(Մաս երկրորդ)
Ադրբեջանը կարողացել է հազար եղանակով Ռուսաստանի հետ ջերմ հարաբերություններ մշակել՝ ընդ որում մինչև անգամ ընտանիքների ու անձերի մակարդակով: Իսկ Սփյուռքը այդպես էլ չի կարողացել ինտեգրել իրեն իր ապրած երկրների վերնախավում, չի կարողացել դառնալ դրա ազդեցիկ կամ գոնե բարեկամություն անող մասը: Սփյուռքը միայն Ցեղասպանության ճանաչման հարցն է դրել իր օրակարգում և մի քանի մշակութային խնդիրներ: Դրանք կարևոր են, բայց շատ քիչ են:
Հովսեփ Խուրշուդյան
(Սկիզբը նախորդ համարներում)
Խոսելով գլոբալ մտածողության անհրաժեշտության մասին՝ Հովսեփ Խուրշուդյանը հարկ համարեց պատմական անդրադարձ կատարել և վերհիշեց Բաքվի Կոմունան: Այն թեև հայկական նախագիծ չէր, բայց բավական հետաքրքիր էր ու կարող էր շատ կարևոր լինել իր էությամբ և հարցը միայն բոլշևիկյան ներկայությունը չէր: Բաքվի Կոմունան, որի ղեկավարության մեջ քիչ չէին ազդեցիկ հայերը՝ պոստմոդեռնիզմի ու գլոբալ հասարակության իրական հնարավորություն էր: Եթե Բաքվի Կոմունան կենսունակ գտնվեր, ապա մենք այսօր չէին ունենալու նման ուժեղ և ագրեսիվ ու հարուստ Ադրբեջան: Ադրբեջանը լինելու էր Գանձակի շուրջ ծվարած կովկասյան թաթարների փոքրիկ մի պետություն, որի հետ Հայաստանը կարող էր շատ լավ հարաբերություններ ունենալ: Այդ փոքր Ադրբեջանին ոչ ոք Արցախ չէր նվիրաբերելու, այդ փոքր Ադրբեջանն այդքան հավակնոտ չէր լինելու: Եվ այդ փոքր Ադրբեջանի կողքը՝ Ապշերոնյան թերակղզում ու հարակից տարածքներում լինելու էր թեկուզ և խորհրդային, բայց ինտերնացիոնալ մի պետություն, որն էլ իր հերթին ոչ միայն հայերի հետ թշնամություն անելու պատճառ չէր ունենալու, այլև կարող էր շատ ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ: Հիշենք, որ միայն Բաքվում 200 հազարից ավել հայ էր ապրում, ինչպես նաև շրջակա հատվածներում քիչ չէին ազդեցիկ ու հարուստ հայերը: Եվ հենց այստեղ է այդ գլոբալ մտածողության հարցը: Մենք այն ժամանակ չհասկացանք, թե Բաքվի Կոմունա ասվածն իրենից ինչ է ենթադրում ու ինչ կարող է այն նշանակել: Ընդ որում Բաքվի Կոմունան պայքարեց հենց թաթարական ազգայնականների դեմ ու վտարեց նրանց: Կոմունան ընկավ միայն ու միայն Թուրքիայի հարվածների ներքո: Թուրքերի արշավանքը դեպի Անդրկովկաս միայն հայերին ոչնչացնելու նատակ չուներ, այլ հստակ առաջադրանք՝ թույլ չտալ, որ տարածաշրջանում ձևավորվի ոչ-թուրքական ձևաչափի մի երևույթ: Կարողանալով արշավել դեպի հյուսիս՝ թուրքերը կարողացան ջլատել տարածաշրջանը, խորացնել երկպառակությունները և երկու կողմից խփել Բաքվին՝ կործանելով շատ հետաքրքիր մի երևույթ, ինչը լիովին կարող էր փոխել պատմությունն այս տարածաշրջանում: Բայց մենք այն ժամանակ ոչ հասկացանք, ոչ կարողացանք հասկանալ այդ ամենի վիթխարի նշանակությունը: Նույնն այսօր նաև Հայաստանում է, երբ մենք մեր մտածողությամբ դուրս ենք մնում գլոբալ մտածելակերպից, չենք կարողանում իրադարձությունները գնահատել հարկ եղածի պես: Ընդ որում գավառական է ոչ միայն Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական միտքը, այլև Սփյուռքի մտածողությունը: Ադրբեջանը կարողացել է հազար եղանակով Ռուսաստանի հետ ջերմ հարաբերություններ մշակել՝ ընդ որում մինչև անգամ ընտանիքների ու անձերի մակարդակով: Իսկ Սփյուռքը այդպես էլ չի կարողացել ինտեգրել իրեն իր ապրած երկրների վերնախավում, չի կարողացել դառնալ դրա ազդեցիկ կամ գոնե բարեկամություն անող մասը: Սփյուռքը միայն Ցեղասպանության ճանաչման հարցն է դրել իր օրակարգում և մի քանի մշակութային խնդիրներ: Դրանք կարևոր են, բայց շատ քիչ են:
Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ գլոբալ խնդիրներին նայելու տեսակյունից խիստ մեծ դիսոնանս կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Եթե Ադրբեջանում իշխանության եկավ ԽՍՀՄ բազմափորձ ՊԱԿ գնդապետ Ալիևը, ապա Հայաստանում իշխանություն դարձան անգրագետ ու ցածրամակարդակ մարդիկ ու ձևավորեցին իրենց նման անմակարդակ էլիտա, որն ի վիճակի չէր որևէ լուրջ մտածողություն խթանելու: Մենք հեգնում էինք Ադրբեջանին, մինչդեռ մեզ էր պետք հեգնել: Հորը փոխարինած Ւլհամ Ալիևը շատ լավ հասկանում է գլոբալ մտածողության անհրաժեշտությունը, մենք՝ ոչ:
Խուրշուդյանն ասաց, որ աշխարհում ծնվում են հանճարներ՝ չար որ բարի, որոնք կարողանում են պատմություն փոխել: Մենք հիմա հանճարի սպասելու ժամանակ չունենք, հանճարին չես կարող «արտադրել», այն բնությունից տրված շնորհ է, բայց հարյուր տաղանդը կարող է փոխարինել մեկ հանճարին: Մենք կարող ենք գտնել այդ հարյուր տաղանդին, կրթել նրանց, աշխատել նրանց հետ և նրանք ձևավորեն այդ գլոբալ մտածողության սկզբունքը: Իսկ այդ հարյուր տաղանդների հայտնաբերելու համար հարկավոր է հազարավորների վրա աշխատել:
Հովսեփ Խուրշուդյանը նաև ասաց, որ շատ կարևոր է միջավայրը: Նապոլեոնը կամ Ստալինը, Հիտլերը, Չերչիլը օդից չեն հայտնվել: Նրանք իրենց միջավայրից են դուրս եկել: Հայաստանում գլոբալ մտքի տիտանները կզարգանան եթե համապատասխան միջավայր լինի: Հնարավոր չէ գավառական միջավայրում գլոբալ մտածողություն խթանել:
[շարունակելի]
Հարցազրույցը՝