Մաս 1-ին
1990-2010-ականներ ընկած ժամանակահատվածը լիովին բավարարեց, որ բազմաթիվ սփյուռքահայեր լիովին հիասթափվեն մայր հայրենիքում տեղի ունեցող կոռուպցիայի, մենաշնորհների ու հանցագործ գործողությունների տրամաբանությունից։
Մեր Ուղին
Ինչպես որ նշել էինք «Մեր Ուղին»-ի նախորդ հրապարակումներից մեկում՝ Սփյուռքի մասին խոսելիս մենք սովորաբար բավարարվում ենք կարճ ու մակերեսային հաղորդագրությունների փոխանցմամբ, որը, սակայն, չի արտահայտում ամբողջական պատկերն ու էությունը։ Նորայր Էպլիղաթյանն իր «Հայկական Սփյուռքը և 1960-70-ականներու վերածնունդը» հոդվածում մի շարք հետաքրքիր երևույթների վրա էր ուշադրություն հրավիրել և այժմ ցանկանում ենք ներկայացնել մեր կարծիքն առ այն, թե ի՞նչ տեղի ունեցավ Հայկական Սփյուռքի հետ մասնավորապես 1990-2010-ականներին, ի՞նչ հարցեր մտան օրակարգ և ո՞րն էր Սփյուռքի գերխնդիրը։
Նախ և առաջ նշենք, որ Հայկական Սփյուռքը 1990-ականների վերջ-200-ականների սկիզբ վաղուց այն դասական Սփյուռքը չէր, որ մենք սովոր ենք ընկալելու։ Այսինքն Հայկական Սփյուռքը ոչ միայն Ցեղասպանությունից անմիջապես փրկված և կորցված հայրենիքի կարոտը սրտում ապրող ծերունիների ու հողագործ-արհեստավորների, ֆիդայի-գրոհայինների բազմություն էր, այլև արդեն արտասահմանում ծնված մեծացած, այնտեղի սոցիոնորմատիվ կյանքում ձևավորված հայեր և Հայաստանից(նաև այլ համայնքներից) ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա տեղափոխված հայեր։ Եվ այդ տարբեր պատճառներով տարբեր վայրերում հավաքված հայերը ունեն տարբեր աշխարհայացք ու պատկերացում, ունեն տարբեր պահանջներ ու կարծիք նույն հարցի շուրջ։ Ուստի, Սփյուռքի մասին «միասնականության» պահանջ դնելուց առաջ հարկավոր է նաև ընկալել Սփյուռքի բազմաշերտ բնույթը և այդ դեպքում որոշ հարցեր տմիանգամից պարզ են դառնում, որոշ հարցեր ընդհանրապես վերանում են։
Հայկական Սփյուռքի մասին խոսելիս նաև պետք է հասկանալ, որ այն մեկ ամբողջական մարմին չէ իր նախագահով ու ենթականերով։ Հայկական Սփյուռքը աշխարհով մեկ ցրված հայեր են ու շատ հաճախ նրանց մի խումբը շփում չունի մեկ այլ խմբի հետ։ Բնականաբար չկա նաև մեկ ամբողջական օրակարգ և նպատակ։ Հարկավոր է ընդունել, որ Սփյուռք՝ չի նշանակում մեծահարուստ ինքնասպանների գործակալական ցանց, ովքեր ամեն վայրկյան պատրաստ են դեսպանատուն պայթեցնել, ողջ ունեցվածքը նվիրաբերել ՀՀ-ին և առավոտից-իրիկուն պայքարել Ցեղասպանության ճանաչման(ավելի վաղ տարիներին նաև Արցախի) համար։ Սփյուռքահայերը սովորական մարդիկ են, ինչ և աշխարհի մնացած սովորական մարդիկ, չունեն ինչ որ առասպելական առաքելություն։ Նրանց մի մասի կապը ՀՀ հետ ուժեղ է, մի մասն ընդհանրապես կապեր չի պահպանում։
Սփյուռքը նաև բազմաշերտ է՝ քաղաքական կուսակցություններից ու տարատեսակ խմբերից մինչև անհատ բիզնեսմեններ ու գործարարներ, որոնք առանձնապես մեծ հակում ու հետաքրքրություն չունեն «ազգային գործերու» հանդեպ։ Դա լրիվ նորմալ ու տրամաբանական է։ Ընդ որում Սփյուռքը, ինչպես և ցանկացած օրգանիզմ, ենթական է զարգացման, դեգրադացիայի, փոփոխությունների՝ արժեքային և այլ առումներով, ուժեղացման, թուլացման և այլն։ Բնականաբար Սփյուռքի վրա ազդում են ՀՀ-ում կատարվող որոշ իրադարձություններ, բայց նաև նրանք իրենց երկրների քաղաքացիներն են, ունեն քաղաքացիական պարտավորություններ իրենց երկրների նկատմամբ, և այդ երկրի շահը կարող է չհամընկնել հայկական դարավոր երազանքների հետ։ Ինչպես նաև նրանք մարդիկ են, ովքեր անձնական կայացման պահանջ ունեն և լրիվ հասկանալի կերպով պատրաստ չեն ինքնահրկիզման՝ հանուն ՀՀ-ում հնչող տարբեր քաղաքական թեզերի։ Ի վերջո Սփյուռքը, որպես ցրված մարմին մեկ ամբողջություն չէ, ուստի ՀՀ կողմից և ՀՀ նկատմամբ նրանց վերաբերմունքը ևս միատեսակ լինել չի կարող։
Սփյուռքի ինքնության մասին խոսելն արդեն ավելի հեշտ է դառնում, երբ ընդունում ես Սփյուռքի մասին այս ամենը։ Սփյուռքի ինքնության(Սփյուռք ասելով այսուհետ պետք է հասկանալ, որ ամեն համայնք կտրուկ տարբեր է մյուսից գրեթե ամեն ինչով) վրա մեծապես ազդեցին հատկապես 1980-90 ականները։ ԽՍՀՄ փլուզումը, Հայաստանի անկախության վերականգնումը, պատերազմն Արցախում և ազատագրական-հաղթական պատերազմը Սփյուռքի բազմաթիվ համայնքների վրա սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ։ Անխախտ թվացող աշխարհն ու հավերժական ռելսերի վրա գլորվող պայքարը, որ կար Սփյուռքի պատկերացումներում՝ հօդս ցնդեց։ Դիվանագիտական և ահաբեկչական, ցույցային պայքարն արդեն միակը չէր․ կար Հայաստանի Հանրապետություն, որը պատերազմ էր մղում Ադրբեջանի դեմ՝ հանուն Արցախի։ Այլևս չկար կոմունիստական ռեժիմը։ Սփյուռքի առավել ուժեղ և գործուն կառույցները՝ Սիրիա, Լիբանան, Իրան, ԱՄՆ, Եվրոպայի որոշ երկրներ, միանգամից արձագանքեցին այդ ամենին։ Տեղի ունեցավ ֆինանսական, դիվանագիտական, մարդկային, նյութական ռեսուրսի մեծ չափով հատկացում Հայաստանին, միաժամանակ ակտիվացավ քաղաքական կյանքի ռիթմն ու տրամաբանությունը։ Հայկական կուսակցություններն ու քաղաքական տրամաբանություն ունեցող Սփյուռքյան կառույցները միանգամից մեծ եռանդով ձեռնամուխ եղան առաջացած խնդիրների ու երևույթների «լուծմանը»։ Կարևոր էր ոչ միայն արդյունքը, այլև այդ աննախադեպ աշխուժացումը։ Այդ ամենից ընդամենը 10 տարի առաջ, 1980թ․ գրեթե մարած երազանքները նոր ուժով արթնացան, ինչպես նաև մեծ չափով ազգային տրամադրությունների զարգացմանը նպաստեցին բազմաթիվ հայ համայնքներում։ Դա ուղղակիորեն հանգեցրեց նաև Սփյուռքի քաղաքականացմանը։ Եթե այդ իրադարձություններից առաջ հայ կուսակցությունները հանդես էին գալիս գրեթե հասարակական կազմակերպությունների կարգավիճակով, թեև քաղաքական տրամաբանությամբ, տեսան հնարավորություն քաղաքական օրակարգը իրացնել հենց քաղաքական դաշտում։ Արդեն կար Հայաստանի Հանրապետությունը, ուր կարելի էր զբաղվել քաղաքականության սեփական օրակարգով։
Ելնելով այն բանից, որ տարբեր երկրներում կային տվյալ երկրի սեփական քաղաքական օրակարգը, սոցիալական-հասարակական չափանիշները, ինչպես նաև վերաբերմունքը Հայաստանի ու հայ համայնքի նկատմամբ, հայկական Սփյուռքի տարբեր համայնքներում տարբեր տրամաբանությամբ ակտիվացավ քաղաքական կյանքի ռիթմը։
Անցնող տարիների ընթացքում շատ բան փոխվեց։ 1990-2010-ականներ ընկած ժամանակահատվածը լիովին բավարարեց, որ բազմաթիվ սփյուռքահայեր լիովին հիասթափվեն մայր հայրենիքում տեղի ունեցող կոռուպցիայի, մենաշնորհների ու հանցագործ գործողությունների տրամաբանությունից։ Միաժամանակ նաև Սփյուռքը գիտակցեց, որ պարզապես գումար ուղարկելով շատ բան չես անի, քանի որ չկա վերահսկում, իսկ այդ մեծ գումարները մեծ կոռուպցիոն վտանգ էին առաջացնում։ Սփյուռքը սկսեց նաև պահանջներով հանդես գալ։ Հիմնականում ինչ որ վերահսկողական կամ ներառական պահանջներով։ Հայաստանում դա կտրուկ մերժվեց։ Հայաստանն ինքն էր ցանկանում վերահսկել Սփյուռքն ամբողջովին և այդ փոխադարձ պահանջները, ինչպես նաև իրար չհասկանալը, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն ու Հայաստանում գոյություն ունեցող սկանդալային հանցավոր մակարդակը գժտություն առաջացրեց ՀՀ ու Սփյուռքի տարբեր համայնքների ու նրանց զորեղ ներկայացուցիչների միջև։
Խնդիր էր նաև այն, որ մի կողմից Հայաստանի իշխանությունները այդպես էլ չկարողացան հասկանալ Սփյուռքի տրամաբանությունն ու ցանկությունները, չկարողացան պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել, այլ, հիմնականում ագահ ու ընչաքաղց տրամաբանությամբ շատ արագ վանեցին Սփյուռքին, մյուս կողմից էլ Սփյուռքը, ոչ ամբողջապես տիրապետելով Հայաստանի ներքին դրությանը, առավելապես ուկնդրելով Սփյուռքում գործող քաղաքական այն խմբերին, որոնք ինչ որ ներկայություն ունեին Հայաստանում, դարձավ այդ խմբերի քաղաքական օրակարգն առաջ տանող։ Այնպես ստացվեց, որ Սփյուռքի քաղաքականացումը գլոբալ միջավայրից անցում կատարեց նեղ կուսակցական պլատֆորմի։ Կուսակցականացված Սփյուռքի կառույցները սկսեցին ՀՀ-ի հանդեպ հանդես գալ նույն տրամաբանությամբ, ինչ և իրենց կուսակցական-համայնքային առաջնորդները։ Այդ խորը անդունդը, որ քիչ-քիչ գոյանում էր Հայաստանի ու Սփյուռքի մեջ, դարձավ իսկական քաոսի բույն, որտեղ որևէ հարցի լուծում ստանալն արդեն անհնարին էր թվում։ Կուսակցականացված Հայաստանն ու կուսակցանացված Սփյուռքը բազմաթիվ անհամաձայնություններ ունեին։ Բացի այդ ամենից, Հայաստանի կողմից Սփյուռքին վերահսկելու տրամաբանությունը չընդունվեց Սփյուռքից, մանավանդ կար մեծ անվստահություն՝ Սփյուռքի տրամադրած միջոցների անխնա հափշտակման ու գողության ֆոնին։ Դա հանգեցրեց հարաբերությունների վատթարացման ու ինչ որ չափով՝ սառեցման։
Սփյուռքի համար հաջորդ մեծագույն ցնցումը 2018թ․ էր, երբ ՀՀԿ հավերժական կառավարումը տապալվեց ու ժողովրդային մեծ շարժման շնորհիվ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս տրամադրվածությունը՝ արմատախիլ անել նախկինների թողած չարիքը, վճռական վերաբերմունքը «Արցախը Հայաստան է և վերջ» և այլն, մեծ չափով բորբոքեցին Սփյուռքի բազմաթիվ համայնքների ու նրանց ներկայացուցիչների ազգասիրական ձգտումները։ Թվում էր, թե վերջապես ստեղծվել է մի իրավիճակ, որը կնպաստի Սփյուռք-Հայաստան կապերի աշխուժացման ու նորմալացման։
Բայց ամեն ինչ շատ արագ փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի ոչ պրոֆեսիոնալ թիմի ու հենց անձամբ իր կողմից երբեմն հնչող թեր ու դեմ կարծիքները կոնֆլիկտային իրավիճակ էին ստեղծում Սփյուռքի մոտ։ Դրան գումարած նաև այն, որ Սփյուռքի տարբեր կառույցներում ուժ և ազդեցություն ունեցող քաղաքական խմբեր ու մարդիկ, ովքեր նաև ներկայություն ունեին Հայաստանում, Սփյուռքը դարձրին քաղաքական գործիք՝ ՀՀ իշխանությունների դեմ իրենց պայքարում։ Դա ևս էական չափով սրեց Հայաստան-Սփյուռք կապերն ու ուժեղացրեց կուսակցական-քաղաքական տրամաբանությունը Սփյուռքում։
2020թ․ 44-օրյա պատերազմի ծանր պարտությունից և 2023թ․ Արցախի վերջնական կորստից հետո ՀՀ ընդդիմադիր դաշտը հատկապես Սփյուռքում ավելի շահեկան դրության մեջ հայտնվեց։ Պատերազմում պարտությունն ու Արցախի կորուստը ներկայացնելով որպես իշխանությունների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի կանխամտածված-քաղաքական դավաճանության հետևանք, Սփյուռքում հնարավոր եղավ ոչ մեծ չափով, բայց տեսանելի մասշտաբով ակտիվացնել որոշ հատվածների, որոնք սկսեցին պայքարել ՀՀ իշխանությունների դեմ, թեև այդ պայքարն առավել չափով արտահայտվեց դեսպանատների առջև ցույցերով, հայհոյանքներով և այլ նման տարերային ձևով։ Ընդ որում, ինչպես նշեցինք, տարբեր երկրներում կան տարբեր արտաքին քաղաքական տրամադրություններ ՀՀ նկատմամբ և դա առավել չափով ազդեց Սփյուռքի վրա։ Տարբեր են օրինակ ԱՄՆ և ՌԴ հայկական համայնքների վերաբերմունքը ՀՀ իշխանությունների նկատմամբ։ Դա լրիվ հասկանալի և տրամաբանական գործընթաց է։ Մեծագույն խնդիրն այն է, որ այսօր կուսակցականացված Սփյուռքի հետ միասին ապրում է նաև բոլոր հարցերից ձեռք քաշած Սփյուռք, որը միանգամայն հիասթափվել է ամեն ինչից և այլևս չի ցանկանում որևէ հարցի խառնվել։ Նրանց շուրջը ապրում ու գործում են փոքրաթիվ խմբեր ու անհատներ ովքեր, չնայած ամեն ինչին հավատում են թե՛ՀՀ-ը, թե՛ Հայաստան-Սփյուռք կապերի խորքային միությանը։
[Շարունակելի]