել է ՆԳ նախկին նախարար Իսկանդեր Համիդովը: Նրա նկատմամբ կայացված դատավճռի հիմքով էլ Գերագույն դատարանը կասեցրել է Ազգային-դեմոկրատական կուսակցության գործունեությունը: Քաղաքական այդ կառույցը, որ ոչ պաշտոնապես կոչվում էր «Ադրբեջանի գորշ գայլեր» ստեղծել է Համիդովը: Նա մեկ տարի ՆԳ նախարար է պաշտոնավարել Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության շրջանում: Համիդովը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: 2008թ.-ին նա հայտարարել է Մեքքա ուխտագնացության մեկնելու, կուսակցության առաջնորդությունը թողնելու եւ քաղաքականությունից հեռանալու մասին: Համիդովը մահացել է 2020 թվականին:

Նախագահական արտահերթ ընտրությունների եւ «ազգային նոր գաղափարի» շուրջ քաղաքական ու հանրային քննարկումների փուլում Ազգային-դեմոկրատական կամ «Ադրբեջանի գորշ գայլեր» կուսակցության վերահիմնադրումը, իսկ խորհրդաժողովն անցկացվել է համագումար հրավիրելու եւ պետական գրանցման անհրաժեշտ գործընթաց մեկնարկելու նպատակով, քաղաքական լուրջ իրադարձություն է: Ըստ տեղեկությունների, խորհրդաժողովում հնչել է Իսկանդեր Համիդովի գաղափարներին հավատարիմ մնալու հավաստիացում:

Նախագահական ընտրությունների քարոզարշավ կիրականացնեն «Միասնական Ադրբեջան» եւ «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունները, որոնց առաջադրած թեկնածուները ԿԸՀ կողմից օրինական գրանցում են ստացել: Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ինքն ունի «ազգային նոր գաղափարի» սեփական պատկերացումները, որ «որոշիչ կլինեն»: Միաժամանակ նա քննարկումների կոչ է արել: «Գորշ գայլերի» կուսակցության վերահիմնադրումը կամ քաղաքականություն վերադարձի հայտը համաձայնեցվա՞ծ է իշխանության հետ: Թուրքիայում այդ կառույցը, ինչպես դիտարկված է, Էրդողանի ներքին եւ արտաքին քաղաքական «պահուստն է». Ազգայնականությունը, համաթուրքականությունը նա գործարկում է, երբ խնդիրներ է ունենում Արեւմուտքի հետ:

Արեւմուտքի հետ գոնե առերեւույթ խնդիրներ ունի նաեւ Իլհամ Ալիեւը: Ադրբեջանի «Գորշ գայլերի» խորհրդանիշ Իսկանդեր Համիդովն այն աշխարհում է, անձնական քինախնդրություն, հավանաբար, նրա իրավահաջորդների նկատմամբ Իլհամ Ալիեւը չունի: Իսկ եթե ինչ-որ տարաձայնություններ կան, ապա հանուն քաղաքական նպատակահարմարության կարելի է չնկատելու տալ: Խնդիրն այն է, թե Ալիեւն ինչու՞ է ներքին եւ արտաքին քաղաքական «պահուստ» ստեղծում: Նա կրկնօրինակում է Էրդողանի՞ն, ազդակ է հղում տարածաշրջանի երկրների՞ն, թե՞՝ միջազգային դերակատարներին:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *