Միջազգային

Էրդողանին «Ցույց Տվեցին Ի՞ր Տեղը»

Էրդողանը հենց այդպես էլ ներկայացնում է, որ անկախ Սպիտակ տան տիրոջ կուսակցականությունից, Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում Թուրքիայի ռազմաքաղաքական ազդեցության մեծացմամբ շահագրգռված չեն:

Վահրամ Աթանեսյան

Թուրքական TAI-ն ընդգրկված է համաշխարհային ռազմարդյունաբերական հարյուր ընկերությունների ցանկում: Բավական է ասել, որ այնտեղ է նախագծվել «հինգերորդ սերնդի» Kaan կործանիչը, որ, ինչպես աղբյուրներն են հայտնում, 2028թ. կդրվի սերիական արտադրության:

Հոկտեմբերի 24-ի ուշ երեկոյան Թուրքիայի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում, որտեղ էլ Էրդողանը խորհրդակցություն է հրավիրել պաշտպանության, ներքին գործերի նախարարների, ԶՈՒ ԳՇ պետի, Ազգային հետախուզության ծառայության տնօրենի, անվտանգության և արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդականի մասնակցությամբ:

Գլխավոր ուղերձը, որ հնչեցրել է Թուրքիայի նախագահը, ոչ մի նորություն չի պարունակում. Էրդողանը կրկնել է այն, ինչ ասում է առնվազն 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ ահաբեկչության դեմ պայքարում ոչ մի զիջում չի լինի, և մենք թույլ չենք տա մեր սահմաններին մոտ ահաբեկչական պետություն ստեղծել։

Անկարայում «ահաբեկչությունը» տեղի է ունեցել նույն օրը, երբ ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգում կազմակերպվել է Էրդողանի արյան վրեժի հակառակորդ Ֆեթհուլլահ Գյուլենի թաղման արարողությունը: Մոտ մեկ տասնամյակ Թուրքիայի նախագահը Միացյալ Նահանգներից պահանջել է Գյուլենի արտահանձնումը, բայց մերժում ստացել: Ընդ որում՝ նրան չեն ընդառաջել ոչ միայն դեմոկրատ Օբաման և Բայդենը, այլև հանրապետական Թրամփը:

Էրդողանը հենց այդպես էլ ներկայացնում է, որ անկախ Սպիտակ տան տիրոջ կուսակցականությունից, Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում Թուրքիայի ռազմաքաղաքական ազդեցության մեծացմամբ շահագրգռված չեն: Անկարայի «ահաբեկչությունը» գնահատվում է աշխարհաքաղաքական այդ ենթատեքստով:

«Քրդական բանվորական կուսակցությունը չէր կարող TAI մուտք գործելու հնարավորության մասին տեղեկություն ունենալ»,- ադրբեջանական «Թուրան» գործակալությանը ասել է Թուրքիայում բնակվող վերլուծաբան Խալեդին Իբրահիմլին. Նա վստահ է, որ քուրդ ահաբեկիչներին օգնել են գերտերությունների հատուկ ծառայությունները:

Իբրահիմլիի կարծիքով՝ Իսրայելը ձգտում է ամբողջովին տիրանալ Գոլանի բարձունքներին, ինչը հնարավորություն կտա, որպեսզի Իրաքի հյուսիսը կապվի Սիրիայի հետ, իսկ այդ տարածքները վերահսկում են քրդական զինված կազմավորումները: Այդ դեպքում Իսրայելն ընդհուպ կմոտենա Թուրքիայի հարավային սահմաններին:

Սիրիայի հյուսիսի քրդական փաստացի ինքնավարությունը գործում է Միացյալ Նահանգների հովանու ներքո: Վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ անոնսավորվել է Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպում, բայց Էրդողան-Ասադ բանակցություններ այդպես էլ չի հաջողվում կազմակերպել:

Եթե փորձենք իրավիճակից եզրակացության հանգել, ապա, թվում է, երկու տարբերակ կա. կամ Անկարայի «ահաբեկչությունը» թուրքական MIT-ն է կազմակերպել, որպեսզի Էրդողանը Իրաքի և Սիրիայի հյուսիսում քուրդ ահաբեկիչների դեմ հատուկ ռազմական գործողություն սկսելու հիմնավորում ունենա և միջազգային ճնշումներին հակադարձի, կամ որևէ երկրի հատուկ ծառայությունը Թուրքիայի նախագահին հասկացրել է, թե Մերձավոր Արևելքում և առհասարակ միջազգային քաղաքականության մեջ որն է նրա իրական տեղը և դերը:

Այս իմաստով արժե, թերևս, նկատել, որ Անկարայի «ահաբեկչությանը» նախորդած մեկ-երկու ամիսների ընթացքում թուրքական կողմը մի քանի անգամ տեղեկություն է տարածել Թուրքիայի տասնյակ բնակավայրերում «Մոսադի» գործակալներ ձերբակալելու մասին, իսկ TAI «զինված գրոհը» տեղի է ունեցել, երբ Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենը Կատարի վարչապետ ալ-Թանիի հետ քննարկում էր Գազայում հրադադարի և պատանդների փոխանակման բանակցությունների վերսկսման հնարավորությունը: ՀԱՄԱՍ-ի հետ բոլոր շփումներն իրականացվել են ԱՄՆ-ի, Իսրայելի և Եգիպտոսի հատուկ ծառայությունների ղեկավարների մակարդակով: Թուրքական MIT-ն ինչո՞ւ է դուրս մնացել ԱՄՆ մերձավորարևելյան դիվանագիտության «պահունակից»:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3482907.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *