Նա պատրաստվում է Ուկրաինայում համաձայնության գալ Ռուսաստանի հետ՝ ուկրաինական պատերազմի մասով, կարող է ուզենալ նաև Պուտինի հետ համաձայնության գալ Հարավային Կովկասի վերաբերյալ, այդ ժամանակ մենք բավական ծանր վիճակում կարող ենք հայտնվել։
Հրաչյա Արզումանյան
Պետք է սպասել, թե Թրամփն ինչպես կձևավորի իր քաղաքականությունն աշխարհում, Հարավային Կովկասում, իսկ մինչ այդ պետք է շատ զգույշ լինել. Հրաչյա Արզումանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը
– Պարո՛ն Արզումանյան, Հարավային Կովկասում հատկապես ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել Վրաստանում ու ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններից հետո։
– Այո՛, ընտրություններն ավարտվել են, բայց անցումային շրջան է, Թրամփը դեռ պաշտոնապես չի ստանձնել նախագահի պաշտոնը, իսկ այս շրջանը բավականին վտանգավոր է, որովհետև «խուլիգանները» կարող են տարածաշրջաններում ակտիվանալ՝ Ռուսաստանն Ուկրաինայում կարող է ակտիվանալ, մեր տարածաշրջանում կարող է ակտիվություն սկսվել, որովհետև Բայդենն արդեն չի հասցնում, Թրամփը դեռ չի եկել։ Պետք է սպասել, թե Թրամփն ինչպես կձևավորի իր քաղաքականությունն աշխարհում, Հարավային Կովկասում, իսկ մինչ այդ պետք է շատ զգույշ լինել, հիմնականում նոյեմբեր ամսին։
– Մինչև COP29-ը Ադրբեջանը կգնա՞ արկածախնդրության։
– Չեմ կարծում, բայց դրանից հետո պետք է զգույշ լինել, որովհետև կարող են ԱՄՆ-ին մասնակի կաթվածահար անել աշխարհում ու տարածաշրջանում։ Այստեղ հիմնական զսպող ուժը, որը չէր թողնում Ռուսաստանին և Թուրքիային ակտիվ գործողությունների անցնել, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն էին։ Հիմա վերջիններս այս անցումային շրջանում զբաղված են լինելու, իսկ այդ ընթացքում հնարավոր է, որ Հարավային Կովկասում նրանց ազդեցությունն ու ուշադրությունը թուլանան, ինչը նշանակում է, որ հայկական կողմը պետք է զգոն լինի ու վտանգավոր զարգացումներ տեսնելու դեպքում պատրաստ լինի «աղմուկ» բարձրացնելու:
– Այդ վտանգավոր զարգացումները լինելու են ռազմական գործողությունների՞ տեսքով։
– Հնարավոր չէ կանխատեսել, կարող են լինել նաև այդ տեսքով, պատերազմը չի ավարտվել, մենք ունենք ԵՄ քաղաքացիական դիտորդներ և այլն, բայց նորից եմ կրկնում՝ ԱՄՆ-ում փոփոխություններ են, որոնք դուր չեն գա ԵՄ-ին, ԵՄ-ն պատրաստվում է իր ներքին խնդիրներին, ու Հարավային Կովկասը նրանց համար հիմնական ուղղություն չէ, ու կարող է Հարավային Կովկասի համար ժամանակ չլինել արդեն։
Մենք պետք է կարողանանք ճիշտ աշխատել նաև սփյուռքի միջոցով, բայց հիմնական խնդիրը Հայաստանի իշխանությունն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը թույլ է որպես առաջնորդ։ Ընտրություններից հետո ոչ թե հանգստություն եկավ, այլ այդ լարվածությունը շարունակվում է, ու մինչև Թրամփը չստանձնի պարտականությունները, այդ լարվածությունը հաստատ մնալու է։
– Ձեր գնահատմամբ՝ Հարավային Կովկասը Թրամփի համար կարևոր տարածաշրջա՞ն է լինելու, թե՞ ոչ։
– Հարավային Կովկասը՝ Հայաստանը, ցավոք սրտի, մնում է ռուս-թուրքական ազդեցության գոտի, Նիկոլ Փաշինյանը չուզեց այդ խնդիրը լուծել այն հանգիստ ժամանակներում, իսկ Թրամփի համար դա Պուտինի տարածքն է:
Մենք տեսնում ենք, որ նա պատրաստվում է Ուկրաինայում համաձայնության գալ Ռուսաստանի հետ՝ ուկրաինական պատերազմի մասով, կարող է ուզենալ նաև Պուտինի հետ համաձայնության գալ Հարավային Կովկասի վերաբերյալ, այդ ժամանակ մենք բավական ծանր վիճակում կարող ենք հայտնվել։ Հայկական դիվանագիտության մեջ պետք է լուրջ շրջադարձեր տեղի ունենան, բայց չեմ կարծում, թե Փաշինյանի թիմում կան մարդիկ, որ պատրաստ են դա անելու։
– Եթե ենթադրենք, որ մեր տարածաշրջանի մասով էլ Պուտինն ու Թրամփը պայմանավորվածության են գալիս, ապա ի՞նչ ռիսկեր են առաջանալու Հայաստանի համար։
– Դա խնդրի մի կողմն է, իսկ մյուսն այն է, որ անկանխատեսելի է, թե Թրամփն ինչպիսի քաղաքականություն կձևավորի Ուկրաինայի, Հայաստանի նկատմամբ: Հենց այդ ժամանակ է, որ դիվանագիտությունը պետք է զգա, թե ինչ է կատարվում ու շատ նրբորեն աշխատի, իսկ հայկական քաղաքականությունն ու դիվանագիտությունը միշտ եղել են սպասողական, Նիկոլ Փաշինյանը միշտ պատասխանում է քայլերին, իսկ հիմա մոտենում են ժամանակներ, որ դու պետք է քո քայլերն անես բոլոր դեպքերում, այլ ոչ թե սպասես։ Իսկ Նիկոլ Փաշինյանի թիմը դրան ունակ չէ։
Շատ դժվար ժամանակներ են լինելու, որովհետև Թրամփն անկանխատեսելի է մնալու, հիմա չպետք է փորձել ենթադրությունների մեջ մտնել, ուղղակի պետք է ընդունել, որ ապագան դարձել է անկանխատեսելի։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի ու հայ ժողովրդի համար խիստ կարևոր է դառնում՝ ինչպե՛ս փոխել Նիկոլ Փաշինյանին հարցը, որովհետև կյանքը ցույց տվեց, որ նա պատրաստ չէ ճիշտ ու արդյունավետ լուծումներ տալու: Նրան փոխելը մեզ համար առաջնային է դառնում, որովհետև նա անընդունելի էր պատերազմի ժամանակ, հետպատերազմական ժամանակաշրջանում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am