Հայաստան

Պուտինն Ու Արևմուտքը

Հետեւություն այն մասին, որ Հայաստանի կենսունակությունն ու դիմադրունակությունը քաղաքակրթական կողմնորոշմամբ սեփական ներուժի աճին հասնելն է, այլ ոչ թե աշխարհաքաղաքական որեւէ կենտրոնի ընտրություն կատարելը:

Հակոբ Բադալյան

Պուտինի առանձնահատուկ այցն ու արեւմտյան ավանդական լռությունը

Պուտինի Ադրբեջան կատարելիք այցն անշուշտ չի լինելու «սովորական»: Այդպիսին չի լինելու այն իմաստով, որ Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակի պայմաններում ՌԴ նախագահի պարապես այցի համար չէր թողնի Կրեմլն ու մեկներ Ապշերոն, այն էլ պետությունների ղեկավարների այցելությունների համար բարձրագույն՝ Պետական այցի ձեւաչափով: Պետական այցը առանձնանում է նրանով, որ դրա ընթացքում քաղաքական բովանդակությանը տրվում է առանձնահատուկ նշանակություն:

Մեծ հաշվով, Պուտինն Ալիեւին առանձնահատուկ նշանակություն տվել էր նաեւ 2022 թվականին, երբ Ուկրաինայի վրա գրոհից երկու օր առաջ դաշնակցային հռչակագիր ստորագրեց Իլհամ Ալիեւի հետ: Այդ ֆոնին, ի դեպ, տարօրինակ չէ, որ Կուրսկի մարզում բարդ իրավիճակի պայմաններում Պուտինն այցելում է դաշնակցին: Իհարկե Ադրբեջանը միայն հարաբերականորեն է հնարավոր Պուտինի համար դիտարկել դաշնակից, բայց Ալիեւը չի վարանում ներկայանալ այդպիսին: Եվ այստեղ հետաքրքիր է արեւմտյան արձագանքը:

Պուտինի դաշնակիցների հանդեպ այսպես ասած ավանդական խստաբարո դիրքորոշումները բացակայում են Ալիեւի հանդեպ: 2022 թվականի փետրվարից հետո Ալիեւը ոչ միայն չի զգացել Պուտինի դաշնակցի խարանը, այլեւ հակառակը՝ զգացել է արեւմտյան ավելի մեծ աջակցություն, բացառությամբ Ֆրանսիայի: Ալիեւն իրեն թույլ տվեց նույնիսկ արեւմտյան լռության եւ լոյալության պայմաններում հայաթափել Արցախը, ենթարկել էթնիկ զտման, իսկ հետո նաեւ Պուտինի հետ պայմանավորվել ռուս խաղաղապահներին Արցախից ժամկետից շուտ դուրս բերելու հարցում, ընդ որում պայմանավորվել անսպասելի:

Իսկ դա տեղի ունեցավ ապրիլին: Ի՞նչն է հատկանշական՝ դա տեղի ունեցավ իրան-իսրայելյան բավականին լարված իրավիճակում, երբ Իսրայելը հարվածել էր Դամասկոսում Իրանի դեսպանատանը, իսկ Իրանը պատրաստվում էր Իսրայելին պատասխան հարվածի: Ահա այդ ժամանակ հանկարծ հայտնի դարձավ, որ Պուտինն ու Ալիեւը պայմանավորվել են ժամանակից շուտ դուրս բերել ռուսական կոնտինգենտը Արցախից: Այժմ դարձյալ իրան-իսրայելյան բարդ իրավիճակ է, եւ դարձյալ Իրանը պատրաստվում է Իսրայելին պատասխանելուն, եւ Պուտինն ու Ալիեւը դարձյալ պետք է պայմանավորվեն ինչ որ բան:

Եվ այդ ամենին թերեւս դարձյալ պետք է լուռ հետեւեն արեւմտյան խաղացողները, որոնք չգիտես ինչու շատ զգայուն են հայ-ռուսական շփումների առնչությամբ, բայց բավականին «անզգա» են ՌԴ հետ Ադրբեջանի պայմանավորվածությունների հանդեպ: Իհարկե սա պետք է լինի հետեւության տեղիք Հայաստանի համար: Հետեւություն այն մասին, որ Հայաստանի կենսունակությունն ու դիմադրունակությունը քաղաքակրթական կողմնորոշմամբ սեփական ներուժի աճին հասնելն է, այլ ոչ թե աշխարհաքաղաքական որեւէ կենտրոնի ընտրություն կատարելը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *