Հարիսի հաղթանակը նշանակում է նախ և առաջ դեմոկրատական, այսինքն ամեն մեկի իրավուքնների պահպանման հաղթանակը, նշանակում է ամերիկյան այն քաղաքականության շարունակությունը, որ սկսել ու շարունակել են Վաշինգտոնը, Ֆրանկլինը, Ադամսը, Լինքոլնը և այլն։ Իսկ Թրամփը կարծես թե որոշել է հրաժարվել այդ ամենից։ Ու այստեղ ոչ միայն այն հարցն է, թե ինչ կլինի աշխարհում ու աշխարհի հետ, կամ ինչ կլինի Ամերիկայի հետ, այլ, նախ և առաջ գաղափարական-սկզբունքային հարց՝ ի՞նչ կլինի այն փիլիսոփայության և արժեքների հետ, որի հիման վրա ստեղծվել է ԱՄՆ-ը։ Եթե նահանգները հրաժարվեն այդ ամենից, ապա ի՞նչ կմնա Ամերիկայից։ Այն պարզապես կդառնա հարուստ և ուժեղ պետություն, որին գուցե արդեն խորթ չլինի ավտորիտարիզմը։
Մեր Ուղին
Հաշված ժամեր անց բոլորս կիմանանք, թե ով է լինելու ԱՄՆ նոր նախագահը։ ԱՄՆ նոր նախագահ՝ նշանակում է ԱՄՆ ներքին ու արտաքին քաղաքական հսկայական տարբերություններ։ Ավանդաբար ԱՄՆ նախագահները համեմատաբար սինքրոն են աշխատել միմյանց հաջորդելով՝ շարունակելով ամերիկյան գլոբալ քաղաքականությունը, բայց, հաշվի առնելով, որ աշխարհը անզսպելիորեն փոխվում է, բոլորս ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ԱՄՆ-ում դեմոկրատներն ու հանրապետականները կարող են կտրուկ տարբերվող կարծիքներ ունենալ միևնույն բանի մասին։ Դա հենց ինքը՝ վերահաս փոփոխությունների շարունանականությունն է։
ԱՄՆ նախագահի ընտրությունները կարևոր են ոչ միայն նահանգների, այլև ողջ աշխարհի համար։ Երկար ժամանակ ողջ աշխարհի անվիճելիորեն առաջատար ԱՄՆ դիրքերը որոշ առումներով թուլացել են, նրա կողմից կառավարվող որոշ հարցեր հաջողությամբ լուծվել են, որոշները՝ տապալվել ու հիմա շատ բան է կախված, թե աշխարհում առաջիկա գոնե մի քանի տարում դեպքերն ու իրադարձություններն ինչ միտումով կզարգանան։ Իհարկե միամտություն կլինի կարծել, որ թեկնածուներից մեկը մոլորակը դրախտ է սարքելու, մյուսը՝ դժոխք։ Ինչպես նաև միամտություն կլինի կարծել, որ թեկնածուներից մեկն անպայմանորեն հաջողելու է, իսկ մյուսը ոչ։ Բայց և այնպես թեկնածուների մեջ կան ռադիկալ տարբերություններ, ինչը ևս նշան է, որ ԱՄՆ-ում մի կողմ է դրվել թվացյալ անխռով հանգստությունը և վրա է հասել կտրուկ փոփոխությունների ժամանակը։ Ու հարցը ոչ միայն հանրապետականների կամ դեմոկրատների քաղաքական իշխանությունն է, այլ ԱՄՆ ճակատագիրը և դրա հետ մեկտեղ նաև աշխարհի շատ մասերի վրա ուղղակի և անուղղակի ազդեցություն թողնող հետևանքներով։
ԱՄ Նահագները ֆենոմենալ պետություն է։ Այն ինքն իրենով ժառանգական թագավորություն կամ դքսություն չէ։ ԱՄՆ-ը ստեղծվել է իրավունքի, արդարության հետևևից գնացող մարդկանց պահանջով ու պայքարով։ ԱՄՆ-ը ոչ միայն պարզապես մեկն է գերտերություններից, որ աշխարհում եղել են, այլ գերտերություն է իր սկզբունքային ու գաղափարական իմաստով։ ԱՄՆ-ը աշխարհի փոքր մոդելն է։ Այնտեղ ապրում են աշխարհի գրեթե բոլոր ազգերի ներկայացոցւիչները, բոլոր կրոնները և քաղաքական-տնտեսական բոլոր ուղղությունները։ ԱՄՆ-ը հավասարության պետություն է իր սկզբուքներով և այդ հավասարության սկզբունքը ենթադրում է նախ և առաջ այդ հավասարության և արդարամտության հաղթանակը։ Հակված ենք կարծելու, որ այս անգամ այդ դերն իր վրա վերցրել է Քամալա Հարիսը։ Դեմոկրատների թեզերն այս անգամ ավելի մոտ են ամերիկյան պետության փիլիսոփայությանը, քան մեծահարուստ Թրամփի մեկուսացման քաղաքականությունը։ Թրամփը ցանկանում է «Ամերիկան միայն ամերիկացիների համար», նա ցանկանում է մեկուսացման և պարզապես հարուստև ուժեղ Ամերիկա, իսկ Հարիսը, որ այդ ուժեղ և հարուստ Ամերիկան նաև շարունակի հավատալ ու պահպանել այն, ինչի համար ստեղծվել է՝ հավասարության, հնարավորությունների և իրավուքնների առումով։ Ու գերտերություն Ամերիկան պաշտպանում է այդ ամենը ոչ միայն իր տարածքում, այլ աշխարհում։
Հարիսի հաղթանակը նշանակում է նախ և առաջ դեմոկրատական, այսինքն ամեն մեկի իրավուքնների պահպանման հաղթանակը, նշանակում է ամերիկյան այն քաղաքականության շարունակությունը, որ սկսել ու շարունակել են Վաշինգտոնը, Ֆրանկլինը, Ադամսը, Լինքոլնը և այլն։ Իսկ Թրամփը կարծես թե որոշել է հրաժարվել այդ ամենից։ Ու այստեղ ոչ միայն այն հարցն է, թե ինչ կլինի աշխարհում ու աշխարհի հետ, կամ ինչ կլինի Ամերիկայի հետ, այլ, նախ և առաջ գաղափարական-սկզբունքային հարց՝ ի՞նչ կլինի այն փիլիսոփայության և արժեքների հետ, որի հիման վրա ստեղծվել է ԱՄՆ-ը։ Եթե նահանգները հրաժարվեն այդ ամենից, ապա ի՞նչ կմնա Ամերիկայից։ Այն պարզապես կդառնա հարուստ և ուժեղ պետություն, որին գուցե արդեն խորթ չլինի ավտորիտարիզմը։
Իհարկե այնպես չի լինելու, որ Թրամփը հաղթանակի դեպքում ինքն իրեն թագավոր է հռչակելու, բայց Թրամփն ինքն իրենով այդ խորհրդանիշն է։ Թրամփի հաղթանակը ամերիկացիներին ու աշխարհին հուշելու է, որ ավտորիտարիզմը ևս ընդունելի է, որ հավասարությունը և իրավունքները այնքան էլ կարևոր չեն, քանի որ կա հարստություն և իշխանություն։ Այլ ազգերին ատող, «Բեռլինյան պատի ամերիկյան նախագծի» հեղինակն ու իրագործողը, սեռական սկանդալների մեջ ապրող բիզնեսմեն Թրամփը ի՞նչ է անելու այլոց իրավունքները պաշտպանելու համար, եթե իր իսկ համաքաղաքացիներին չի զլանում «շուն ուտողներ անվանել»։ Ինչպե՞ս է նա աշխարհում պայքարելու այն հումանիզմի համար, որի հիման վրա ստեղծվել է ԱՄՆ-ը, եթե իր ընկերները Պուտինն ու Կիմ Ջոն Ունգն են։ Եվ մի՞թե Թրամփը պիտի լինի այն երկրի նախագահը, որտեղ սպիտակամորթ նախագահը սկսել է պայքարել սևամորթների իրավունքների համար, երբ նախագահը պայքարել է ստրկության վերացման դեմ ու սպանվել դրա համար։ Թրամփի կերպարը ոչ մի կերպ չի համապատասխանում Լինքոլնի կամ Սեմյուել Ադամսի կերպարին և ոչ էլ Քենեդու կամ, առավել ևս Վաշինգտոնի։ Թրամփը նման չէ նրանց, Թրամփը նման է ինքն իրեն ու դա է ամենասարսափելին, որովհետև ԱՄՆ նախագահը ուղղակի քաղաքական պաշտոն չէ, այլ նաև՝ առաքելություն։
Ամերիկացիները, հավանաբար վերջին տարիներին փոքր ինչ թուլացել են։ Նրանք մոռացել են, որ մի ժամանակ իրենց պետությունը կարողացել է դիմադրել ու ապրել հենց ամեն մարդու իրավունքը հարգելու, մարդուն որպես մարդ ընդունելու սկզբունքները հարգելու շնորհիվ։ Ամերիկացիների մի մասը երևի մոռացել է, որ Ամերիկան Ամերիկա է նախ և առաջ դրա շնորհիվ։ Ամերիկան հարուստ է դարձել, որովհետև ազատությունը ու իրավունքների պաշտպանությունը թույլ է տվել մարդուն աշխատել, հարստանալ, ուժեղանալ և ուժեղացնել։ Իսկ հիմա Ամերիկայում Թրամփը եկել ու ամերիկյան ժողովրդի պաշտպանություն է քարոզում այն դեպքում, երբ ինքը արհամարհական վերաբերմունք ունի հենց նույն ամերիկացիներից շատերի հանդեպ։
Հարց է ծագում, թե ի՞նչ կպատահի Ամերիկայի հետ, եթե Թրամփը հաղթի ու մեկուսացնի իր քաղաքականությունը։ Ավտոկրատները կշարունակեն ավելի լկտիանալ և ուժեղանալ։ Նրանք կշարունակեն խեղդել և՛ իրենց, և այլ ժողովուրդների և մի օր էլ հերթը կհասնի հենց Ամերիկային, որն իր թուլության մի պահի, թույլ տվեց, որ միջնադարը նորից վերադառնա մեր ժամանակներ։ Այդ միջնադարը կշրջապատի հենց Ամերիկային, որը կընկնի դրա հարվածներից։ Երեք հարյուր տարի ամերիկացիների պահապանը եղել են ամերիկյան հավասարությունը և ամեն մարդու իրավունքները ու նաև դա է նպաստել, որ այնտեղ զարգանա հնարավոր ամեն ինչ, որ մարդիկ ցանկանան ապրել Ամերիկայում ու հարստանալ՝ հարստացնելով Ամերիկան։
Թրամփ, թե Հարիս ընտրությունը մի բան է նշանակում՝ ընտրություն այսօրվա կարճ հաջողության թե երկարատև ու հաստատուն ապագայի համար։
Իհարկե, ինչպես նշեցինք, այս ամենը չի նշանակում, որ Թրամփը դժոխք է սարքելու, իսկ Հարիսը՝ դրախտ, բայց երբ նայում ես թեկնածուներին, նրանց ապրած կյանքին ու արժեքներին, շատ ավելի հեշտ կլինի պայքարելն ու ապրելը Հարիսի Ամերիկայում, քան թե Թրամփի, ուր առաջնահերթ խոշոր բիզնեսմենն է կարևոր, ոչ թե անհատ մարդը։
Եվ վերջում, գալով ամերիկահայերին։ Արցախը մասնատվեց ու ծվատվեց նաև Թրամփի թույլտվությամբ։ Թրամփը, ով Պուտինին իրեն ընկեր է համարում, գուցե թույլ տա նաև Հայաստանը գզել ու մաս-մաս կուլ տալ։ Հարիսը, իր ուշադրության ներքո է պահում գլոբալ աշխարհը։ Հայերը այժմ պիտի որոշեն, թե ո՞ւմ են նախապատվությունը տալու՝ Թրամփի՞ն, ով փակելու է Հայաստանի առջև դռները, թե՞ Հարիսի, ով ավելի բարյացկամ է Հայաստանի հանդեպ, ինչպես և մյուս բոլորի։
Ընտրություն անելը հեշտ է, հետևանքների պատասխանատվությունն է բարդ։