Հայաստան

Ադրբեջանն Իր Կամքով Չի Հեռացել, Նրան Պատժել Են

Այն ինչ կատարվում է, դա լոկ հայ-ադրբեջանական խնդիր չէ, սա աշխարհաքաղաքական խնդիր է: Թիվ մեկ թատրոնը, որտեղ հակամարտությունը գնում է՝ Ուկրաինայի տարածքն է, երկրորդ տեղը, որտեղ հակամարտությունը ծավալվում է՝ Հարավային Կովկասն է, Ռուսաստանին այստեղից դուրս շպրտելով՝ Արևմուտքը ՌԴ-ի հետ հետագա բանակցությունների ժամանակ թելադրելու է իր կամքը: Ադրբեջանն այսօր այս տարածաշրջանում թիվ մեկ խոչընդոտն է, որպեսզի այդ պլաններն ի կատար ածվեն, սա է ամբողջ խնդիրը:

Դավիթ Ստեփանյան

Ադրբեջանը հրաժարվում է ՀՀ-ի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր այն պայմաններով, որոնք համաձայնեցվել են եվրոպական և ամերիկյան հարթակներում. ԵԽԽՎ-ի որոշման հիմնական պատճառը սա է. Դավիթ Ստեփանյան

Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնեց ԱԺ փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։

Ինչո՞ւ ԵԽԽՎ-ն նման որոշում կայացրեց, արդյո՞ք այս որոշումն արդյունավետ կլինի և հնարավո՞ր է, որ Ադրբեջանը փոխի ՀՀ-ի հանդեպ որդեգրած իր ագրեսիվ քաղաքականությունը, այս և այլ հարցերի շուրջ Zarkerak.am-ը զրուցեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ:

«ԵԽԽՎ-ի կայացրած որոշման պատճառներից մեկն Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի առջև իր սեփական պարտավորությունները չկատարելն է: Իրականում այդ որոշումը սպասելի էր, մենք վաղուց էինք այդ մասին խոսում, հիմա այստեղ ամենակարևորը հետևյալն է՝ այս որոշումն ինչ արդյունքներ կունենա, իմ համոզմամբ այստեղ կան և՛ դրական, և՛ բացասական կողմեր. դրականն այն է, որ քաղաքակիրթ աշխարհը հերթական անգամ Ադրբեջանին ցույց տվեց, որ նրա վերջին բոլոր գործողություններն անընդունելի են՝ սկսած 2020 թվականի պատերազմից, բացասականը նա է, որ այսպիսի պատժամիջոցներ կիրառելով, իսկ ես սպասում եմ, որ պատժամիջոցները շարունակվելու են, Եվրոպան և Արևմուտքը կորցնում են Ադրբեջանի վրա ազդելու իրենց լծակները, այսինքն՝ Ադրբեջանը կարող է գնալ Ռուսաստանի ճանապարհով, նույնիսկ Հյուսիսային Կորեայի ճանապարհով և դառնալ վերջնականապես «իզգոյ» պետություն, բայց շարունակի սաստել Հայաստանին, շարունակի ագրեսիվ գործողությունները Հայաստանի նկատմամբ, իսկ սա մեզ համար խնդիր է, և մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը գնում է այդ ճանապարհով»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս որոշումը ցույց է տալիս, որ Արևմուտքն ավելի է կոշտացնում իր քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ՝ Ստեփանյանն ասաց. «Արևմուտքի դիրքորոշումը վաղուց հստակեցված է, Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր այն պայմաններով, որոնք համաձայնեցվել են եվրոպական և ամերիկյան հարթակներում՝ Արևմուտքի միջնորդությամբ, ԵԽԽՎ-ի որոշման հիմնական պատճառը սա է: Արևմուտքն այս հարցում կողմնորոշված է, այլ հարց է, որ Ադրբեջանի կողքին կանգնած են Ռուսաստանը և Թուրքիան, ինչը թույլ է տալիս Ադրբեջանին իրեն այսպես պահել:

Նման որոշում կայացնելու թիվ մեկ պատճառը՝ խաղաղության պայմանագիր ստորագրելուց Ադրբեջանի հրաժարումն է և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս վռնդելը: Արևմուտքի համար այս երկու գործողությունը մեկը մյուսի շարունակությունն է, խնդիրն այստեղ է, Ադրբեջանը դիրքորոշվել է աշխարհաքաղաքական հակամարտությունում որպես հակամարտության կողմ, նա իդենտիֆիկացնում է իրեն և իր շահերը Ռուսաստանի հետ: Ադրբեջանն Արևմուտքին տված խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ իր խոստումը, ինչպես նաև ռուսների տարածաշրջանից դուրս մղելու խոստումը չի կատարում, դրա համար էլ Ալիևը սկսում է պատժվել»:

Քաղաքագետն ընդգծեց, որ աշխարհաքաղաքական խաղը շարունակվում է. «Այն ինչ կատարվում է, դա լոկ հայ-ադրբեջանական խնդիր չէ, սա աշխարհաքաղաքական խնդիր է: Թիվ մեկ թատրոնը, որտեղ հակամարտությունը գնում է՝ Ուկրաինայի տարածքն է, երկրորդ տեղը, որտեղ հակամարտությունը ծավալվում է՝ Հարավային Կովկասն է, Ռուսաստանին այստեղից դուրս շպրտելով՝ Արևմուտքը ՌԴ-ի հետ հետագա բանակցությունների ժամանակ թելադրելու է իր կամքը: Ադրբեջանն այսօր այս տարածաշրջանում թիվ մեկ խոչընդոտն է, որպեսզի այդ պլաններն ի կատար ածվեն, սա է ամբողջ խնդիրը»:

Դավիթ Ստեփանյանը չբացառեց, որ Ալիևը կշարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը. «Ամեն ինչ կախված է նաև մեր գործողություններից, մենք պետք է հրաժարվենք Ադրբեջանի օգտին զիջումներ անելու քաղաքականությունից, մենք պատրաստակամություն հայտնեցինք ճանաչել Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետր տարածքը, և հիմա նրանց կողմից ստանում ենք այսպիսի պահվածք, սա նշանակում է, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն: Մենք պետք է փոխենք մեր քաղաքականությունը, որովհետև այսօր արդեն այդ քաղաքականությունը համահունչ չէ իրողություններին, եթե մինչ այսօր հույս կար, որ Ադրբեջանը կարող է ճնշման տակ ստորագրել այդ պայմանագիրը, տվյալ պահին այդ հույսը չկա: Չգիտեմ, միգուցե ինչ-որ բան փոխվի, դա էլ չի բացառվում, որքան ես գիտեմ ԱՄՆ-ն ցանկանում է Ադրբեջանում ընտրություններից հետո նորից ակտիվացնել իր ջանքերը, բայց այս փուլում իրավիճակը փակուղային է»:

Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանն իր քաղաքականությունը կարող է փոխել միայն մեկ դեպքում. «Ադրբեջանը հնարավոր է իր քաղաքականությունը փոխի, եթե Եվրոպան իրեն ուղիղ տեքստով ասի, որ հրաժարվում է ադրբեջանական գազից, սա Ադրբեջանի տնտեսության համար լինելու է մահացու, այս դեպքում հնարավոր է: Կարող է Եվրոպան դիմել այդ քայլին, ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչ կառաջարկենք Եվրոպային»:

Աննա Բզնունի
Հոդվածը՝zarkerak.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *