Հանդիպման նշանակությունը չպետք է գերագնահատել, բայց այս հանդիպումները նաև որոշակի դերակատարում ունեն, որովհետև, փաստորեն, Էրդողանի շուրթերով այս հարթակի հետ կապված նոր առաջարկ արվեց։ Նա առաջարկեց այս հարթակն ինստիտուցիոնալ դարձնել, այս առաջարկը, կարծում եմ, նախապես համաձայնեցված է եղել Ռուսաստանի հետ, այս առաջարկը կքննարկվի հետագայում, ու դա, փաստորեն, մեկ քայլ է այն փորձերի ուղղությամբ, որ Հարավային Կովկասը փակեն Արևմուտքի համար, մուտքը հնարավորինս դժվարացնեն։
Ռուբեն Սաֆրաստյան
Ամեն ինչ արվում է, որ տարածաշրջանը փակվի Արևմուտքի համար, որպեսզի Թուրքիան ու ՌԴ-ն շարունակեն ուժեղացնել իրենց դիրքերը․ Սաֆրաստյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը
– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայում օրերս կայացավ «3+3» ձևաչափով երրորդ հանդիպումը, ի՞նչ կարևորություն ունի այս ձևաչափը Թուրքիայի համար, դուք ինչպե՞ս եք գնահատում այդ հարթակում տեղի ունեցած հանդիպումները։
– Սա աշխարհաքաղաքական տեսանկյունից հետևյալ նշանակությունն ունի Թուրքիայի համար․ այս ձևաչափը Թուրքիային հնարավորություն է տալիս ինստիտուցիոնալ առումով մեկ անգամ ևս ի ցույց դնել իր դիրքը մեր տարածաշրջանում, որն արդեն իսկ ուժեղացել է 44-օրյա պատերազմից հետո։ Այս հարթակը Թուրքիայի համար հնարավորություն է հանդես գալու մեր տարածաշրջանում որպես Ռուսաստանի հետ հավասար ուժ, սա ամենակարևորն է Թուրքիայի համար։
Ռուսաստանի համար այս հանդիպումները աշխարհաքաղաքական առումով կարևոր են այն առումով, որ նա դեմ է, որ ոչ տարածաշրջանային երկրները, առաջին հերթին նկատի ունի Արևմուտքին, մեր տարածաշրջանում ակտիվություն ցուցաբերեն, ու այս հարթակը Ռուսաստանի համար հնարավորություն է մեկ անգամ ևս հայտարարելու, որ տարածաշրջանի խնդիրները պետք է տարածաշրջանի երկրները լուծեն։
Բացի Ռուսաստանից՝ այս մոտեցումը կիսում է նախևառաջ Թուրքիան, և նաև Իրանն է դրան համաձայն, ու նաև Հայաստանն է համաձայնում այդ մոտեցմանը, որովհետև այն համատեղ հռչակագիրը, որն ընդունվեց հանդիպման արդյունքում, դրա մասին է։
Հանդիպման նշանակությունը չպետք է գերագնահատել, բայց այս հանդիպումները նաև որոշակի դերակատարում ունեն, որովհետև, փաստորեն, Էրդողանի շուրթերով այս հարթակի հետ կապված նոր առաջարկ արվեց։ Նա առաջարկեց այս հարթակն ինստիտուցիոնալ դարձնել, այս առաջարկը, կարծում եմ, նախապես համաձայնեցված է եղել Ռուսաստանի հետ, այս առաջարկը կքննարկվի հետագայում, ու դա, փաստորեն, մեկ քայլ է այն փորձերի ուղղությամբ, որ Հարավային Կովկասը փակեն Արևմուտքի համար, մուտքը հնարավորինս դժվարացնեն։
Խոսք գնաց նաև կոնկրետ նախագծերի մասին, ինչպես նշվում է թուրքական մամուլում, որ հենց տարածաշրջանային երկրների կողմից պետք է ձգտել կոնկրետ նախագծեր առաջ բերել տարածաշրջանում։ Ամեն ինչ արվում է, որ տարածաշրջանը հնարավորինս փակվի Արևմուտքի համար, որպեսզի Թուրքիան ու Ռուսաստանը, առաջին հերթին՝ իհարկե Թուրքիան, շարունակեն պահպանել և ուժեղացնել իրենց դիրքերը։
– Հաշվի առնելով նաև այն, որ Իրանը ևս դեմ է, որ տարածաշրջանային երկրներից բացի՝ տարածաշրջանի հարցերով զբաղվեն այլ պետություններ, կարո՞ղ ենք ասել, որ այս ձևաչափին հաջողվելու է նվազագույնի հասցնել Արևմուտքի դերակատարումը մեր տարածաշրջանում։
– Տեսնում ենք, որ մինչև հիմա չի հաջողվել, այս հարթակի մասնակիցներն իհարկե շահագրգռված են, որ այստեղ Արևմուտքը հնարավորինս քիչ լինի, Թուրքիան ինքն Արևմուտքի մաս է, չի ուզում այլ արևմտյան երկրներ այստեղ լինեն։ Ձեր հարցին պատասխանելու համար պետք է անդրադառնանք այս ձևաչափում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ հնչած գաղափարներին, որոնցից ամենակարևորն արդեն ասացի, այդ կոնկրետ նախագծեր առաջարկելու գաղափարն է, այսինքն՝ այդ կոնկրետ նախագծերի շնորհիվ, որոնք իրենց մեջ պետք է ընդգրկեն տարածաշրջանի երկրները, այդպիսվ փորձեն Արևմուտքի ակտիվությունը սահմանափակել։
Դեռ վաղ է ենթադրել, որ այս հարթակը կարող է ռեալ խնդիրներ լուծել, բայց որ այն շարունակություն կունենա, ակնհայտ է, որ փորձ կարվի հարթակն ինստիտուցիոնալացնել, դա ևս պարզ է։
– Ձևաչափի շարունակականությունը ի՞նչ է տալու Հայաստանին, պարո՛ն Սաֆրաստյան։
– Օգուտ չի տալու, որովհետև այս ձևաչափը շատ հեռու է կոնկրետ մի բան անելուց, այն էլ՝ որ օգուտ լինի Հայաստանին, բայց մյուս կողմից էլ, որ Հայաստանը չմասնակցի, դրանից ի՞նչ օգուտ կլինի, ավելի լավ է մասնակցել ու տեսնել, թե ինչ է քննարկվում այնտեղ։
– Իսկ այս ձևաչափը որքանո՞վ կարող է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման լրացուցիչ նպաստող հանգամանք լինել։
– Չի կարող լինել, որովհետև Թուրքիան որոշում ունի Հայաստանի հետ հարաբերությունները ներկա փուլում չկարգավորել, սպասել, մինչև ստորագրվի հայ-ադրբեջանական պայմանագիրը, որից հետո ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Թուրքիայի որոշումը շատ հստակ է, ու այն չեն փոխելու։
Քրիստինե Աղաբեկյան
Հարցազրույցը՝ MediaLab.am կայքից։