Մաս 3-րդ
Արցախը մենք դարեր առաջ չենք կորցնել, որ ցավի վաղեմության ժամկետ հաշվենք։ Արցախը ընդամենը մեկ տարի առաջ է հայաթափվել։ Արցախցիները ոչ մի տեղ չեն անհետացել, չեն վերացել, նրանց մեծ մասը շարունակում է ապրել մայր հայրենիքում, մի մասը՝ արտագաղթել է։ Բայց նրանք կան և նրանց հետ մեկտեղ կան նրանց իրավունքները։ Անկախ նրանից, թե միջազգային իրավունքները մեր պատմական հայրենիքի որ հատվածը որ կանոնով են ընդունում որպես Ադրբեջանի մաս, արցախցու՝ մարդու իրավունքը մնում է անբեկանելի։
Մեր Ուղին
Բայց խոսելով Սփյուռքի ինքնության կայացման, ավելի կոնկրետ այն գործիքների մասին, որոնց լուծումն իսկ նպաստում է Սփյուռքի ավելի կայացմանն ու ամրացմանը, հարկավոր է խոսել նաև շատ կարևոր մի երևույթի ՝ Սփյուռքի հայեցակարգային ռազմավարության մասին, որ շատ հաճախ կուլ է գնում մանր-մունր ինտրիգներին։
Հայկական Սփյուռքը, անկախ նրանից, դա հաճելի միտք է, թե ոչ ունի չորս հիմնական մեծ խնդիր, որոնց լուծումն այնքանով է հրատապ, որքանով, որ՝ կենսական։ Այդ չորս խնդիրների լուծումը ոչ միայն հենց իր՝ Սփյուռքի ամրացմանն ու հզորացմանն է նպաստելու, այլև պատասխանելու է մի հարցի, թե արդյո՞ք հայկական Սփյուռքը ինչ որ լուրջ հարց լուծելու ընդունակ է։ Անցյալը թողնենք, թե ինչ է արվել անցյալում, արդեն կարևոր չէ, որովհետև մենք այսօր ունենք լիովին գլխիվայր շուռ եկած մի իրավիճակ և այդ նոր իրողությունը եկել է առանց մեր կարծիքն ու տեսակետները հաշվի առնելու։
Եվ այսպես, ահա այն չոր մեծ խնդիրները, որ կարող են դառնալ Սփյուռքի հիմնական ռազմավարության հենասյուները՝
Համայնքների վերակազմակերպում և միջհամայնքային կապ
Հայ Դատ, որում արդեն, ցավոք սրտի ավելացել է նաև Արցախը
Հայաստան-Սփյուռք Սփյուռքի ամեն համայնքի տեսակարար կշռի ավելացում։
Համայնքների վերակազմակերպման և միջհամայնքային կապի մասին շատ է խոսվել թե՛ նախորդ, թե՛ առանձին հոդվածներում, այնպես, որ շատ կանգ չենք առնի այդտեղ, միայն հարկ ենք համարում նշել, որ առանց վերակազմակերպման ու տարբեր համայնքների միջև կանոնավոր կապի հաստատման՝ հայկական Սփյուռքը դոմինոյի էֆեկտով փլվելու է։ Մեկ հայկական համայնքի թուլացումը նշանակում է հայկական ազդեցության թուլացում աշխարհի որևէ կետում, նշանակում է հայկական ներկայացության թուլացում և վերջապես՝ բաց դաշտ, որը հեշտորեն կարող են զբաղեցնել հայության թշնամիները։ Մենք արդեն իսկ ունենք ամենաթարմ Սիրիայի և Լիբանանի հայկական համայնքների խիստ թուլացումը, որ աննկարագրելի մեծ վնաս է համահայկական ուժի զորության համար, բայց դեռևս չենք գիտակցում դրա լրջությունը։ Առանց Սիրիայի ու Լիբանանի, հայության ուժն աշխարհում դառնում է ավելի պակաս, ավելի թույլ։ Մենք ոչ միայն կորցնում ենք հենց տեղում ինքնակազմակերպվող հայկական ևս մեկ շատ կարևոր «հենակետ», այլև զրկվում ենք այն քաղաքական հնարավորությունից, որը մեզ տալիս է տվյալ երկրի ուժեղ և հարուստ հայկական համայքը։ Ի վերջո, մեր թշնամիները կարող են մեզ փոխարինել մեր «հենակետերում» և իրենց օգտին շրջել տվյալ տարածաշրջանի քաղաքական ու տնտեսական վերբերմունքը։ Ոչ այնքան հեռու ապագայում հայկական Սփյուռքն ավելի թույլ ու մասնատված կլինի և աստիճանաբար կշրջափակվի մեր թշնամիների ֆինասնական, տնտեսական, քաղաքական և մարդկային ռեսուրսներով, որն ի վերջո կխեղդի տվյալ համայքնին։ Դա կիրականացվի դանդաղ ու ոչ տեսանելի, բայց տեղի կունենա, եթե մենք՝ որպես մեկ ժողովուրդ չկարողանանք գիտակցել ամեն համայնքի կարևորությունը, թույլ չտանք որ որևէ համայնք ապրի թշվառության և կարոտության մեջ, որպեսզի նաև հեշտ թիրախ չդառնա ուրիշների համար։
Հայ Դատ։
Վերջին տարիներին՝ հատկապես 2020թ․ պարտությունից և 2023թ․ Արցախի ամբողջական օկուպացումից և արցախցիների բռնի տեղահանությունից հետո լրիվ հասկանալի ընդարմության և հուսահատության ալիք է բարձրացել համաշխարհային հայկական գիտակցության մոտ։ Շատերը այլևս պատրաստ չեն պայքարել Հայ Դատի ու նրա արդար հատուցման համար, ընդ որում այլևս չհավատալով Արցախի պարագայում որևէ փոփոխության հասնելու հնարավորությանը։ Բայց արդեն սթափվելու ժամանակն է։ Արցախը կարող ենք կորցնել միայն մի պարագայում՝ եթե ինքներս ձեռք քաշենք դրանից, ինչպես նաև կարող ենք վերջնականապես կորցնել Արևմտյան Հայաստանի հետ կապված որևէ հույս, եթե չենք կարող մեր մեջ ուժ գտնել Արցախի համար պայքարելու։ Ընդ որումայս պայքարը քարտեզային հայրենասիրության մասին չէ և ոչ էլ զինված ապստամբության(մոտակա տարիների համար)։ Նախ և առաջ գաղափարական պայքար, և ապա՝ գործնական։
Այն ինչ վերաբերում է Արցախին, պետք է իրականացվի առաջին հերթին արցախցիների իրավունքների պաշտպանության մոտեցումով։ Արցախը մենք դարեր առաջ չենք կորցնել, որ ցավի վաղեմության ժամկետ հաշվենք։ Արցախը ընդամենը մեկ տարի առաջ է հայաթափվել։ Արցախցիները ոչ մի տեղ չեն անհետացել, չեն վերացել, նրանց մեծ մասը շարունակում է ապրել մայր հայրենիքում, մի մասը՝ արտագաղթել է։ Բայց նրանք կան և նրանց հետ մեկտեղ կան նրանց իրավունքները։ Անկախ նրանից, թե միջազգային իրավունքները մեր պատմական հայրենիքի որ հատվածը որ կանոնով են ընդունում որպես Ադրբեջանի մաս, արցախցու՝ մարդու իրավունքը մնում է անբեկանելի։ Սփյուռքը հնարավորություն ունի հենց այս պահից սկսած իր գործքը դարձնել արցախցու ոտնահարված իրավունքը և ողջ աշխարհի ականջը ցավի մատնելու՝ անընդմեջ շեփորահարելով այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ 2020-2023թթ։ Արցախը այսօր Հայ Դատի մի մասն է արդեն, ցանկանում ենք մենք դա, թե ոչ։ Արցախը չպիտի և չի կարող դասակարգվել որեպես «կորուսյալ հայրենիք» և մեր վերաբերմունքը չի կարող սահմանափակվել ներիշխանական պարզագույն կռիվներով։ Մենք այսօր արցախցու իրավունքի պաշտպանության համար պիտի անենք առավելագույնը; Աշխարհին պիտի հասկացնենք, որ Ադրբեջանը, եթե նույնիսկ վերադարձրել է իր սուվերեն տարածքը, ապա դա արել է այնպիսի անմարդկային ծանր գնով, որ ենթակա է անվերապահ պատժի։ Սփյուռքի, հատկապես արևմտյան երկրների բնակիչները շատ լավ են հասկանում դեմոկրատական կարգերի առավելությունները, այպես, որ նրանք առաջնահերթ կարող են արցախցիների իրավունքները դարձնել այն կարգախոսներից մեկը, որով համաշխարհային հումանիզմը պետք է առաջ շարժվի։ Արցախը Հայ Դատի մի մասն է և Հայ Դատը նաև Արցախն է։
Ամեն համայնքի տեսակարար կշռի ավելացում։
Այս առումով ևսամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի։ Ուժեղ համայնքներ՝ ուժեղ Սփյուռք, թույլ համայնքներ՝ թույլ Սփյուռք։ Մնացյալ ամեն ինչը զուտ մեկնաբանություն է։
Համախմբում Հայաստանի Հանրապետության շուրջ
ԱյսօրՍփյուռքի որոշ համայնքներում երբեմն նկատվում են տրամադրություններ, որոնք իրենց սկզբունքով դեմ են ՀՀ այսօրվա իշխանություններյն։ Իհարկե ամեն հայ իր խոսքի արտահայտման իրավունքն ունի, բայց այդ իրավունքը չպետք է վերածվի հակապետական գործունեության։ ՀՀ բոլոր առաջնորդների հանդեպ մշտապես եղել է և կա արդարացի դժգոհություններ և դրանք պետք է արտահայտվեն հնարավոր բոլոր թույլատրելի ձևերով, բայց ոչ երբեք ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Սփյուռքը կուսակցություն չէ, այն հայ ժողովրդի մի հատվածն է, որը չի կարող դեմ դուրս գալ իր մեկ այլ հատվածի։ Սփյուռքը ավելի ուժեղ և կարևոր է, քան «փաշինյանական» կամ «քոչարյանական» պահվածքը։ Օտարի աչքերի առաջ ՀՀ դեսպանի վրա կարմիր ներկ լցնելը հենց նույն ՀՀ դրոշի վրա կարմիր ներկ լցնելն է։ Որովհետև պայմանական դեսպանը չի եկել իր կուսակցությունը կամ Փաշինյանին ներկայացնելու, նա Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչն է։ Ընդ որում սա նոր բան չէ։ Ժամանակին, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Սփյուռքում դիմավորում էին սուլոցներով կամ հայհոյանքներով և Զարուհի Փոստանջյանը հարցնում էր, թե որտեղ ինչքան է խաղում ու պարտվում, ՀՀԿ բազմաթիվ ներակայցուցիչներ մեղադրում էին տիկին Փոստանջյանին, որ այդ հարցերը պետք չէ նման խայտառակ կերպով ներկայացվեն՝ օտարների աչքի առաջ։ Պատահական բելգիացին չգիտե, թե Ս․ Սարգսյանն ինչքան է խաղում, կամ խաղում է, թե ոչ, նա տեսնում է, որ հայերը անպատվում են ՀՀ ներկայացուցչին՝ դեսպան, նախարար կամ նախագահ։ Դա է այն, ինչ տեսնում են և դա հենց այն է, ինչը ճպիտի տեսնեն, որովհետև հայության ներքին հարցը պիտի մնա հայության նեքրին հարցը։ Դա պարզապես ամոթի կամ էթիկայի հարց չէ։ Այն ուժերը, որոնք տեսնում են ՀՀ դեսպանների դեմ դուրս եկած հայերի, կարող են հեշտությամբ նրանց դարձնել հակապետական գործիք՝ խոստանալով, որ մի օր կվերացնեն ՀՀ իշխանավորին կամ իշխանությանը։ Սփյուռքը չպիտի թողնի, որ իր հուզմունքը զենք դառնա օտարի ձեռքում։
Սփյուռքի ամենաբարձր կետը Հայաստանն է։ Ոչինչ ավելի բարձր չկա քան Հայաստանը՝ ոչ կուսակցությունը, ոչ կարգախոսները, ոչ էլ անգամ ատելությունը որևէ մեկի հանդեպ։ Հայաստանն այդ ամենից բարձր է։
Սրանք այն չորս կետերն են, որ Սփյուռքի համար կարող են վերաթարմացման հիմք դառնալ, եթե իհարկե դեռ կա Հայաստանն ու հայոց պատմությունը պաշտպանելու կամք ու ցանկություն։ Մնացած ամեն ինչը պարզապես «Հրաժարիմք»-ի արդարացում է։