Հայաստան

Մակրոնի Ուշագրավ Ելույթը

Թրամփի հնարավոր, շատ հավանական թվացող հաղթանակին, որի պարագայում մեծ է հավանականությունը, որ Թրամփը կշարունակի իր այսպես ասած մեկուսականության քաղաքականությունը, ինչի պարագայում Եվրոպան կմնա իր անվտանգային խնդիրների դեմ հանդիման:

Հակոբ Բադալյան

Մակրոնը ուշագրավ ելույթը՝ ԱՄՆ-Թուրքիա համաձայնության ֆոնին

«Սա վճռական պահ է Եվրոպայի համար։ Մենք պետք է պատրաստ լինենք գործել՝ պաշտպանելու և աջակցելու Ուկրաինային այն ամենով, ինչ անհրաժեշտ է, և անկախ նրանից, թե Ամերիկան ինչ որոշի: Եվրոպան բախտ է ունեցել ունենալ Ամերիկայի պես գործընկեր, բայց մենք պետք է հստակ լինենք: Ուկրաինան եվրոպական մայրցամաքի մի մասն է, և ինչ էլ որ Ամերիկան որոշի, մենք պետք է ճիշտ և համարձակ որոշումներ ընդունենք», Շվեդիայի պաշտպանական ակադեմիայում ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: 

Նա նշել է, որ Ռուսաստանի հաղթանակ թույլ տալը կբերի Եվրոպայի անվտանգության ճարտարապետության փլուզման, որը իր ազդեցությունը կթողնի նաեւ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Ֆրանսիայի նախագահն ըստ ամենայնի փորձում է համոզել եվրոպացիներին ձեւավորել միասնական «ճակատ» եւ զբաղվել «Եվրոպական սուվերենության» խնդրով, որ Մակրոնը ձեւակերպել է դեռեւս թվականի փետրվարին՝ Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմից օրեր անց: Ֆրանսիայի նախագահն ըստ երեւույթին փորձում է պատրաստվել նաեւ ԱՄՆ նախագահի ընտրությանը Թրամփի հնարավոր, շատ հավանական թվացող հաղթանակին, որի պարագայում մեծ է հավանականությունը, որ Թրամփը կշարունակի իր այսպես ասած մեկուսականության քաղաքականությունը, ինչի պարագայում Եվրոպան կմնա իր անվտանգային խնդիրների դեմ հանդիման: 

Կամ, Թրամփը կարող է պայմանավորվել Ռուսաստանի հետ, իսկ Մակրոնը փորձում է կանխարգելել այդ պայմանավորվածությունների օբյեկտ դառնալու հեռանկարը եւ մնալ սուբյեկտ: Նա Շվեդիայում ձեւակերպել է եվրոպական սուբյեկտության խնդիրը: Այլ հարց է, թե եվրոպացիներից ով ինչպես է պատկերացնում այն: Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահին կարծես թե հաջողվել է գործընկերային հավաստիացում ստանալ եվրոպական մյուս առաջատար Գերմանիայի կանցլերից, թեեւ ընթացիկ տարում հարց է, թե ինչպիսի ճակատագիր կունենա Շոլցը, հաշվի առնելով այն, որ Գերմանիայի կառավարող՝ սոցիալ-դեմոկրատների եւ կանաչների կոալիցիան արձանագրում է վարկանիշի էական անկում:

Դրան զուգահեռ, Բրիտանիայի վարչապետ Սունակի այցը Ուկրաինա վկայեց այն մասին, որ Լոնդոնը հավակնում է ԱՄՆ այս կամ այն պատճառով նահանջի կամ զբաղվածության դեպքում դառնալ «առաջին ջութակ»՝ Կիեւի վարքագիծը ձեւավորելու եւ կառավարելու, հետաւաբար նաեւ եվրոպական անվտանգության համակարգի հարցում: Հենց այդ միտումն է թերեւս մերձեցրել Ֆրանսիային ու Գերմանիային, ինչը սակայն բավարար չէ եվրոպական մոնոլիտ ստանալու համար: Ընդ որում, Մակրոնի ելույթը Շվեդիայում հատկանշական է նաեւ այն համաձայնության ֆոնին, որ Թուրքիան ու ԱՄՆ ձեռք բերեցին Շվեդիայի՝ ՆԱՏՕ անդամակցության հարցում:

Սա նշանային հանգամանք է թե եվրոպական, թե եվրաատլանտյան քաղաքականության իրողությունների համատեքստում: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, որ այցելել է Կիեւ, հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է նաեւ վերականգնել Թուրքիային F-35-ների վաճառքի ծրագիրը: Եւ հատկանշական է, որ ամերիկա-թուրքական համաձայնության իրողության պայմաններում Մակրոնը շտապում է Շվեդիա եւ ձեւակերպում ըստ էության «առանց ԱՄՆ» Եվրոպայի կոնցեպտուալ խնդիրը, դրա մարտահրավերներից մեկը տեսնելով նաեւ ԱՄՆ-Թուրքիա համաձայնության խորապատկերում:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *