Նման հրապարակային կասկածը վկայում է, որ Նաթանյահուի եւ Ալիեւի միջեւ առնվազն թյուրըմբռնում կա, որ նախագահ Հերցոգի այցի ընթացքում հնարավոր չէր լիարժեք պարզաբանել: Հակառակ դեպքում Իսրայելի նախագահը կմեկներ Բաքու եւ, ինչպես անոնսավորված էր, կանցկացներ իր քաղաքական հանդիպումները:
Վահրամ Աթանեսյան
Իսրայելի նախագահ Հերցոգը չեղյալ է հայտարարել Բաքու այցը, որ նախատեսված էր նոյեմբերի 19-ին: Աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ, կառավարության ղեկավարներ նույնպես Բաքու չեն մեկնել, բայց գտնվել է դիվանագիտորեն պատշաճ ձեւակերպված պատճառաբանություն: Բրազիլիայի նախագահն, օրինակ, այցը չեղարկել է, որովհետեւ բժիշկները խորհուրդ են տվել հրաժարվել երկարատեւ թռիչքից, Լեհաստանի վարչապետին խանգարել է հետվիրահատական վիճակը, Իսպանիայում ջրհեղեղ է եղել, կառավարության ղեկավարը չէր կարող այդ իրավիճակում բացակայել…
Իսրայելի նախագահի այցը հետաձգելու պաշտոնական բացատրությունը ցնցող է. նա այդ որոշումն ընդունել է ուժային կառույցների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Այդպես են իրավիճակը ներկայացնում իսրայելական լրատվամիջոցները, որ մինչ այդ տեղեկություն էին տարածել, որ բարձրաստիճան պատվիրակությանը Բաքվում մշտապես կուղեկցեն Իսրայելի անվտանգության ծառայության տասնյակ աշխատակիցներ:
Հիմնավորումն այն էր, որ Ադրբեջանն Իրանին սահմանակից է: Ըստ երեւույթին, Ադրբեջանը փորձել է հավաստիացնել, որ Իսրայելի նախագահի եւ երկու նախարարի, նրանց ուղեկցող անձանց անվտանգությունը կապահովի սեփական միջոցներով, ինչին իսրայելական կողմը չի համաձայնել, եւ նախագահ Հերցոգը կայացրել է Բաքու այցը չեղարկելու որոշում:
Իսրայելը խորհրդարանական կառավարման պետություն է, նման որոշումներ ընդունում է գործադիր իշխանության ղեկավարը, որին անմիջապես ենթարկվում են ուժային բոլոր կառույցները եւ հատուկ ծառայությունները: Փաստացի նախագահ Հերցոգի Բաքու այցը չեղարկվել է վարչապետ Նաթանյահուի որոշմամբ եւ հիմնավորումն էլ հրապարակայնացվել է նրա իմացությամբ:
Դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի քաղաքական ռենոմեին(հեղինակություն․ խմբ) շատ ծանր հարված է: Իսրայելն Ադրբեջանը համարում է հրեաների համար ոչ անվտանգ երկիր, ակնարկում, որ Բաքվում իրանական հատուկ ծառայությունները մեծ եւ ազդեցիկ ներկայություն ունեն: Այնքան, որ կարող են Իսրայելի նախագահի, կառավարության անդամների դեմ մահափորձ կազմակերպել եւ իրականացնել:
Նման հրապարակային կասկածը վկայում է, որ Նաթանյահուի եւ Ալիեւի միջեւ առնվազն թյուրըմբռնում կա, որ նախագահ Հերցոգի այցի ընթացքում հնարավոր չէր լիարժեք պարզաբանել: Հակառակ դեպքում Իսրայելի նախագահը կմեկներ Բաքու եւ, ինչպես անոնսավորված էր, կանցկացներ իր քաղաքական հանդիպումները:
Ի՞նչ թյուրըմբռնում կամ տարաձայնություն է ծագել Նաթանյահուի եւ Ալիեւի միջեւ: Արդյոք Թուրքիայի նախագահ Էրդողանին հաջողվել է Ալիեւին համոզել, որ սառեցնի կամ նվազագույնի հասցնի Իսրայելի հետ հարաբերությունները: Գուցե դեր է խաղացել իսրայելական հատուկ ծառայությունների կողմից Իրանի օգտին լրտեսության մեջ կասկածվողների ձերբակալությունը, որ կապված են Ադրբեջանի հետ:
Ենթադրությունների տեղ կա, բայց պետք է ընդունել, որ Ադրբեջանում Իսրայելի նախագահի եւ կառավարության անդամների անվտանգության երաշխիքների հանդեպ Նաթանյահուի կասկածամտության բացահայտումը Բաքվի խորհրդաժողովի հեղինակազրկման հստակ ենթատեքստ ունի: Նման ռադիկալ քայլի գնալու համար Իսրայելի վարչապետը պետք է շատ ավելի լուրջ հիմքեր ունենա: