Հայաստան

Պուտինի Չինական Ձախողումը

Իրական հաշվեկշռով Չինաստանը Ռուսաստանին բոլոր առումներով գերազանցում է: Եթե արեւմտյան մամուլի տեղեկությունները հավաստի են կամ գոնե՝ արժանահավատ, ապա Պուտին-Սի Ծինփին բանակցությունները հետխորհրդային երկրների համար իրենց ինքնիշխանությունը եւ ընտրության ազատությունը պաշտպանելու առումով կարեւոր նշանակություն ունեն:

Վահրամ Աթանեսյան

Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Պեկինում շքեղ ընդունելություն են կազմակերպել, կողմերն ստորագրել են երեսուն էջանող համատեղ հայտարարություն, որ անմիջապես հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում: Փաստաթուղթն, իհարկե, տպավորիչ է, բայց չէ՞ որ Ռուսաստանի նախագահի այցին ընդառաջ արտաքին քաղաքական հարցերով նրա օգնական Ուշակովն ասել է, որ այցի առանցքային նպատակն ԱՊՀ տարածքում ինտեգրացիան եւ Չինաստանի «մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության համադրման-լծորդման հնարավորությունն է: Համատեղ հայտարարության տեքստում այդ մասին ոչ մի դրույթ չկա:

Կարելի է ենթադրել, որ չինական կողմը խուսափել է հարցի քննարկումից: Հնարավոր է՝ Ռուսաստանի նախագահը եւ Չինաստանի առաջնորդը «մտքերի փոխանակում են ունեցել» կամ թեման շոշափվել է ավելի ցածր ձեւաչափի հանդիպումներում, բայց փաստը մնում է փաստ. ինտեգրացիոն նախագծերի համադրման համաձայնության կողմերը չեն եկել: inosmi.ru-ն փոխանցում է Պուտին-Սի Ծինփին բանակցություններից արեւմտյան առաջատար լրատվամիջոցների առաջին տպավորությունները:

Գերիշխող է այն տեսակետը, որ, չնայած համագործակցությունը շարունակելու եւ խորացնելու, այդ թվում՝ ռազմական ոլորտում, մասին հավաստիացումներին, ամենառանցքային հարցում, այնումենայնիվ, Սի Ծինփինը մնացել է իր տեսակետին. Ուկրաինայի հարցում նա Ռուսաստանին հրապարակային չի քննադատում, թեեւ Արեւմուտքն ահռելի ճնշումներ է գործադրում, բայց շարունակում է հավատարիմ մնալ կարգավորման իր տասներկու կետից բաղկացած հայեցակարգին, որտեղ առաջնային է Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանումը:

Այս առումով բրիտանական The Telegraph-ի մեկնաբանը նկատել է տվել, որ բանակցություններից հետո, ընդ որում նա ասում է, որ Ուկրաինայի հարցով Պուտինը եւ Սի Ծինփինը հատուկ դեմ առ դեմ հանդիպում են ունեցել, Ռուսաստանի նախագահը մամուլի համար հայտարարությամբ միայն մի նախադասություն է հնչեցրել՝ չինական կողմին շնորհակալություն հայտնելով «այդ հարցի (ռուս-ուկրաինական հակամարտության) լուծման առաջարկություններ ներկայացնելու համար»: Բրիտանացի մեկնաբանը եզրակացրել է, որ Պուտինին «չի հաջողվել Սի Ծինփինից հստակ երաշխիքներ ստանալ, որ նա չի մասնակցի Ուկրաինայի հարցով Շվեյցարիայում գումարվելիք խորհրդաժողովին»:

Մեկնաբանի գնահատմամբ՝ «Սի Ծինփինը բաց է թողել Արեւմուտքի հետ պայմանավորվածության դուռը»:  Ըստ էության, Պեկինի սկզբունքային մոտեցումն այն է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը համագործակցում են այնտեղ եւ այնքանով, որտեղ եւ որքանով դա չի հասնում «կողմերից մեկի ազատ ընտրության սահմանափակմանը»: Հետխորհրդային տարածքի ինտեգրման ռուսաստանյան ծրագիրն, ըստ այդմ, Պեկինը գնահատել է իր «ազատ ընտրությունը սահմանափակող»: Առկա իրողություններով դա միանգամայն օրինաչափ մոտեցում է. Չինաստանը կայուն ներկա է Կենտրոնական Ասիայում, գործնական կապեր ունի Ադրբեջանի հետ, ըստ տեղեկությունների՝ Վրաստանում ձեռնամուխ է եղել Անակլիա նավահանգստի կառուցմանը, աջակցում է Հայաստանի հարավում կոմունիկացիայի բացմանը:

«Լծորդվել» ԱՊՀ ինտեգրացման Մոսկվայի նախաձեռնությանը, նշանակում է հետխորհրդային տարածքում ցանկացած նախաձեռնություն պայմանավորել Ռուսաստանի համար նպատակահարմարությամբ: Մինչդեռ իրական հաշվեկշռով Չինաստանը Ռուսաստանին բոլոր առումներով գերազանցում է: Եթե արեւմտյան մամուլի տեղեկությունները հավաստի են կամ գոնե՝ արժանահավատ, ապա Պուտին-Սի Ծինփին բանակցությունները հետխորհրդային երկրների համար իրենց ինքնիշխանությունը եւ ընտրության ազատությունը պաշտպանելու առումով կարեւոր նշանակություն ունեն: Խոսքը մասնավորապես Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրների մասին է: Մեր դեպքում չափազանց մարտահրավերային կլիներ, եթե Ռուսաստանը եւ Չինաստանը պայմանավորվեին տարածաշրջանում Ադրբեջանի «բացարձակ առաջնորդության» հարցում:

Չի հետեւում, իհարկե, թե այդպիսով Ադրբեջանը Չինաստանի համար կորցնում է հետաքրքրությունը, բայց մի բան է չին-ադրբեջանական կոմունիկացիոն համագործակցությունը, բոլորովին այլ, եթե դա ներգրվում է ռուս-չինական աշխարհաքաղաքական «լծորդությանը»: Հայաստանը պետք է կարողանա այդ հնարավորությունը կապիտալիզացնել եւ պահպանել ինքնիշխան սուբյեկտությունը:

Հոդվածը ՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *