Միջազգային

Պատերազմում՝ Ինչպես Պատերազմում

Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր «առաջնորդ ընկեր Կիմը հանձնարարել է օգնել Ռուսաստանին»:

Վահրամ Աթանեսյան

Հարավային Կորեան եւ Միացյալ Նահանգներն առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի համատեղ զորավարժություններ են անցկացրել: Հարավային Կորեայի ռազմա-օդային ուժերի հրամանատարությունն այդ առթիվ պաշտոնական հաղորդագրություն է  տարածել, հաղորդում է հարավ- կորեական , «onhap» գործակալությունը:

Ըստ այդմ, երկու երկրներն առաջին անգամ ԱԹՍ-երի համատեղ զորավարժություններ են անցկացրել: Հարավային Կորեայի կողմից ներգրավվել է  «RQ-4B Global Haw» հետախուզական ԱԹՍ, իսկ ԱՄՆ-ը կիրառել է հարվածային «MQ 9 Reaper»-ներ: Զորավարժություններում օգտագործվել են նաեւ  «խելացի» սպառազինություններ»: Զորավարժություններն ընթացել են «թշնամական սադրանքի օջախներին հարվածներ հասցնելու» սցենարով: Հարավ-կորեական ԱԹՍ-ն հակառակորդի թիրախների տեղաբաշխման եւ ճշտորոշման հետախուզական տվյալներ է հավաքել եւ փոխանցել ամերիկյան հարվածային անօդաչուին, որն էլ «խելացի սպառազինության» միջոցով խոցել է բոլոր նշանակետերը:

Զորավարժություններին լավատեղյակ աղբյուրն ասել է, որ նախապես պաշտոնական հայտարարություն չի ծրագրվել, բայց երբ Հյուսիսային Կորեան հոկտեմբերի 31-ին նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել, կողմերը որոշել են Փհենյանին նախազգուշացնել: Հյուսիսային Կորեան փորձարկել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որ սպառնալիք է ոչ միայն Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի, այլեւ Միացյալ Նահանգների համար: Դիտարժան է նաեւ, որ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան ԱԹՍ-երի համատեղ զորավարժություններ են անցկացրել մի իրավիճակում, երբ տեղեկություններ են հայտնվել, որ Հյուսիսային Կորեան մոտ տասը հազար զինվորականներ է ուղարկել ռուս-ուկրաինական պատերազմի ճակատ: Ուկրաինայի ԶՈՒ Ռազմական հետախուզության գլխավոր վարչությունը բացահայտել է այդ զորախմբի հրամանատարների ինքնությունը: Նրանք բարձրաստիճան զինվորականներ են եւ ծառայում են Հյուսիսային Կորեայի ԶՈՒ Գլխավոր շտաբում, ԳՇ ռազմական հետախուզության վարչությունում: Ռուսաստանը պաշտոնապես հերքել է, որ իր տարածքում հյուսիս-կորեական զինվորականներ կան, բայց Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր «առաջնորդ ընկեր Կիմը հանձնարարել է օգնել Ռուսաստանին»:

Տեղեկություններ կան, որ Դոնբասի օկուպացված տարածքներում հյուսիս-կորեական ինժեներական զորքերը ներգրավված են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին: Դա ռուսական կողմից հնարավորություն է տվել, որպեսզի ինժեներական, երկաթուղային զորքերն ուղարկի ռազմաճակատ: ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է, որ Ուկրաինան իր տարածքում գտնվող հյուսիս-կորեական զորքերին հարվածելու լեգիտիմ իրավունք ունի: Հարավային Կորեայի հետ ԱՄՆ համատեղ զորավարժությունները վկայում են, որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կարող է մտնել անկայունության փուլ: Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ ի պատասխան հյուսիս-կորեական զորքերի Ուկրիանայում ներկայության իրենք կարող են Կիեւին մահաբեր սպառազինություններ մատակարարել: Պաշտոնական Սեւուլը մինչեւ վերջերս ձեռնպահ է մնացել Ռուսաստանի դեմ արմատական քայլերից: Իրավիճակ, կարծես, փոխվում է, Հարավային Կորեան որդեգրում է «պատերազմում՝ ինչպես պատերազմում» դիրքորոշում:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *