Մեզ մնում է միայն հետևություններ անել, որ դեռ երկար պիտի աշխատենք մեր անվան վրայից թե՛ «այլ պետության խամաճիկ», թե՛ «վարպետորեն ինչ-որ բան կեղծողի» համբավը հեռացնելու համար։ Եթե իհարկե ուզում ենք։ Գուցե չենք էլ ուզում․․․
Լիանա Խաչատրյան
Հայկական կարուսե՞լ․ Վրաստանի նախագահը ընտրակեղծարարությունը կոչեց մեր անունով
Մինչ մենք խոսում ենք այն մասին, որ երկրում պետք է զարգացնել տեխնոլոգիաները, վերամբարձ մտքեր ենք ձոնում հնարամիտ հային, որ կրթում է աշխարհը և իր բացառիկ մտքով ամենուր նորարարություններ է ստեղծում․․․ Վրաստանում ակտիվանում է հետընտրական իրարանցումը։
Օրեր առաջ Վրաստանում անցկացվեցին խորհրդարանի ընտրություններ, որում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որին մեղադրում են ռուսամետության համար, ստացել է ձայների 54 տոկոսը։ Անցողիկ շեմը հաղթահարել են նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնցից 3-ը հայտարարել են, որ չեն ընդունում ընտրության արդյունքները։ Ակտիվ ելույթներով է հանդես գալիս մասնավորապես Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը հրաժարվում է ընդունել ընտրության արդյունքը։
Իր հարցազրույցներից մեկում նա մեղադրել է իշխող ուժին ռուսահպատակության համար, պնդել, որ ամբողջ նախընտրական գործընթացի մեջ տեսնում է ռուսական հատուկ ուժերի հետքը։ Զուրաբիշվիլին նաև նշել է, որ ընտրությունների ժամանակ կիրառվել են հենց ռուսական ընտրակեղծարարության տարբեր հնարքներ։
Արդյոք դա այդպես է, թե ոչ՝ թող քննեն քաղաքագետները։ Ինձ սակայն հետաքրքրեց մի առանձին արտահայտություն, որն արեց հարևան պետության նախագահը։ Խոսելով ընտրակեղծիքների ձևերից մեկի մասին, մասնավորապես, տարբեր ընտրատեղամասերում մի քանի անձանց կողմից, տարբեր քաղաքացիների անունից քվեարկելու հնարքից, Զուրաբիշվիլին հայտարարեց, որ կեղծիքի այս մեթոդը Վրաստանում անվանում են «հայկական կարուսել»։
Առաջին պահին իհարկե վրդովմունք է առաջանում, մտածում ես՝ ինչու հայկական։ Հետո սկսում ես հիշել անցած տարիներն ու տարբեր ընտրությունների հետ կապված քաշքշուկները, ու գլուխդ իրոք սկսում է պտտվել, ասես տեղական արտադրության կարուսել նստած լինես։
Որպես լրագրող ես միայն մեկ անգամ եմ ընտրություններ լուսաբանել՝ ընտրատեղամասում հետևելով ընթացքին։ Ժամանակները փափուկ էին, Նիկոլ Փաշինյանն էլ՝ անհատ ընդդիմադիր։ Ծեծկռտուք և իրարանցում այդ օրը չկար, բայց կային «մեր դեմ խաղ չկա»-ն, թաղի տղեք, հավաքվող և հավաքագրվող ինչ-որ խումբ-խումբ ընտրողներ և, իհարկե, սպասված արդյունք։ Ամեն ինչ այնքան հարթ ու հստակ կանոնակարգված էր, որ օտարազգի հետևողը կզգար, որ մի բան այն չէ, բայց պարզապես հետևելով ոչինչ չէր հասկանա։
Բայց վերադառնանք մեր օրեր։
Փաստորեն այսօր հստակ կարելի է արձանագրել, որ առնվազն քաղաքական կեղծարարության տեխնոլոգիաներում մենք տարածաշրջանում աչքի ենք ընկել։ Հավանաբար պետք է մի կողմ թողնել գիտությունն ու տեխնիկան և շարունակել զարգացնել քաղաքական տեխնոլոգիաները։ Ժամանակն է բրենդավորել և միջազգային հանրությանը առաջարկել նաև «հայկական բացառիկ սահմանադրությունը», «փախստականների բնակապահովման հայկական մոդելը», «Եվրոպա գնալու հայկական տարբերակը» և հատուկ առաջարկ՝ «ցտեսություն հայկական ձևով»՝ ինչպե՞ս դուրս գալ ՀԱՊԿ-ից առանց ոտքդ քաշելու։
Նման առաջարկությունների փաթեթը պիտի որ հետաքրքրի ամեն գնով իշխանությունը պահել ցանկացող սկսնակ ավտոկրատիաներին կամ հիբրիդային վարչախմբերին, որոնք ձգտում են մաքսիմալ ձևական պահել իրենց ժողովրդավարական բաղադրիչը։
Իսկ եթե կատակը մի կողմ թողնենք և հարցին լուրջ նայենք, իհարկե կարելի է հստակ ասել, որ ընտրակեղծարարությունը հայերից չի սկսվել և հայերով էլ չի ավարտվելու։ Բազմաթիվ երկրներում այնպիսի հնարքների են գնում, որոնց մասին մենք անգամ երազել չենք կարող։ Բայց մյուս կողմից տխուր է, որ նման տեխնոլոգիաներն այնպես հետևողականորեն ենք կիրառել, որ ինչ-որ մարդիկ դրանց «հայկական» անունն են տվել։
Առանձին հարց էր, թե ինչու Զուրաբիշվիլին հնչեցրեց հայերի անունը ռուսների տեխնոլոգիաների մասին խոսելիս։
Կարծում եմ, սա հայ-ռուսական հարաբերությունների հակառակ կողմն է, որը մենք երկար տարիներ չէինք նկատում։ Այն է՝ տարածաշրջանում մեզ դիտարկում են որպես «ռուսներինը», բայց սա արդեն լրիվ ուրիշ հարց է, միջազգայնագետների հետաքրքրության առարկան։ Իսկ այժմ մեզ մնում է միայն հետևություններ անել, որ դեռ երկար պիտի աշխատենք մեր անվան վրայից թե՛ «այլ պետության խամաճիկ», թե՛ «վարպետորեն ինչ-որ բան կեղծողի» համբավը հեռացնելու համար։ Եթե իհարկե ուզում ենք։ Գուցե չենք էլ ուզում․․․
Լիանա Խաչատրյան
MediaLab.am