Թուրքմենական գազի հարցում թուրք-իրանական բանակցությունների նկատմամբ Բաքվի վերաբերմունքը երկակի է: Ադրբեջանը բացահայտ չի դժգոհում բայց իշխանական լրատվամիջոցը չի թաքցնում, որ գործարքը կայանալու դեպքում Բաքուն «զուտ աշխարհագրական առումով դուրս է մնում»:
Վահրամ Աթանեսյան
Բաքուն էներգետիկ գործարքից դու՞րս է մնում
Bloomberg-ը հայտնում է, որ Թուրքիայի էներգետիկայի նախարար Բայրաքթարը հուլիսի վերջին պատրաստվում է այցելել Թեհրան: Նա հույս է հայտնել, որ կհաջողվի վերջնական տեսքի բերել թուրքմենական գազը սվոփ եղանակով Թուրքիա մատակարարելու համաձայնությունը, որի շուրջ կողմերը բանակցում են անցյալ տարվանից: Ինչպես փորձագետներն են ներկայացնում՝ դա բավական պարզ սխեմա է. Թուրքմենստանը որոշակի քանակության գազ է մատակարարում Իրանին, իսկ վերջինս նույն ծավալն առաքում է Թուրքիա:
Խոսքն ի՞նչ ծավալների մասին է՝ մանրամասնություններ չկան: Հայտնի է, որ տարեսզբից Թուրքմենստանը դադարեցրել նույն եղանակով Ադրբեջանին գազի մատակարարումը, իսկ հետագա բանակցությունները ոչ մի արդյունք չեն արձանագրել: Դատելով իրավիճակի շուրջ Բաքվի մամուլի հրապարակումներից, Եվրամիությունը հրաժարվել է ֆինանսավորել Տրանսկասպյան գազամուղի կառուցումը: Այն նախատեսվում էր ծառայեցնել թուրքմենական գազն Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով եվրոպական երկրներ արտահանմանը:
Եվրամիությունը հայտարարել է որ միայն գնորդ է, իսկ գազի տարանցման խնդիրները պետք է կարգավորի Ադրբեջանը: Թուրքմենական գազի հարցում թուրք-իրանական բանակցությունների նկատմամբ Բաքվի վերաբերմունքը երկակի է: Ադրբեջանը բացահայտ չի դժգոհում բայց իշխանական լրատվամիջոցը չի թաքցնում, որ գործարքը կայանալու դեպքում Բաքուն «զուտ աշխարհագրական առումով դուրս է մնում»:
Ընդամենը մեկուկես ամիս առաջ Ադրբեջանի Socar եւ թուրքական Botas ընկերությունը թուրքմենական գազի «երրորդ երկրներ եւ Եվրամիություն տարանցելու» հարցում համաձայնագիր են ստորագրել, բայց ինչ երթուղու մասին է խոսքը՝ հայտնի չէ: Թուրքիան նաեւ Ռուսաստանի հետ ունի «գազային հաբ» ստեղծելու պայմանավորվածություն: Իրազեկ աղբյուրներն ասում են, որ Ադրբեջանը տարեկան շուրջ երեք միլիարդ խորանարդ մետր գազ է գնում Ռուսաստանից:
Այս բավական խճճված իրավիճակում էականը, թերեւս, էներգակիրների հարցում թուրք-ադրբեջանական պայմանավորվածություններին թուրքմենական գազի սվոփ եղանակավ արտահանման թուրք-իրականական նախնական պայմանավորվածությունն է, որի գորնական-կիրառական նշանակությունը բոլոր կողմերի համար հսականալի է:
Բաքվին քաղաքական ի՞նչ հիմնավորումներ է ներկայացնում Անկարան: Թուրքմենստանը Թուրքական պետությունների կազմակերպությունում մեկուսի դիրքորոշում ունի եւ շարունակում է մնալ դիտորդ անդամ: Բացառված չէ, որ թուրքմենական գազի հարցում Անկարան Աշգաբադին ընդառաջ է գնում՝ ակնկալելով, որ վերջինս ԹԿՊ-ի լիարժեք անդամ կդառնա:
Լիովին հասկանալի է նաեւ Իրանի համաձայնությունը, թեեւ ոչ ուղակի, բայց Թեհրանն, այնուամենայնիվ, ներգրավվում է Եվրամիության էներգետիկ անվտանգության ծրագրին, իսկ դա հնարավորություն է, որպեսզի Իրան-Եվրոպա հարաբերություններում «պատուհան բացվի»: Նախագիծն, այսպիսով, որոշակիորեն նվազեցնում է Կասպից ավազանից էներգակիրների արտահանման հարցում Ադրբեջանի դերը, ինչին փաստացի նպաստում է թուրք-իրանական պայմանավորվածությունը։
Այս հեռանկարն, իհարկե, բավական հեռու է գործնականությունից: Կկայանա՞ Թուրքիայի էներգետիկայի նախարարի Իրան այցը, կողմերը վերջնական պայմանավորվածության կհասնե՞ն: Դեռեւս տարեսկզբին միջազգային մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ թուրքմենական գազի սվոփ եղանակով Թուրքիա, այնտեղից Եվրոպա արտահանման նախագծի հովանավորը Մեծ Բրիտանիան է: Սեպտեմբերին լրանում է Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման եւ շահագործման պայմանագրի ժամկետը: Նոր բանակցությունների մասին առայժմ տեղեկություն չկա: Ադրբեջանը պետական վիճակագրության տվյալներով՝ նավթի արդյունահանման ծավալները յոթ տոկոսով կրճատվել են:
Հոդվածը՝ 1in.am կայքից։