Մաս Երկրորդ
Իսկ ի՞նչ պիտի աներ ՀՅԴ-ը, որ չի արել, կամ ի՞նչ էր ակնարկում ԱԱԾ(այն ժամանակ դեռևս ԱԱՆ) մեկուսարանում գտնվող Մարգարյանը։ Գուցե նա ակնարկում էր, որ ՀՅԴ ցանկության դեպքում իրադարձությունները շատ ավելի կոշտ կլինեն, քան կարելի է պատկերացնել։ Իսկ ի՞նչ իրադարձությունների մասին է խոսքը գնում՝ զինված հեղաշրջմա՞ն, թե ինչ որ այլ։
Մեր Ուղին
Բայց այդ ամենը անմիջապես տեղի չունեցավ։ Հրաչ Տասնապետյանի հարցազրույցից հետո ԱԱԾ մեկուսարանից հրապարակվեց Հրանտ Մարգարյանի նամակը, որը թեև հասցեագրված չէր Հրաչ Տասնապետյանին, ՀՅԴ գործունեության և իր կալանքի մասին որոշ պարզաբանում էր, ավելի շատ ընկալվում է որպես պատասխան Տասնապետյանին։
Հրանտ Մարգարյանի նամակը, ի տարբերություն Բյուրոյի ներկայացուցչի մեղմ ոճի, շատ ավելի խիստ ու կտրուկ է։ Այնտեղ չկա որևէ նշույլ, որ ինքը կարող է վրիպակ կամ սխալ թույլ տված լինի, այլ մեղադրական է իշխանության հանդեպ, որը ամեն կերպ փորձում է սեփականաշնորհել Արցախի հաղթանակը, ջնջել ՀՅԴ պատերազմական ձեռքբերումները և, վախենալով ՀՅԴ-ից, քաղաքական հետապնդում է իրականացնում իրենց նկատմամբ՝ փորձելով Դաշնակցությանը հավասարեցնել ահաբեկչական կազմակերպության։ Եթե ավելի կարճ, ապա Հ․ Մարգարյանի խոսքերը անվերապահ ինքնավստահ են։ Հրանտ Մարգարյանն իր նամակում նշում է, որ ՀՀՇ-ական իշխանությունները ակամա են միացել Արցախի պատերազմին, չեն ցանկացել բանակ կառուցել ու երբ տեսան, որ բանակը կառուցվում է ու հաղթանակ է ձեռք բերվում, ապա փորձեցին կանգնեցնել այդ հաղթանակը, սեփականաշնորհել այն, սեփականացնել բանակը և հիմա էլ ունեն նույն պարտվողական ու դավաճանական կեցվածքը, որ կար առաջ։
Հրանտ Մարգարյանը հայտարարում է, որ «Դաշնակցությունը մնում է գործի կուսակցություն»։ Իր նամակում, ասես սպառնալիքով, բայց նշում է, որ աշխարհում, ուր ուժն է իրավունքի հոմանիշը, Դաշնակցությունը մի կողմ չի կարող դնել իր սկզբունքային պայքաի ոճը և իշխանությունները չպետք է ՀՅԴ-ին փորձել ներկայացնել որպես ռոմանտիկ արկածախնդիրներ։
Այդ երկար նամակով Հրանտ Մարգարյանը հակադրվում է Հրաչ Տասնապետյանին հատկապես այն առումով, որ եթե Տասնապետյանը ընդունում է ՀՅԴ բացթողումները և սխալները և անգամ չի հայտարարում, որ Հրանտ Մարգարյանն անմեղ է, իսկ իշխանությունը մեղավոր, ապա Հրանտ Մարգարյանի նամակը բացառում է ՀՅԴ որևէ սխալ և նշում, թե այն ինչ ՀՅԴ-ը չի արել, ապա չի արել բարյացկամությունից ոչ թե անկարողությունից ելնելով։
Իսկ ի՞նչ պիտի աներ ՀՅԴ-ը, որ չի արել, կամ ի՞նչ էր ակնարկում ԱԱԾ(այն ժամանակ դեռևս ԱԱՆ) մեկուսարանում գտնվող Մարգարյանը։ Գուցե նա ակնարկում էր, որ ՀՅԴ ցանկության դեպքում իրադարձությունները շատ ավելի կոշտ կլինեն, քան կարելի է պատկերացնել։ Իսկ ի՞նչ իրադարձությունների մասին է խոսքը գնում՝ զինված հեղաշրջմա՞ն, թե ինչ որ այլ։
Այդ հարցին ուղիղ պատասխանելը շատ բարդ է, քանի որ այդ ամենից երեք տարի անց Հրանտ Մարգարյանը արդեն բանտում չէր, ընտրվել էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ապա 2000թ Բյուրոյի անդամ և ապա՝ Բյուրոյի ներկայացուցիչ։ Հրանտ Մարգարյանը Բյուրոյի ներկայացուցիչ վերընտրվեց 2004-ին, 2008-ին, 2011-ին, 2015-ին՝ ՀՅԴ-ը կառավարեց մոտ 19 տարի, երբ 2019թ․ Ընդհանուր Ժողովի ժամանակ Բյուրոն ներկայացուցիչ ընտրեց Հակոբ Տեր-Խաչատուրյանին։
Հետաքրքրական է այն, որ Հրաչ Տասնապետյանի և Հրանտ Մարգարյանի կեցվածքը կտրուկ տարբերվում էին միմյանցից։ Թեև ընդդիմադիր, բայց համագործակցության հակված Տասնապետյանին փոխարինած Հրանտ Մարգարյանը հենց սկզբից բավական դրական հարաբերություններ հաստատեց ՀՀՇ-ական Լևոն Տեր-Պետրոսյանին փոխարինած Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխարինած Սերժ Սարգսյանի հետ։ ՀՅԴ-ը համագործակցեց երկուսի հետ էլ, մի քանի անգամ կոալիցիա կազմեց ՀՀԿ հետ։
Գաղտնիք չէ, որ հոկտեմբերի 27-ը, թեև բամբասանքներով, բայց կապվում է նաև ՀՅԴ անվան հետ։ Բամբասանքի մակարդակով տարածված կարծիքներ կան, որ ռուսների հրամանով Հոկտեմբերի 27-ը իրականացրած Ռոբերտ Քոչարյանի հարվածային ուժը ՀՅԴ-ն էր, բայց ոչ մի փաստ չկա այդ ամենի առումով, ուստի դրանք մնում են ոչ արժանահավատ ու խիստ վերապահումների ենթակա։ Այդ բամբասանքները հավանաբար հետևանք էին այն բանի, որ Ռոբերտ Քոչարյանի գալուց անմիջապես հետո ՀՅԴ վրայից հանվեցին բոլոր մեղադրանքները և ՀՅԴ-ը միանգամից դարձավ օրվա իշխանությունների գործընկերը, որը ընդհատումներով շարունակվեց մինչև 2018թ։ Ներկայումս ՀՅԴ-ը ընդդիմադիր դաշինքի մեջ է նույն Ռոբերտ Քոչարյանի ուժերի հետ՝ «Հայաստան» դաշինքում։
Վերադառնալով Տասնապետյան-Մարգարյան հեռակա համադրմանը, հարկ ենք համարում վերհիշել նաև Հրանտ Մարգարյանին վերաբերող մի հետաքրքիր նամակ-հարցաշար՝ գրված «Դրո» գործով ձերբակալված Արսեն Արծրունու հոր՝ Արա Արծրունու կողմից։ Նամակը հասցեագրված էր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Ա․ ամենայն հայոց կաթողիկոսին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին, ՀՅԴ ևՀՀՇ բարձրագույն մարմիններին։ Նամակը գրվել է 1996թ․ մարտի 10-ին՝ Բեյրութից։ Այդ նամակում Արա Արծրունին Հրանտ Մարգարյանին մի շարք հարցեր է ուղղում, որից կարելի է ենթադրել, որ Մարգարյան-Արծրունի հոր և որդու կապը շատ ավելի ուժեղ և սերտ է եղել, քան կարելի է պատկերացնել։ Այդ հարցերից կարելի է ենթադրել, որ Մարգարյանն ու Արծրունին պարզապես կուսակիցներ չեն եղել, այլ աշխատել են իրար հետ, Արսենը կատարել է Հրանտի հրահանգները։ Եվ հետաքրքիր է նաև այն, որ Հրանտ Մարգարյանն 1998թ․ արդեն ազատության մեջ էր, իսկ Արսեն Արծրունին դատապարտվեց ցմահ բանտարկության և վաղաժամ ազատ արձակվեց միայն 2021թ․։
Ի՞նչն էր պատճառը, որ Հրանտ Մարգարյանը ազատվեց բոլոր հոդվածներից, իսկ Արծրունին՝ ոչ։ Եվ հետաքրքիր է, թե իր ժամանակին Հրանտ Մարգարյանի անմեղության վրա կասկածող Հրաչ Տասնապետյանը ի՞նչ կարծիք ուներ խմբի մյուս անդամների մասին ու արդյո՞ք կարող էր գուշակել իրադարձությունների նման ընթացքը։
Տարիներն անցնում են, հարցերը կուտակվում են, շատ բան արդեն մոռացության է մատնվել։ Հստակ է միայն մի բան։ Հրանտ Մարգարյանի գալով ՀՅԴ-ը ասես վերափոխվեց, ընդ որում անճանաչելիորեն։ Այժմ, երբ հետ ես նայում արդեն հեռավոր 90-ականներ, ապա զարմանքով ես հանդիպում մի ուրիշ ՀՅԴ-ի, որի պահվածքն ու կեցվածը գրեթե անծանոթ է այսօրվա ՀՅԴ-ին։
Այս գրառման համար որպես տեղեկատվական աղբյուր են հանդիսացել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրաչ Տասնապետյանի տված հարցազրույցը «Ալիք»-ին, «Ալիքում» հրապարակված Հրանտ Մարգարյանի հոդվածը և Արա Արծրունու վերոհիշյալ նամակը․ խմբ
Շարունակելի….