Միջազգային

Իսրայելի Մասին Միֆն Ու Իրականությունը

Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ի զոհերի ոգեկոչման միջոցառմանը պատանդների հարազատների եւ հազարավոր այլ քաղաքացիներ ընդհատել են վարչապետ Նաթանյահուի ելույթը եւ նրան հարցրել. «Դուք չեք ամաչո՞ւմ»:

Վահրամ Աթանեսյան

Իսրայելում եւս բանակից խուսափողներ կան
Իսրայելի մասին պատկերացումներն այնպիսին են, որ այդ երկրում բանակային ծառայությունը բոլորի սուրբ պարտականությունն է, զորակոչվում են նույնիսկ աղջիկները, իսկ հասարակությունը չի ընդունում նրանց, ովքեր չեն մասնակցում հայրենիքի պաշտպանությանը:

Ընդհանուր առմամբ, իհարկե, հրեական պետության պաշտպանական համակարգը կատարելագործաված է, հաշված ժամերի ընթացքում հարկ եղած պահեստազորայինները համալրում են ամրագրված զորամասերը, սահմանափակ կարողություններով անձինք անցնում են թիկունքային ծառայության:

Բայց վերջին շրջանում Իսրայելի կառավարությունը բախվում է լուրջ խնդրի: Երկրում կան օրթոդոքս կրոնական համայնքներ, որ դեմ են զինվորական ծառայությանը: Նրանց նկատմամբ տարիներ շարունակ կիրառվել են արտոնություններ:
Անցյալ տարի Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի լայնածավալ հարձակումից հետո, սակայն, կառավարությունը զորակոչի եւ պահեստազորայինների ներգրավման հետ լուրջ խնդիրներ ունի: Պաշտպանության նախարար Գալանտը, ինչպես իսրայելական մամուլն է հայտնում, հանդիպումներ է ունեցել օրթոդոքս կրոնական համայնքների առաջնորդների հետ, բացատրել պահի կարեւորությունը:

Թե ինչ արդյունք են ունեցել այդ քննարկումները, մանրամասնություններ հայտնի չեն: Մամուլը փոխանցում է, որ Գալանտը ստորագրել 3000 օրթոդոքս հավատացյալի ծանուցագիր, մեկ օր անց՝ եւս 800-ը:

Չկան տեղեկություններ, թե հավատացյալ երիտասարդները ենթարկվե՞լ են զորակոչի հրամանին, բայց հայտնի է դարձել, որ ԶՈՒ ԳՇ-ն դիմել է երկրի գլխավոր դատախազությանը: Դա նշանակում է, որ զորակոչից զանգվածաբար խուսափողներ կան, կառավարությունը մտադիր է նրան նկատմամբ քրեական գործեր հարուցել:
,,Մեր տուն Իսրայել,, կուսակցության առաջնորդ Լիբերմանը խստորեն քննադատել է կրոնական համայնքների առաջնորդներին, որ երիտասարդներին ետ են պահում հայրենիքի պաշտպանության գործից: Կարելի է ,,Թորա,, ուսումնասիրել, լինել ծայրահեղ հավատացյալ, բայց միաժամանակ՝ հայրենիքի օրինակելի զինվոր, եթե դրա անհրաժեշտությունը կա,,-ասել է Լիբերմանը:

Որոշ աղբյուրներ համարում են, որ օրթոդոքս հավատացյալների համայնքները ,,հայտնվել են Իսրայելի թշնամիների ազդեցության տակ,, եւ կասկածում են, որ կրոնական քարոզչությունն ուղղված է հրեական պետության պաշտպանական կարողությունների դեմ:
Գազայում եւ Լիբանանի հարավում պատերազմը մոտ հազար զինվորականի կյանք է խլել, վիրավորների թիվն անցնում է հինգ հազարից: Իր գոյության ողջ ընթացքում Իսրայելը մարդկային նման ծանր կորուստներ առաջին անգամ է կրում:
Դրան ավելանում է նաեւ ավելի քան հարյուր պատանդի ճակատագրի շուրջ անորոշությունը, չխոսած այն մասին, որ ՀԱՄԱՍ-ի առաջին օրվա հարձակման ժամանակ մոտ հազար քաղաքացիական անձ է զոհվել: Աղբյուրները հայտնում են, որ Իսրայելի հյուսիսային՝ Լիբանանի սահմաանկից, շրջաններից քաղաքացիական բնակչությունը գրեթե լիովին տարհանվել է:

Լիբանանյան ,,Հեզբոլլան,, շարունակում է ամենօրյա հրթիռակոծումները, զոհվում եւ վիրավորվում են ոչ միայն զինվորականներ, այլեւ քաղաքացիական անձինք: ,,Հեզբոլլայի,, հրթիռները եւ ԱԹՍ-երը հասնում են մինչեւ Հայֆա: Այս իրավիճակը, որ տեւում է մեկ տարուց ավելի, անշուշտ, հոգեբանական ծանր ազդեցություն է թողնում բնակչության շրջանում: Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ի զոհերի ոգեկոչման միջոցառմանը պատանդների հարազատների եւ հազարավոր այլ քաղաքացիներ ընդհատել են վարչապետ Նաթանյահուի ելույթը եւ նրան հարցրել. ,,Դուք չեք ամաչո՞ւմ,,:
Նաթանյահուն մի քանի րոպե սպասել է, մինչեւ կրքերը հանդարտվել են, ապա ամփոփել է ելույթը՝ խոստանալով պատանդներին վերադարձնել եւ շտապ հեռացել միջոցառման վայրից: Վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքներով նրա ,,Լիկուդ,, կուսակցության վարկանիշը տատանվում է 20 տոկոսի սահմաններում:

Միջազգային փորձագիտական որոշ շրջանակներ պնդում են, որ Նաթանյահուն պատերազմը չի դադարեցնում, որպեսզի արտահերթ ընտրություններ տեղի չունենան, իր իշխանությունը պահպանվի:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *